Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին
EconomicsՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 13-14-ը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոնֆերանսի նպատակն է աջակցել տնտեսական բարեփոխումներին, նպաստել լավ և արդյունավետ կառավարմանը, ավելի լավ հանրային ծառայությունների միջոցով մրցունակ եւ գործարար միջավայրի ստեղծմանը եւ գործնականում օրենքի գերակայության բարելավմանը: Այս բարեփոխումները կենսական նշանակություն ունեն հետագա համախմբման եւ կայունության, բարձրորակ հանրային ծառայությունների, ինչպես նաև մրցունակության բարձրացման եւ տնտեսական զարգացման համար:
Դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել կոնֆերանսի պաշտոնական բացման արարողությունը:
Դեկտեմբերի 14-ին պլենար նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հանդես է եկել ելույթով: Ելույթի ընթացքում ՀՀ փոխվարչապետը ընդգծել է ՍԻԳՄԱ ծրագրի հետ համագործակցության կարևորությունը՝ նշելով համագործակցության ուղղությունների ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: