Երջանկությունն ըստ Վլադիլեն Բալյանի. կոմպոզիտորը նշում է ծննդյան 95-ամյակը
Культура«Մեծերին տեսնելն ու ճանաչելը երջանկություն է». այսպես է վերնագրել իր կյանքի մի դրվագը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը՝ հուշերի «Եվ բոլոր նրանք եղել են…» իր գրքում։ Թերևս հենց այդպիսի երջանկության վայելում կարելի է համարել կոմպոզիտորի ողջ կյանքը, որի՝ Մարտիրոս Սարյանին¸ Արամ Խաչատրյանին, Սվյատոսլավ Ռիխտերին, Պավել Լիսիցյանին, Առնո Բաբաջանյանին, Զարուհի Դոլուխանյանին, Օհան Դուրյանին, Էդվարդ Միրզոյանին և ժամանակն իրենց գործունեությամբ բնորոշած այլ անձանց առնչվող դրվագները մի գրքում ամփոփած ներկայացրել է ինքը՝ Վլադիլեն Բալյանը։
Իր իսկ վկայությամբ և ժամանակի փաստագրությամբ է ապացուցված որ այսօր ծննդյան 95-ամյակը նշող կոմպոզիտորն ու մշակույթի գործիչը դեռևս ուսանողական տարիներից է առիթն ունեցել մեծերին տեսնել և ճանաչելու։ Իսկ հետագայում Վլադիլեն Բալյանի կյանքի նշանակալի հետագիծը դադարել է միայն իրեն պատկանել և նրան մեծի տիտղոսին արժանանալու պատիվ է բերել։ Շուշեցու և Երևանցու ժառանգին մասնագիտության ընտրությունը պարտադրվել է ոչ միայն բնատուր օժտվածությամբ¸ այլև մոր՝ հավատի չափ ամուր երազանքով։ 200 ժողովրդական երգ մտապահած պապի թոռը՝ Վլադիլեն Բալյանը ժողովրդական երաժշտության ակունքներն իր ստեղծագործություններում արտացոլելով հայության հետ սրտակից¸ հավերժ զրույց է սկսել ու փոքր ինչ ստվերել իր այլ ժանրի բազմաբովանդակ ստեղծագործությունների համբավը։ Բայց կա՞ մեկը ով չի լսել կամ ինքն իր համար չի երգել Բալյանի «Սերս գաղտնի թող մնա», «Գյումրի-Լենինական», «Կուզես լինիմ» երգերը¸որոնցից յուրաքանչյուրի պրեմիերան հաջորդվել է դրանց բերնեբերան անցնելով ու ինչպես համերգասրահներում, այնպես էլ անձնական-ընտանեկան հավաքներում մինչև օրս հնչելով։
Իսկ մշակույթի ոլորտում նրա կառավարչական աշխատանքը համադրելի է եղել իր ստեղծագործական ժառանգությանը՝ օրինակելի դպրոց ստեղծելով հաջորդների համար։ Նրա անմիջական մասնակցությամբ է թելադրվել հանրապետական նշանակության մշակութային շատ ու շատ ձեռնարկների որակը¸ազդեցությունն ու արդյունավետությունը։ Նա է երկրում մշակութային զարգացումները նախանշող ու հավասարակշռող մի քանի կարևորագույն միավորների՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիայի»¸ Պարարվեստի ուսումնարանում ազգային պարի բաժնի և վերջապես Հայաստանի առաջին երաժշտական-հուշային թանգարանի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիրը։ Մշակույթի ոլորտի կառավարչության ուղղությամբ Վլադիլեն Բալյանի վաստակը նշանակալի է և՛ ճշգրտությամբ¸ և՛ ստեղծագործական մոտեցումներով¸ և՛ հեռատեսությամբ¸ և՛ նորարարությամբ։
Սիրելի վարպետ¸ Ձեր ծննդյան օրը բոլորիս շնորհավորելու առիթ է. չէ որ Ձեր սրտացավ ու հեռուն միտված խորհուրդներն այսօր ստեղծագործողներին ու կառավարողներին իմաստնորեն կարող են մղել բարձր նշաձողեր սահմանելու և հաղթահարելու»¸ ինչի համար ուրախ են ու շնորհակալ։
Քաջ առողջություն¸ կենսահաստատ կամք ենք մաղթում և շնորհավորում։
Նանա Պետրոսյան