Ֆրանսիայում կայացած ահաբեկչությունը մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում, որով դատապարտվում է ահաբեկչությունը։ Անկասկած ծայրահեղականությունը՝ իր բոլոր դրսևորումներով, դատապարտելի երևույթ է, բայց շատ կարևոր է իմանալ նաև ծայրահեղական քայլեր առաջացնող երևույթների պատճառները, որպեսզի դրանք կանխվեն։
Ծայրահեղականությունը մարդկանց՝ քաղաքական և հասարակական կյանքում ունեցած հակվածությունն է դեպի ծայրահեղ քայլեր և գործողություններ։ Այս երևույթի առաջացման պատճառները բազմազան են, բայց հիմնականում անձի մոտ հակվածություն դեպի ծայրահեղականություն առաջանում է այն ժամանակ, երբ նրան հոգեկան տրավմա է հասցվում՝ ծաղրելով նրա էթնիկ, կրոնական կամ ռասայական պատկանելությունը, սոցիալական ծագումը և այլն։
Այդպիսով՝ առաջանում է հասարակական հակամարտություն անհատների, սոցիալական խմբերի, դասակարգերի միջև։ Կրոնական ծայրահեղականությանը հատկապես նպաստում է ծաղրը իսլամի և նրա մարգարե Մուհամեդի նկատմամբ։ Ծաղրելով Մուհամեդ մարգարեին՝ դիպչում են մուսուլմանների ամենանվիրական զգացմունքներին։ Իսլամը մուսուլմանների համար ավելին է, քան կրոնը․ հանուն իսլամի են կատարվում ահաբեկչություններ, սպանություններ։ Մուսուլմանների մոտ կրոնական ինքնագիտակցության մակարդակը շատ ավելի բարձր է, քան ազգային ինքնագիտակցության մակարդակը։
Եվրոպացիները, դասեր քաղելով իրենց պատմությունից, փորձում են ազգային և ռասայական հողի վրա իրականացվող ծայրահեղական գործողությունները կանխել, բայց զարմանալի է, որ կրոնական հողի վրա կատարվող ծայրահեղական դրսևորումներն ու հայտարարություններն օրենքի ուժով չեն պատժվում Եվրոպայում՝ համարվելով ազատ խոսքի դրսևորում։
Մասնավորապես՝ ծայրահեղ ազգայնամոլություն, ֆաշիզմ և դրա հետևանքով երկու համաշխարհային պատերազմ տեսած Եվրոպայում այլատյացության ցանկացած դրսևորման համար, նույնիսկ ոչ խոսքի կամ գրավոր տեսքով, այլ, ասենք, ժեստերի տեսքով (օրինակ՝ նացիստական ժեստի պատճառով), խստորեն պատժում են օրենքով, իսկ մուսուլմանների համար սուրբ մարգարե հանդիսացող Մուհամեդի ծաղրանկարները չեն համարվում վիրավորանք կրոնական հողի վրա։
Կարծում եմ՝ պետք է արգելվի կրոնական թեմաներով ծաղրանկարները։ Այսինքն՝ պետք է տարբեր ազգություները պահպանեն համակեցության կանոնները՝ փոխադարձ հարգանքի և հանդուժողականության հողի հիման վրա։ Մի խոսքով, պետք է տեղի ունենա քաղաքակրթությունների երկխոսություն, այլ ոչ թե քաղաքակրթությունների բախում։
Արմեն ՎարդանյանОrer.am, վերլուծաբան