«Արմենիա» առագաստանավի անձնակազմի հերոսական ուղին ամփոփվել է մեկ ֆիլմում
КультураԵրեք օվկիանոս, հինգ մայրցամաք, բազմաթիվ քաղաքներ և 80 հազար կիլոմետր՝«Արմենիա» առագաստանավի և նրա անձնակազմի անցած հերոսական ուղին ամփոփվել է ռեժիսոր Վահե Գևորգյանցի նոր՝ «Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմում: Երեքմասանոց կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ հունիսի 22-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերային մասնակցեց ֆիլմի ստեղծագործական կազմը, առագաստանավի անձնակազմը, արվեստասերներ, հյուրեր:
Ֆիլմի հիմքում արձակագիր, բժիշկ, գիտարշավի ղեկավար Զորի Բալայանի գիրքն է: «Հայոց պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճամփորդություն է տեղի ունեցել: Նավի երկու կողմերում Մեսրոպ Մաշտոցի 36 տառերն էին, ծաղկած խաչը, լատինատառ «Արմենիա» անվանումը: Այդպես պտտվել ենք աշխարհի շուրջ, և ոչ ինքնանպատակ: Ամեն ինչ արել ենք, որ հինգ մայրցամաքում հանդիպումներ ունենանք մեր հայրենակիցների հետ»,- նշեց Զորի Բալայանը:
Նրա խոսքով՝ ճանապարհին հազարավոր հայերի են հանդիպել: Զորի Բալայանն իրենց ճամփորդության ամենակարևոր բանը համարում է Հորն հրվարդանն անցնելը:
Ֆիլմի ռեժիսոր Վահե Գևորգյանցի խոսքով՝ 250 ժամ տևողությամբ նյութից իրենք մեկ ժամ և ինը րոպե տևողությամբ ֆիլմ են ստեղծել:
«Շատ դժվար էր ընտրությունը: Մենք մի տարի պատրաստում էինք ֆիլմը: Դժվար էր ընտրել՝ ինչը՞ թողնել և ինչը՝ հանել: Ուզում էինք շատ բան մտցնել ֆիլմում, բայց հիմնական կատարվածը մենք ներառել ենք»,- նշեց նա: Ռեժիսորի խոսքով՝ շատ դրվագներ կան, որոնք ևս կցանկանար ներառել կինոնկարում:
Ֆիլմի սցենարի հեղինակ Աննա Դերձակյանի խոսքով՝ Զորի Բալայանի գիրքը, որի հիման վրա էլ գրվել է ֆիլմի սցենարը, հագեցած էր հետաքրքիր դրվագներով և արկածներով: «Մեզ համար ևս շատ դժվար էր կողմնորոշվել՝ ի՞նչը կարելի է թողնել, ինչը՝ ոչ»,- խոստովանեց նա:
2009 թվականի մայիսի 28-ին մեկնարկելով Միջերկրական ծովի Վալենսիա նավահանգստից` «Արմենիա» առագաստանավը 2011 թվականի օգոստոսի 5-ին նորից մտավ Միջերկրական ծովի ջրեր` դրանով իսկ ավարտելով հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկությունը։
Նավարկությունը՝ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող գիտարշավը նվիրված էր օտարության մեջ հայկական բոլոր պատկանելությունները պահպանած հայ մայրերին։ Նավարկության առավել երևելի արդյունքն էր Հորն հրվանդանի մատուռում հայկական խաչի տեղադրումը` ի հիշատակ Երկիր մոլորակի բոլոր անմեղ զոհերի։ «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկությունը բոլոր հինգ աշխարհամասերում ուղեկցվում էր հայկական պատմական և արդի բոլոր հուշարձանների վերաբերյալ ողջ տեղեկատվության անընդմեջ հավաքմամբ։ Ֆիլմում նշվում է, որ նավահանգիստ չունեցող Հայաստանի համար շուրջերկրյա ճանապարհորդությունը երազանք էր, և շուրջերկրյա ճանապարհորդությունը խիզախ մարդկանց պայքար էր. լեռնային ժողովուրդը փորձում էր սանձել օվկիանոսը:
«Արմենիա» առագաստանավի անձնակազմը պատմում է անցած ուղու, դժվարությունների ու երջանիկ ակնթարթների մասին. ամբողջ ֆիլմում ջրի՝ աննկարագրելի գեղեցիկ պատկերներ ու կադրեր են: Ֆիլմում նշվում է, որ հայերը շատ փորձությունների միջով են անցել, բայց ամենածանրը Հայոց ցեղասպանությունն էր, որն էլ իր հերթին բերեց հայկական սփյուռքի ստեղծմանը:
Վավերագրական կինոնկարը ստեղծել է «Պայտ» ստուդիան: