Անի Վաթինյան. Մենք խաչ ենք կրում (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Culture«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ԱՆԻ ՎԱԹԻՆՅԱՆ
ՄԵՆՔ ԽԱՉ ԵՆՔ ԿՐՈՒՄ
Նորից պատիր մեզ, սրբիր մեզ քեզնով,
Էլ ո՞վ կփրկի մեղքից մեզ,
Էլ ո՞վ ...
Պատիր շղարշով քո սպիտակ,
Առ մեզ քո ճերմակ, նուրբ թևերի տակ.
Եվ չթողնես մեղքը մեզ տանի,
Պահիր մեզ հեռու չար սատանայից.
Դե, անմեղություն, դու մեզ խնայիր,
Հեռուն լոկ նայիր,
Ներկան էլ ջնջիր
Անհուշ անրջից.
Նորից հավատ տուր,
Հույս ու սեր տուր ինձ. Ինձ ու իմ երկրին...
Մեզ տուր դու նորից Աստծո մաքրություն.
Տուր մեզ նորից կամք, հավատ, քաջություն…
Հոգու պարզություն,
Դու` Անմեղություն,
Թե կաս` խնդրում եմ
Տուր մեզ վեհություն
Եվ առատություն գնահատելու,
Կյանքի ճանապարհ կրկին հատելու.
Կամ էլ հարթելու դեպի ճիշտ ուղի,
Չարին հաղթելու Սխալներից ուղղիր.
Տուր մեզ առհավետ չմարող հավատ,
Թող կորչի անհետ ինչ կոչվում է վատ,
Եվ հատ-հատ մաքրիր կեղտոտ բծերից,
Տար մահը` սկսած փոքրից ու ծերից:
Թող որ մենք ապրենք, չգոյատևենք.
Թող գոնե մինչև ծերություն տևենք.
Ու եթե դև ենք, դարձրու հրեշտակ,
Իսկ եթե սև ենք, ներկիր մեզ սպիտակ:
Մի դիր մեզ պիտակ թե մեղսագործ ենք,
Օգնիր մեզ, մենք էլ միշտ բարին գործենք.
Մենք Աստծո գործն ենք,
Ոչ թե լոկ փորձը,
Մենք դեռ անփորձ ենք,
Նա է փորձառու,
Նա կարող է տալ մեզ երկար առու,
Մենք պարտավոր ենք առանց նավակի
Հասնենք ցամաքին. Նա չէ աչառուն. աչառուն մենք ենք,
Մենք էլ տես, մեղք ենք…
Եթե ծնվել ենք, ուրեմն պետք ենք.
Մենք մեր ներկայի, մեր ապագայի
Մի քիչ անլվա ու տխուր դեմքն ենք,
Լվա մեզ, մաքրիր, ժպիտ պարգևիր,
Օգնիր, որ մենք էլ դառնանք մի երես, Թե գույներ բերես, ու մի քիչ ներկես
Մեր գունաթափված ու թաց աչքերը,
Մենք էլ կսկսենք լուռ ամաչելը…
Ու մեր երկինքը կապույտ կդառնա,
Մենք էլ կսկսենք մեզ ճանաչելը
Ու վեր նայելով Աստծուն կանչելը.
Մարդն էլ գնալով կսկսի մոռանալ
Այս չարաբաստիկ մեղքից կառչելը.
Հոգու` սառչելը, հրի` հանգչելը,
Ու անրջելը կդառնա մի հին սովորություն.
Իսկ հառաչելը` լոկ հիշողություն
Մենք խաչ ենք կրում,
Հավատում անտես
Մեկի գոյության,
Որը գոյություն տվեց գոհությամբ
Մեզ ու աշխարհին,
Նա հաղթեց չարին,
Սփռեց մեզ բարին,
Իր մինուճարին Նա չխնայեց,
Սակայն հանճարի Աչքերով նայեց,
Ու աշխարհ ստեղծեց,
Կերտեց նաև մեզ. Այո, ինձ ու քեզ…
Նա սովորեցրեց Լինել բարի, հեզ.
Մենք ի՞նչ լսեցինք` մորթել, սպանել,
Մեր տեսածը մի ահարկու սպանդ.
Հոգին մեր պատանդ էր սատանային
Մեղանչում էինք ակամայից,
Բայց հետո կրկին`
«Ներիր Տեր» հայցում,
Ու մեզ չէր օգնում
Ոչ ոք այդ հարցում:
Էլ ինչ հիացում
Այս տեսարանից,
Ո ՞վ է մեղավոր,
Պատասխանիր ինձ.
Գուցե հենց ես եմ,
Ես եմ մեղավոր,
Չարենցն էլ վերցրեց
Հարցն այս գլխավոր
Ու լուռ մոտեցավ սև կախաղանին.
Գրեց տողերը իր հռչակավոր ,
Տեսավ ապագան, այսօրվա ներկան,
Տեսավ, որ էլի սև օրեր կգան,
Տեսավ, որ էլի հերթում մարդիկ կան,
Որ շարունակում են Հիսուսի գործը
Ու իրենց կամքով իրենց վերջ տալիս,
Կատարում կրկին անկատար փորձը
Ինչ է թե անմեղ կյանք են մեզ տալիս:
Եվ ապագան է ուրախ ետ գալիս.
Բայց ինչ ապագա, կրկին այն հինն է,
Գուցե հիմա էլ հերթը հենց իմն է ,
Գոցե հիմա էլ ես պիտի գոռամ,
Ասեմ տողերը մեծն Չարենցի,
Չէ որ ես նրա նման չարեցի,
Չմեղադրեցի ոչ Աստծուն, ոչ ինձ
Վախեցա թե ինձ մեկը կանիծի.
Ինչ արած հիմա մնում է մի բան
Գոռալ այս անգամ ու աղաղակել...
Հե՜յ, ազնիվ մարդի՛կ, հե՜յ, ավազակնե՛ր,
Չարենցը ասաց, որ ձեզ փոխանցեմ`
Հիմա ձեր հերթն է,
Իսկ ես փոխված եմ:
Թող իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…