Արատավոր ու արտասովոր շրջափուլ. նոր կլոունադային սպասելիս
АналитикаՄի հին ու բարի ասույթ (սկզբունք) կա, որն ըստ իս՝ հին է՝ ինչքան մարդկությունը՝ «բաժանիր, որ տիրես»։ Այն տարբեր հեղինակների կողմից վերագրվում է տարբեր սկզբնաղբյուրների, թեև, անկախ նրանից՝ ով է առաջին անգամ բարձրաձայնել կամ կիրառել այն, դրա էությունը չի փոխվում։ Բայց եթե Հռոմում կամ միջնադարյան Եվրոպայում այն վերաբերում էր հիմնականում իշխանության բաժանմանը՝ ամբողջական իշխանության նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ապա ժամանակակից աշխարհում կիրառելի է նաև լայն զանգվածների, հասարակության նկատմամբ։
Այսօր հենց նման սկզբունքով էլ առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց նրբությունն այն է, որ նա չի ցանկանում որևէ չափով հրաժարվել իշխանությունից, ամբողջությամբ կենտրոնացնում է իշխանությունն իր ձեռքում, ինչի վկայությունն է իշխանությանը հակակշռող ու փոխզսպող համակարգերի տոտալ անգործությունը։ Մյուս կողմից՝ սակայն, Փաշինյանը «բաժանիր, որ տիրես» սկզբունքը արդյունավետորեն կիրառում է հասարակության նկատմամբ՝ իշխանության գալու առաջին օրից։ Հասարակությանը «սևերի ու սպիտակների», «նախկինների ու ներկաների» և այլ հատկանիշներով բաժանելու նպատակն իրականում միայն քարոզչական չէ։ Փաստն այն է, որ Նիկոլը ցանկանում է բառի ամենաուղիղ իմաստով բաժանել հասարակությանը, քանի որ այդպիսով թուլանում է հանրության համախմբման, մոբիլիզացիայի հնարավորությունը, ինչն ուղիղ ռիսկ է ցանկացած, հատկապես՝ պոպուլիստական իշխանության համար։
Ըստ էության, անցած չորս տարիներին Փաշինյանն այդ սկզբունքով փորձել է կազմալուծել գրեթե բոլոր համայնքները՝ սկսած հայրենակցական կապերից՝ մինչև մասնագիտական միավորումներ։ Հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումը դրա ամենատարածված դրսևորումն է, թեև ուշադիր սոցիոլոգները կարող են հայտնաբերել ըստ ծագման սեգրեգացիայի (ռասայական խտրականություն) բազմաթիվ այլ օրինակներ ևս։
Գուցե տարօրինակ թվա, բայց նույն սկզբունքը կենտրոնացված իշխանությունը կիրառում է նաև մասնագիտական համայնքներում։ Իրականում առանձին վերցրած դատավորին դատում են ոչ միայն ու ոչ այնքան՝ նրա կայացրած կոնկրետ վճռի պատճառով, այլ՝ որովհետև դրանով մասնատում են դատավորների համայնքը՝ մի մասը կանգնում է հետապնդվող գործընկերոջ կողքին, շատերը վախից կամ նյութական շահերից դրդված՝ լոյալություն են հայտնում իշխանությանը։ Այլ դրսևորումներով նույնը տեղի է ունենում ՏԻՄ-երում, մտավորական շրջանակներում, մամուլում, գործարար խավում, մի բառով՝ հնարավոր բոլոր ոլորտներում։ Սկզբունքը նույնն է՝ յուրայինների և օտարների բաժանում՝ այնպես, որ նվազագույնի հասցվեն մասնագիտական համայնքների կամ այլ գործոններով մարդկանց միավորումների համախմբման հնարավորությունները, որովհետև լոկալ համախմբումները կարող են կրիտիկական պահի հանգեցնել գլոբալ մոբիլիզացիայի՝ իրական վտանգ դառնալով իշխանության համար։ Համայնքների մակարդակում ջլատված, կազմալուծված ու նվազագույն համախմբման ռեսուրս ունեցող հասարակությունն իսկական նվեր է ցանկացած իշխանության համար։
Անհերքելի փաստ է այն, որ Նիկոլն իր գործողություններով ամեն օր ավելի գայթակղիչ ու անկրկնելի է դարձնում սեփական նվերը։ Այդպիսի հասարակությունը ժամանակի հետ նպաստում է իշխանության դեսպոտացմանը, քանի որ առանց համախմբման՝ հասարակությունը չի կարող վերահսկել իշխանությանը, իսկ առանց վերահսկողության՝ իշխանությունը վերածվում է դեսպոտի, որն ամրապնդվում է պետության ու հասարակության հաշվին։ Այս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ դա կարող է իրականացվել անգամ առանց կոնկրետ վերջնանպատակի. կարևորը ոչ այնքան նպատակն է, որքան գործընթացն ինքնին։
Ըստ էության, իշխանությունն ուժեղանում է՝ մասնատելով հասարակությանը, յուրաքանչյուր մասնատումից հասարակությունն ավելի է ամրապնդում իշխանությանը։ Սա արատավոր շրջան է, որը կարող է բեկվել միայն ներքևից՝ հասարակության կողմից ինքնամոբիլիզացիայի ջանքի շնորհիվ, բայց դրա հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ նաև այն պատճառով, որ նման գործառույթ ունեցող ամենակենսունակ ինստիտուտը՝ քաղաքական համակարգը, նույնպես մասնատված ու հեղինակազրկված է գրեթե անդառնալիորեն։
Տիգրան Մկրտչյան