Ներդրումազուրկ Հայաստանի անորոշ ապագան
АналитикаՕրվա իշխանությունների կադրային զրոյական մակարդակի ու անհեռատես ու պրիմիտիվ գործողությունների մասին խոսվում է շուրջ չորս տարի։ Վերջին շրջանում իր սկանդալային ու, մեղմ ասած, զավեշտալի հայտարարություններով աչքի է ընկնում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ներդրումների հորդելու մասին ժամանակին հայտարարող Քերոբյանն այլևս չի խոսում այդ մասին։ Ինչպես երկնիշ աճի դեպքում, այստեղ էլ նրա «շոկային օպտիմիզմը» չաշխատեց, ավելին՝ ներդրումներն այդպես էլ չհորդեցին։
Վերջերս հրապարակվել են օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, ու դրանք վկայում են, որ ներդրումները շատ հեռու են բավարար լինելուց։ Ճիշտ է, տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն, բայց եղածն էլ բավարար է իրավիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար։ Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ անցած տարվա առաջին երեք եռամսյակներին Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են հազիվ 88 մլրդ դրամ։ Պարզ է, որ դա այն գումարը չէ, որը կարող էր փրկել ՀՀ տնտեսությունը ներդրումային սովից։ Ներդրումների հորդելու մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը։ Օտարերկրյա կապիտալի հետաքրքրությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա չափազանց պասիվ են մեր տնտեսության նկատմամբ։ Իշխանություններն էլ գրեթե ոչինչ չեն կարողանում անել այն ակտիվացնելու ուղղությամբ։
Իշխանությունները պարբերաբար հայտարարում են միլիարդների հասնող ծրագրերի մասին, բայց անցած 4 տարվա ընթացքում այդպես էլ այդ ծրագրերը կյանքի չկոչվեցին։ Մեկնարկած մանր-մունր ծրագրերն էլ շատ կարճ կյանք ունեցան․ շատ արագ բացվեցին, հետո կրկին փակվեցին։ Տևական ժամանակ պղնձաձուլարանի ու ատոմակայանի կառուցման մասին են խոսում, ավելին՝ անընդհատ թարմացնում են ու նոր պաթոս հաղորդում, բայց արդյունք չկա. այդպես էլ դրանց հիմքերը չեն դրվում։
Ինչպես ժողովուրդն է ասում՝ բոլոր պարերը պարել ենք, մնացել է «Սարի սմբուլը»․ հիմա էլ փաշինյանական իշխանության հույսը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումն ու սահմանների բացումն է։ Նրանց ներկայացմամբ՝ դրանից հետո ՀՀ տնտեսությունը ողողվելու է ներդրումների մեջ, ի դեպ՝ նույնն ասում էին նաև իշխանության գալուց առաջ և հետո։ Ներդրումներին խոչընդոտելու պատճառաբանությամբ ժամանակին նույնիսկ արտահերթ ընտրություններ արեցին ու նոր խորհրդարան ձևավորեցին, սակայն դարձյալ ներդրումներ չեկան Հայաստան։ Ավելին, մեր տնտեսության մեջ ներդրումների կշիռը վերջին տարիներին նույնիսկ ընկել է․ ստացվում է, որ ամեն անգամ խոստանում են բարձրացնել, բայց հակառակն է լինում։
Վերջին շրջանում մեկ այլ տխուր միտում է նկատվում. կրճատվում են տնտեսության մեջ առկա օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները։ Հրապարակված վերջին տվյալներով՝ անցած տարվա երրորդ եռամսյակում դրանք կազմել են 1 տրիլիոն 920 մլրդ դրամ։ Այն դեպքում, երբ 1 տարի առաջ գերազանցում էին 2 տրիլիոն դրամը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր պաշարները պակասում են, ինչն ի վնաս տնտեսության է։ Առանց այն էլ, տնտեսության ներդրումային հետաքրքրության ոլորտները շատ սահմանափակ են։ Ուղղակի ներդրումների մեծ մասը բաժին է ընկնում տնտեսության մեկ ճյուղին. Խոսքն, իհարկե, ընդերքի մասին է։
Ինչ խոսք՝ մեր տնտեսության ներդրումային միջավայրը խնդրահարույց է, ինչը լրջորեն մտածելու տեղիք է տալիս։ Խնդիրները նոր չեն առաջացել, բայց վերջին տարիներին անհամեմատ ավելի են խտացել՝ կապված առաջին հերթին տնտեսական անվտանգության ու աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։ Դժվար է չնկատել տնտեսության ռիսկայնության կտրուկ աճը, ինչը ներդրումների առումով գին ունի։ Որքան բարձր է երկրի ռիսկը, այնքան ներդրողները բարձր գին են ուզում դրա համար՝ շահութաբերության տեսքով։ Եթե ռիսկը չի փոխհատուցվում, ներդրումները ոչ միայն չեն գալիս, այլև հեռանում են։
Արթուր Սարգսյան