Մշակութային ցեղասպանություն. ինչպիսի մտավորականներ կորցրեց հայ ժողովուրդը 1915-ին
КультураՀայոց ցեղասպանությունը պետականորեն ծրագրված հանցագործություն էր, որը մշակված էր բոլոր մանրամասներով: Ըստ այդ ծրագրի, ամենակարևոր միջոցառումներից մեկը, որ պետք է իրականացներ թուրքական կառավարությունը, հայ մտավորականության վերացմանն էր վերաբերում:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փաստում է՝ ընդունված է ասել, որ ապրիլի 24-ին ընդամենը 600 մտավորական է ձեռբակալվել: «Լավագույն դեպքում թիվը համարում են 800: Ինչպես հայտարարեց թուրք պատմաբան Յուսուֆ Հալաջօղլուն՝ թուրքական ներքին գործերի նախարարության աղբյուրները վկայում են, որ թիվը 2345 է եղել, նշանակում է, որ իբրև թե ապստամբական գործողություններ նախապատրաստող այդքան մտավորական և ազգային գործիչ կային, որոնց անհրաժեշտ էր մեկուսացնել: Մտավորականությանը ձերբակալելուց և աքսորելուց հետո սկսվեցին անօգնական ծերերի և երեխաների տեղահանությունը և բնաջնջումը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աշոտ Մելքոնյանը:
Խոսելով մշակութային ցեղասպանության մասին՝ Մելքոնյանը նշեց, որ Օսմանյան կայսրության տարածքում մոտ 178 քաղաքների հայկական թաղամասեր ոչնչացվեցին՝ իրենց եկեղեցիներով, դպրոցներով, մշակութային ակումբներով:
«Ցեղասպանության հետևանքով խորհրդարանի հայտնի պատգամավոր Գրիգոր Զոհրապից սկսած մինչև Դանիել Վարուժան, Սիամանթո և շատ ուրիշներ զոհվեցին»,-հավելեց նա:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թուրքերն իրենց առջև նպատակ էին դրել առաջին հարվածով ազգը զրկել կենսունակությունից՝ ոչնչացնել մտավորականությանը, որպեսզի բուն սպանդն անցնի առանց որևէ խոչընդոտի:
«Մեզ առավել հայտնի են մեկ տասնյակ ցեղասպանությունից զոհված մտավորականների անուններ, որոնք վաղուց իրենց տեղն են գտել մեր հանրագիտարաններում ու դասագրքերում: Նրանք արդեն իսկ հայտնի էին իրենց կենսագրությամբ իրենց իսկ կենդանության օրոք՝ իրենց գրականությամբ, քաղաքական գործունեությամբ և այլն»,-նշեց Կարո Վարդանյանը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենի հետ զրուցեցինք նաև փոքր-ինչ անհայտ եղեռնազոհ մտավորականների մասին: Անուններ, որոնք կարող էին իրենց գործունեությամբ մեծ դեր ունենալ և ինչ-որ բան փոխել, սակայն դա նրանց չհաջողվեց ցեղասպանության պատճառով:
Նման մտավորականներից էր արձակագիր էր, հրապարակախոս, թարգմանիչ, մանկավարժ Երուխանը /Երվանդ Սրմաքեշխանլյան/: Պակաս կարևոր գործունեություն չէր ծավալում նաև Նագարեթ Տաղավարյանը /Չատրճյան/, ով բնագետ էր, բժիշկ և գյուղատնտես: Հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս Է.Ակնունին / Խաչատուր Մալումյան/ նույնպես եղեռնազոհերից էր: Հայ բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Լարենցը /Քիրիշճյան/ սկսել էր ակտիվ գործունեություն ծավալել. անգլերենից թարգմանել էր Լինչի «Արմենիա» գիրքը (համառոտ), իսկ ֆրանսերենից՝ «Ղուրանը»: Գարեգին Խաժակը /Չաքա լյան/ հրապարակախոս էր, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ, ով ժամանակի պարբերական մամուլում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով: Եղեռնից զոհվածների այս շարքը հնարավոր է երկար շարունակել: Անունների մեծ մասն այսօր շատ քիչ բան է հուշում հանրությանը, բայց նրանցից շատերը գուցե կարող էին իրենց գործունեությամբ ինչ-որ բան փոխել:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: