Երևանյան «Ոսկե ծիրանում» այս տարի հայկական ֆիլմերի ներկայությունը աննախադեպ է
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023 թվականի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում աննախադեպ ներկայություն են գրանցել հայրենական արտադրության ֆիլմերը։ Երևանյան կինոփառատոնի մեկնարկն ազդարարվեց պետական աջակցություն ստացած՝ ռեժիսոր Ջեսսիկա Վուդուորթի «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմով (Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն)։ Բացման ֆիլմի հայաստանյան համաարտադրողը (համապրոդյուսեր) Անժելա Ֆրանգյանն է:
Այս մասին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այս տարի «Ոսկե ծիրանի» «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրում ընտրված տասը ֆիլմերից երեքը՝ Ազգային կինոկենտրոնից պետական աջակցություն ստացած կինոնկարներն են՝ «Գյուղը որ կանգնի…»՝ Օֆելյա Հարությունյան, «Երկու անհայտով հավասարում»՝ Լուսինե Պապոյան, «Թռչող տերեւների երգը»՝ Արմինե Անդա։ «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։
Իննա Մխիթարյանի «Թոնրատունը» ընդգրկված է փառատոնի Արտամրցութային ծրագրում, իսկ ահա Ջեսիկա Վուդուորթի «Լուկան» մրցելու է Միջազգային մրցութային ծրագրում, որը ինչպես արդեն նշել ենք փառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր։
Նշված բոլոր կինոնկարները արդեն իսկ ունեն իրենց հաստատուն կենսագրությունը, գրանցել են բազմաթիվ հաղթանակներ միջազգային հայտնի կինոփառատոներում։ Ավելին, փառատոնի բացման «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում՝ դեռևս հունվարի 29-ին, որին ներկա են եղել գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդուորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը:
«Լուկա», ռեժիսոր՝ Ջեսիկա Վուդուորթ (ֆիլմի մասին)-Մարտի ծարավ երիտասարդ զինվոր Լուկան ուղղվում է դեպի հյուսիս՝ լեգենդար Ֆորտ Կայրոս, որտեղ զինվորները հերոսաբար պաշտպանում են քաղաքակրթության մնացորդները: Փոխարենը նա գտնում է մի անգործունակ կառույց, որը երբեք նույնիսկ թշնամի չի տեսել և վեհության մոլուցքից փքված հրամանատարություն ունի: Լուկան մխիթարություն է գտնում առեղծվածային ռադարի ինժեներ Կոնստանտինի և թեթևամիտ շարքային Ժերոնիմոյի հետ ընկերության մեջ: Նա դրսևորում է դիպուկահարի իր մեծ հմտությունը և «բազեի» կոչում ստանում: Հեռավոր մատույցները պահող էլիտար պահակախմբի կազմում նրա օրերը հոսում են սպասման մշուշում մինչև այն ժամը, երբ հյուսիսում նկատում է մի ձի: Սա հանգեցնում է մի շարք ողբերգական դեպքերի, որոնք ի վերջո կտապալեն Ֆորտ Կայրոսի մասին ստեղծված պատրանքը:
«Գյուղը որ կանգնի…», ռեժիսոր՝Օֆելյա Հարությունյան (ֆիլմի մասին)-Մարիամն ապրում է հեռավոր հայկական գյուղում, որտեղ ոչ մի տղամարդ չկա։ Ընտանիքի վերամիավորման հույսերը փշրվում են Մարիամի ծննդյան օրը, բայց նա պետք է մի կողմ դնի անձնական փլուզված երազանքները և սնուցի մայրանալ պատրաստվող ընկերուհու՝ Անուշի երազանքները ներդաշնակ կյանքի մասին։
«Երկու անհայտով հավասարում», ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան (ֆիլմի մասին)-Գնացքի վագոնում ապրանքներ վաճառելիս Մխիթարը նկատում է իր հասակակցին՝ Կարենին, որը ոտքերը դրել է առջևի նստարանին, իսկ գլուխը կախել դասագրքի վրա։ Լռելյայն արձագանքելով Մխիթարի դիտողությանը՝ Կարենն իջեցնում է ոտքերը և շրջվում։ Մխիթարը տարբեր եղանակներով փորձում է շփվել անծանոթ տղայի հետ։ Պայուսակը վզից կախած՝ Կարենը սկսում է գոռգոռալ գնացքի վագոններում՝ փորձելով վաճառել Մխիթարի ապրանքները, մինչ Մխիթարը խորասուզվել է մտքերի մեջ. շախմատային խնդրի մասի՞ն է մտածում, թե՞ ընդհանրապես կյանքի։
«Թռչող տերեւների երգը», ռեժիսոր՝ Արմինե Անդա (ֆիլմի մասին)-Ճամփորդություն դեպի երազանք, որը սկսվում է տերևները որպես ծածկոց օգտագործող տասներկուամյա աղջկա՝ Սունայի և գաղտնի գիտելիքների տիրապետող ծերունու հանդիպումից։ Խորհրդածություն ընկերության մասին հոր ու դստեր, ուսուցչի ու աշակերտի, մեծահասակի ու երեխայի միջև, և ճանապարհ, որը կարող է անհնարը հնարավոր դարձնել։ Ֆիլմում ստեղծված տառերը ոգեշնչված են հին հայկական խորհրդանիշներից։
«Թոնրատուն», ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան (ֆիլմի մասին)- Նահապետական ավանդույթով հայկական գյուղում հինգ կին՝ դուստրեր, մայրեր և տատեր, հայկական ավանդական հացը՝ լավաշ թխելու ընթացքում բանավիճում են կյանքի ու պատերազմի մասին:
Հայաստանի ազգային կինոկենտրոն