Ի՞նչ անվտանգություն առանց բանակի սյուների
Аналитика«Փաստ» օրաթերթը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանից հետաքրքրվել է, թե ինչու վերջինս չէր մասնակցում «Ազգ-բանակ» համաժողովին, և արդյոք նրան հրավիրել էին: Մովսիսյանը արձագանքել է. «Իհարկե հրավիրել էին, չէ՞ որ ես բանակի սյուներից մեկն եմ, ոնց կարային չհրավիրեին: Ես հիմա Վրաստանում եմ»: Չէ, պատկերացնո՞ւմ եք չէ, Առաքել Մովսիսյանը բանակի սյուն:
Սա այն դեպքերից է, երբ հարկավոր է ընդամենը հարցին փիլիսոփայորեն մոտենալ և պարզապես լռել: Սակայն սա նույնպես առանձնապես չի ստացվում, քանի որ հենց այսօրինակ իրողություններն են պատասխանատու այն իրողության համար, որի մեջ մենք գտնվում ենք ներկայումս: Երբ ցանկացած մեկը կարող է իրեն հռչակել բանակի հենասյուն, պետության հենասյուն, երկրի հենասյուն: Զարմանալ կարելի է, թե որտեղից է գալիս նման ինքնագնահատականը, ազգային փրկիչներ լինելու այդ անբեկանելի ձգտումը:
Գուցե այն ամենաթողությունից, որից օգտվել ու օգտվում են Մովսիսյանի նման կարկառուն գործիչները, կամ գուցե իսկապես էլ հայոց պետականությունը հսկայական կորսուստներ է կրել Առաքել Մովսիսյանի պատգամավոր չդառնալով, և եթե Մովսիսյանը բանակի սյուներից մեկն է, ապա ինչ արժի Հանրապետականի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը, եթե բանակի ասել է թե՝ անվտանգության հենասյուներից մեկը անգամ ԱԺ պատգամավոր չէ:
Միքայել Գալստյան