Վերանորոգվել և նոր շունչ է ստացել Հայաստանի ազգային պատկերասրահի մի քանի սրահ
КультураՎեց ամիս տևած դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի վերանորոգված սրահներն իրենց դռները բացեցին արվեստասերների առաջ: Նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով և ընդգրկում է շուրջ 200 գեղանկար, 36 քանդակ, դեկորատիվ-կիրառական արվեստի 32 նմուշ։ Իսկ ֆրանսահայ մեծանուն օֆորտիստ, տաղանդաշատ նկարիչ Էդգար Շահինի սրահի բացման հանդիսավոր արարողությունն ուղեկցվեց «Էդգար Շահին» պատկերագրքի շնորհանդեսով:
«Փոխել ենք լուսավորությունը. տեղադրվել է լեդ-լուսավորություն, որը չի վնասում կտավները, փակել ենք պատուհաններն ու ջերմախոնավային համակարգեր դրել:
Մենք մեզ թույլ ենք տվել փոփոխել էքսպոզիցիան, ավելացրել ենք կիրառական-դեկորատիվ գործեր՝ ավելի գեղեցիկ ու ներկայանալի դարձնելու համար ցուցադրությունը, պահոցներից հանել ենք ցուցանմուշներ, որոնք վաղուց չէին ցուցադրվում: Պատրաստ ենք լսել և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ, որոնք մեզ կօգնեն ավելի լավ աշխատել», նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր իրենց աջակցել են:
ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ասաց՝ շատ ուրախ է, որ, չնայած անձրևոտ ու մռայլ եղանակին, արվեստասերները այցելել են պատկերասրահ՝ տեսնելու ոչ միայն վերազինված սրահները, այլև նորացված ցուցադրությունը:
Հայ օֆորտի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի ֆրանսահայ գեղանկարիչ, օֆորտի բացառիկ վարպետ Էդգար Շահինը, որի պատկերագիրքը հետաքրքրեց շատերին:
Ստեղծագործական ասպարեզ մտնելով Ֆրանսիայում 19-րդ դարի 90-ական թվականների կեսերին՝ Շահինն իր կյանքի ընթացքում կարողացավ հասնել համաեվրոպական ճանաչման: Կեսդարյա բեղմնավոր գործունեության ընթացքում նա ստեղծեց մի քանի հարյուր բարձրարվեստ օֆորտներ, որոնք հարստացրեցին ոչ միայն Ֆրանսիան, այլև հայկական ռեալիստական գրաֆիկան:
Շահինի արվեստում մեծ տեղ են զբաղեցնում Փարիզի արվարձաններում կյանքի հատակում հայտնված «փոքր մարդիկ»՝ մուրացկանները, թափառաշրջիկները: Նրան հրապուրել են նաև կրկեսի, ժողովրդական տոնավաճառների, շրջիկ թատրոնների ու պարահանդեսների թեմաները: Մեծ թիվ են կազմում բռնցքամարտիկներին, լարախաղացներին ու ակրոբատներին նվիրված պատկերները: Էդգար Շահինը ոչ միայն մարդկային տառապանքների, այլև վայելչության ու պերճաշուք հասարակության զվարթ կյանքի նկարիչ էր:
Արվեստագետը տարիների ընթացքում կատարելագործել է իր արվեստը տարբեր տեխնիկաներով՝ օֆորտ, ակվատինտա, փափուկ լաք, սակայն վերջնական նախապատվությունը տվել է չոր ասեղին: