Ո՞րն է իսկական Նեստորի թասը, և որտե՞ղ է այն գտնվում. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է
Նեստորի թասը ոսկե գավաթ է, որը Հոմերոսի «Իլիական» պոեմում նկարագրված է որպես Պիլոսի թագավոր Նեստորին պատկանող։ Հնագիտության մեջ «Նեստորի գավաթ» կամ «Նեստորի թաս» տերմինը օգտագործվում է երկու գտածոների համար՝ ոսկյա գավաթը Միկենից, որը Հենրիխ Շլիմանը նույնականացրել է Իլիադայում նշվածի հետ, և կավե գավաթը, որը գտնվել է Իտալիայի Իսկիա քաղաքում, և որը հայտնի է դարձել իր վրայի մակագրությամբ։ Այս կերպ է Հոմերոսը Իլիադայում նկարագրում այն ոսկե գավաթը, որը պատկանել է Նեստորին՝ Պիլոսի թագավորին.
«Նա դրեց մի գեղեցիկ բաժակ, որը Նելիդը վերցրեց տնից,
Ծածկված ոսկեգույն նախշերով, դրա վրա կան բռնակներ
Չորս բարձր կային, յուրաքանչյուրի վրա երկու աղավնի
Կարծես թե կտցում են, և այն ներսից երկու հատակով էր:
Այս ծանր գավաթը ուրիշի կողմից հեշտությամբ չէր բարձրացվի,
Գինիով լցված, բայց Փիլոս ծերունին հեշտությամբ էր բարձրացնում այն»։
Նեստորի թասը հայտնաբերվել է Հայնրիխ Շլիմանի կողմից 1876 թվականին Միկենայի ստորգետնյա դամբարաններից մեկում, որից հետո նա հայտարարել է, որ դա հենց այն անոթն է, որը Հոմերոսը նկարագրել է Իլիադայում։ Այդ պնդումը, սակայն, հնագետների մեծամասնության կողմից չի ընդունվել և մինչ օրս չի ընդունվում, քանի որ նախ՝ միկենյան դամբարանը, որտեղից այն հանվել է, թվագրվում է մոտ մ.թ.ա. 1600- 1500 թվականով, այսինքն՝ Տրոյական պատերազմի ենթադրյալ ամսաթվից երեք դար առաջ, և երկրորդ հերթին՝ արտաքուստ այդ գավաթը տարբերվում է Հոմերոսի նկարագրածից. այն ավելի փոքր է չափերով, ունի ոչ թե չորս, այլ ընդամենը երկու բռնակ, և այդ բռնակները զարդարված են ոչ թե աղավնիների, այլ բազեների արձանիկներով: Այդ թասը ներկայում ցուցադրված է Հունաստանի Աթենք քաղաքի Ազգային հնագիտական թանգարանում:
Իսկիայում (այս կղզում հին հունական գաղթօջախների պատմության մեջ առաջին գաղութներից մեկն էր) գտնված թասը կավե անոթ է (կոտիլա), որի արտադրությունը թվագրվում է մոտ մ.թ.ա. 750-700 թվականներով: Ենթադրվում է, որ այդ թասը պատրաստվել է Հռոդոս կղզում: Ներկայում այն պահվում է Իշիա կղզու Լակկո Ամենո գյուղի Villa Arbusto թանգարանում։ Իսկիայի թասի կողքերից մեկում առկա է գրություն, որը հին հունական այբուբենով գրված ամենահին արձանագրություններից մեկն է: Այդ գրառումը սովորաբար վերծանվում է այսպես.
«Ես Նեստորի բաժակն եմ, ինձնից խմելը հաճելի է,
Նա, ով խմում է այս բաժակից, նա անմիջապես
Ցանկանում է պսակադրվել՝ դառնալով գեղեցկուհի Աֆրոդիտեի գերին»։
Ավանդաբար, այդ արձանագրությունը համարվում է հումոր, որպեսզի ցույց տա Հոմերոսի պոեմից Նեստորի ոսկե գավաթի և կավե պարզ գավաթի հակադրությունը, թեև գիտնականների շրջանում կան բազմաթիվ վարկածներ մակագրության իրական իմաստի վերաբերյալ, այդ թվում՝ այն, որ այն կարող է ներկայացնել ալկոհոլային խաղերի ամենահին հայտնի օրինակը, երբ խաղացողները պետք է հերթով գրեին բանաստեղծության տողեր անոթի վրա: Միաժամանակ որոշ գիտնականներ հերքում են այս գավաթի կապը Հոմերոսի պոեմի հետ՝ պնդելով, որ Նեստորի գավաթի պատկերը հին հունական բանավոր ավանդույթում գոյություն է ունեցել դրանից անկախ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում