Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն Մարուքյան
իր տելեգրամյան էջում գրում է․
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը
– Պարո՛ն Մարուքյան, համացանցում հայտնվել է դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ, որում Արցախի բարբառով սպառնում են Նիկոլ Փաշինյանին: Իշխանության ներկայացուցիչներն արդեն արձագանքել են այդ տեսանյութին, Փաշինյանը ուղիղ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին՝ խոստանալով պատժել նրանց: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցողին:
– Ինձ դա հիշեցրեց մի ռեպորտաժ, որտեղ վերջին ութ տարվա ընթացքում չորս-հինգ ահաբեկչական ակտի մասին բացահայտում է եղել, դրանցից ոչ մեկով դատավճիռ չկա, ովքեր բռնված էին, բոլորն ազատված են: Վերջին ահաբեկչական ակտը, կեղծիք, որ սարքել էին, Բագրատ Սրբազանի գործն էր, ու միայն ինքն է հիմա կալանքի տակ: Այսինքն՝ ահաբեկչական ակտի բոլոր գործերով մարդիկ ազատության մեջ են: Այս մյուսը, ես կարծում եմ, քարոզչական հնարք է, չեմ հավատում, որ ինչ-որ ահաբեկչական խումբ կա, որ ուզում է ինչ-որ բան անել, ես դա վիճարկում եմ:
Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը ընտրարշավի 11-րդ օրն արձանագրել է, որ ինքը չի կարողանում հաղթել ընտրություններում: Այս պարագայում նա պետք է սրի իրավիճակը, բաժանի սևերի ու սպիտակների, արցախցիների-հայաստանցիների, օլիգարխների-աղքատների, պատերազմի-խաղաղության: Այս բաժանումներով, նարատիվներով փորձելու է որոշակի ձայն կոնսոլիդացնել, բայց չի ստացվելու, չի լինելու, նա արդեն պարտված է: Եթե մարդիկ գնան տեղամաս, քվեարկեն, արդար ընտրություններով ինքն ընտրվելու շանս չունի, հետո ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել, այս պահին իրավիճակը սա է, նա արդար ընտրություններով վերընտրվելու շանս չունի:
– Տեսանյութում ռուսերենից թարգմանությունը, ֆրանսերեն լուսագրերը, Արցախի բարբառը պատահականություննե՞ր են:
– Չեմ կարող ասել, չեմ էլ խորացել, թե դա ինչ էր, որովհետև լուրջ չեմ ընդունել, բայց ատելություն է սերմանվում արցախահայության նկատմամբ, դա անթույլատրելի է: Ընտրությունները հունիսի 8-ին ավարտվելու են, բայց այն, ինչ արվում է, դեռ երկար նստվածք է տալու:
– Փաշինյանի խոսույթը հատկապես վերջին օրերի քարոզարշավի ընթացքում՝ մարդկանց բռնելու, թալանը վերադարձնելու և այլն, ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ կրկին որոշեց անդրադառնալ նախկիններին պատժելու թեմային:
– Սովորական թատրոն է, նույն բանը ես տեսել եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ում սպառնում էր, հետո բոլորով պառլամենտում իրար հետ աշխատում էին, տենդերներ էին անում, իրար հետ գործուղումներ էին գնում, ոչ մի խնդիր չունեն իրար հետ, հասարակ ժողովուրդն է տուժում այս ամեն ինչից:
Իսկ քաղաքացիների հետ նրա պահվածքը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում Փաշինյանի գործերը շատ վատ են, ինչքան ինքը մայրաքաղաքում քարոզարշավ անի, նման խնդիրներ է ունենալու, այստեղ նրա քարոզարշավը տոտալ տապալված է: Երևանում կարող է մի 20 տոկոս ձայն ունի, բայց դա բավարար չէ վերընտրվելու համար, ինքը հասկացել է, որ մեծ խնդիր ունի: Երևանի բնակչությունը եթե գնա ընտրության, նա վերընտրվելու բացարձակ ձև չունի: Հիմա մենք շեշտադրումը փոխում ենք, շեշտադրումը կատարում ենք ընտրություններին մասնակցելու վրա՝ «Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա», սա է մեր նոր կարգախոսը, այս ճանապարհով օրվա իշխանությունը ջախջախվելու է: Մասնակցությունը եթե շատ եղավ, նա չի ընտրվելու:
– Իսկ ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ գնան ընտրատեղամաս, պարո՛ն Մարուքյան:
– Մեր քարոզարշավով, շեշտադրումներով ամեն կերպ փորձում ենք համոզել, չենք էլ ասում՝ արի մեզ ընտրի, զուտ ասում ենք՝ արի ընտրության: Ինչքան շատ մարդ գա ընտրատեղամաս, այնքան իշխանության ունեցած քվեների տոկոսը նվազելու է: Ձայների փոշիացման, դրսից աջակցություն ունենալու մասին խոսակցությունները արվում են, որ մարդկանց դեմոտիվացնեն, ամեն ինչ անում են, որ մարդկանց համոզեն, թե Փաշինյանը ընտրված է, չգնան ընտրության: Նման բան չկա, եթե մարդիկ գնան ընտրության, նա ուղղակի չի ընտրվելու: