Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա փոխտնօրենը
КультураԵրկարատև հիվանդությունից հետո մարտի 28-ին մահացել է վաստակաշատ գիտնական, պատմական գիտությունների դոկտոր, Սիրիայի աշխարհագրական ընկերության թղթակից անդամ, Հալեպի համալսարանի ԳԱ պատվո անդամ Վարդան Ռուբենի Գրիգորյանը: Այդ մասին հայտնել է Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի տնօրինությունից:
Բազմավաստակ պատմաբանը ծնվել է 1929 թ. հունվարի 26-ին, Դիլիջանում: 1947-1952 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 1953-1956 թթ.՝ ՀՍՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում:
1956-1958 թվականներին աշխատել է ԳԱԱ պատմության ինստիտուտում։
1959 թվականից՝ Մատենադարանում, որտեղ 1962-1968 թվականներին զբաղեցրել է գիտքարտուղարի, 1979-1997 թթ.՝ ձեռագրերի գիտական պահպանման բաժնի վարիչի, 1997-2009 թթ.՝ գիտական գծով փոխտնօրենի պաշտոնները։
Գիտահետազոտական բեղմնավոր գործունեությունը Մատենադարանում մեծանուն գիտնականը շարունակել է մինչև 2014 թ.:
1959 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երևանի խանությունը 18-րդ դարի վերջում (1780-1800 թթ.)» թեմայով, իսկ երկար տարիների գիտական պրպտումների արգասիք դոկտորական ատենախոսությունը՝ «Պոդոլյիեի հայ գաղթավայրերի պատմությունը»՝ 1977 թ.:
Վարդան Գրիգորյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը չափազանց ընդգրկուն է եղել: Նրա աշխատությունները նվիրված են հայոց պատմության ամենատարբեր խնդիրներին՝ Երևանի խանության պատմությանը, հայ գաղթօջախներին, ինչպես նաև ազգային-ազատագրական շարժմանն ու Ադրբեջանում բնակվող հայերի հիմնահարցերին:
«Անգնահատելի է եղել Վարդան Գրիգորյանի վաստակը Մատենադարանի ձեռագիր, տպագիր և արխիվային հավաքածուների համալրման գործում: Հայ գաղթաշխարհին ի մոտո ծանոթ լինելը մեծապես օգնել է հայկական համայնքներում նրա գրահավաքչական կարևոր առաքելությանը, որի արդյունքում, հաղթահարելով ժամանակի ամենատարբեր խոչընդոտները, Մատենադարանում են հանգրվանել մատենագրական անգին գանձեր:
Մաշտոցյան Մատենադարանի տնօրինությունը և աշխատակազմը ցավակցում են վաստակաշատ գիտնականի զավակներին և հարազատներին։ «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»»,- ասված է Մատենադարանի տնօրինության տարածած հաղորդագրության մեջ։