Կլավեսին՝ «արիստոկրատական» երաժշտական գործիք. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կլավեսինը ստեղնաշարային երաժշտական գործիքների բարձրակարգ ներկայացուցիչներից է, որի հանրաճանաչության գագաթնակետը եղել է 16-17 դարերի ժամանակաշրջանը, երբ կլավեսին է նվագել այդ ժամանակաշրջանի հայտնի կոմպոզիտորների մեծ մասը: Երկար ժամանակ կլավեսինը համարվել է արիստոկրատների գործիք, քանի որ այն պատրաստվել է միայն արժեքավոր փայտի տեսակներից, իսկ ստեղնաշարերի համար օգտագործվել են կրիայի պատյան, խեցիներ կամ կիսաթանկարժեք քարեր: Կլավեսինը «ձգված» եռանկյունի տեսք ունի: Հորիզոնական տեղադրված ստեղները զուգահեռ են ստեղնաշարի մեխանիզմին: Յուրաքանչյուր ստեղն ունի հարվածային մղիչ:
Կլավեսինի ձայնը և տեմբրը փոփոխելու համար օգտագործվում են անջատիչներ: 18-րդ դարում գործիքն ունեցել է 2 ստեղնաշար, մինչ այդ եղել է մեկը: Կլավեսին նվագողին անվանում են կլավեսինիստ, ընդ որում, նման երաժիշտը հեշտությամբ կարող է նվագել նաև երգեհոն և կլավորդ: Կլավիսինի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1397 թվականով: Վաղ Վերածննդի դարաշրջանում այն նկարագրել է Ջովանի Բոկաչիոն իր հանրահայտ «Դեկամերոն» վեպում: Հատկանշական է, որ կլավեսինի պահպանված ամենահին նկարը թվագրվում է 1425 թվականով: Այն պատկերել են գերմանական Մինդեն քաղաքի զոհասեղանի վրա: Նշենք, որ մինչև մեր օրերն են հասել 16-րդ դարի կլավեսիններ, որոնք հիմնականում պատրաստվել են իտալական Վենետիկ քաղաքում: Հյուսիսային Եվրոպայում 1579 թվականից կլավեսինների արտադրությունը իրենց ձեռքն են վերցրել ֆլամանդացի արհեստավորները Ռյուկերների ընտանիքից:
Այդ պահից սկսած գործիքի ձևավորումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, մարմինը ծանրացել է, իսկ լարերը երկարել են, ինչը հնարավորություն է տվել խոր տեմբրային ձայն ստանալ: Կլավեսինների կատարելագործման գործում նշանակալի դեր է ունեցել նաև ֆրանսիական Բլանշետ տոհմը, որը հետագայում վերանվանվել է Տասկինի: 18-րդ դարի անգլիական վարպետներից առանձնանում են Շուդի և Կիրկման ընտանիքները: Նրանց կլավեսինները կաղնեփայտե իրան են ունեցել և առանձնացել են հարուստ ձայնային գամմայով: 18-րդ դարի վերջին կլավեսինները փաստացի ամբողջովին փոխարինվել են դաշնամուրներով: Կլավեսինի վերջին մոդելը թողարկվել է Կիրկման ընկերության կողմից 1809 թվականին, որից հետո այդ գործիքների արտադրությունը դադարել է:
Միայն 1896 թվականին է անգլիացի արհեստավոր Առնոլդ Դոլմեխը վերականգնել կլավեսինների արտադրությունը: Ավելի ուշ այդ նախաձեռնությունը ստանձնել են ֆրանսիացի արտադրողներ Պլեյելն ու Էրան, որոնք սկսել են թողարկել կլավեսիններ՝ հաշվի առնելով այն ժամանակվա առաջադեմ տեխնոլոգիաները: Այս դեպքում արդեն գործիքը ունեցել է պողպատե շրջանակ, որը ունակ է եղել պահել լարերի խիտ լարվածությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում