Կփակե՞նք պատմության վերջին էջը
АналитикаՇուրջ երեք օր է ամենուր խոսվում է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որն ակնհայտորեն առանձնանում էր իր ասելիքով։ Գրեթե յուրաքանչյուրը հասկացավ, որ հետնահանջ չկա՝ Արցախի հարցը լուծվելու է հօգուտ Ադրբեջանի, իսկ իր քաղաքական թիմը հորթի հրճվանքով կազմակերպելու է տեղի ունեցող պրոցեսը։ Նրա ասվածից պարզ դարձավ, որ կարծես թե ամեն ինչ արդեն գծած է, ուղղակի մնում է այն տեխնիկապես կյանքի կոչել։
Երբ իր խոսքում Փաշինյանը Հայաստանն ու Արցախը համեմատում էր «մատաղացու գառան» հետ, ըստ էության, նման այլաբանությամբ, բացի այլ բացահայտ նպատակներից, նրա թաքնված թիրախը՝ հասարակության դիմադրողականության ստուգումն էր, այլ կերպ ասած՝ թեստ էր անցկացնում։ Հենց հասարակության արձագանքից ու հակազդեցությունից է կախված՝ հանրությունն ընդունո՞ւմ է այդ դատավճիռը և թույլ տալի՞ս է Նիկոլին՝ իրեն «փրկել մատաղից» իր առաջարկած պայմաններով, որոնք նույնական են Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջների հետ, թե՞ այդուհանդերձ ունի գոնե նվազագույն դիմադրողականություն, որը գործում է կարմիր գծերը հատելու պարագայում։
Ակնհայտ է, որ հանրային արձագանքը կարևոր է այս դեպքում, քանի որ դրա բացակայությունը, այսինքն՝ հանրային լռությունը նշանակելու է, որ Փաշինյանի հակահայկականությունը ոչ միայն նրա ու նրա իշխանության, այլ նաև հայ հասարակության որոշումն է։ Ամենայն պատասխանատվությամբ կարող ենք արձանագրել, որ իր անտարբեր լռությամբ հանրությունը լեգիտիմացնելու է Արցախի հանձնումն ու Հայաստանի վախճանի առնվազն սկիզբը և սա փաստ է, թող ոչ ոք չփորձի իրեն այս պարագայում արդարացնի և մեղքն ուրիշի վրա գցի։
Մի բան ակնհայտ է՝ հասարակության լռությունը այս դեպքում համարժեք է այն անմեղ գառների վարքագծին, որոնք լռությամբ գնում էին մորթվելու։ Փաստացի, սա այն դեպքն է, երբ «լռությունը ոսկի է» հայտնի բանաձևումն, ըստ էության, չի աշխատում, այլ ճիշտ հակառակը՝ ունենում է անդառնալի ու կործանարար հետևանքներ։ Այդ դառնալի լռությունն ավելի հնչեղ է դարձնելու Արցախի վրա դրվող գերեզմանաքարի ձայնը և աշխարհին հնարավորություն է տալու դա գնահատել՝ որպես համազգային լեգիտիմություն ունեցող «խաղաղություն»։
Ամփոփելով փորձենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ստեղծված իրավիճակում հասարակությունն, ուղղակի, լռելու իրավունք չունի, բայց միաժամանակ փաստենք, որ լռության հակառակն ինքնանպատակ աղմուկը չէ նաև, ամեն քայլ ու գործողություն պետք է լինի տրամաբանված, հակառակ դեպքում մենք շատ կազմակերպված փակում ենք հայոց պատմության վերջին էջը, ու դա անելու ենք ազգովի, քանզի այստեղ մեղավոր ենք բոլորս, և պետք չեն արհեստական այլ օրակարգերի առաջ քաշում։
Կասկածից վեր է, որ հասարակությանը նետված է մարտահրավեր՝ ցույց տալու, որ կա՛մ ունի հստակ օրակարգ և պահի լրջությունը հասկանալու գիտակցում, կա՛մ չունի մարդուն անասունից տարբերող հիշողություն, կամ ինչպես հայտնի ասույթում է ասվում՝ մարդը կարող է դառնալ անասուն, իսկ անասունը երբեք մարդ չի դառնում։ Տիկնայք և պարոնա՛յք, ժամանակը գնաց։
Արեն Սամսոնյան