Համեստ հանճարը. Տիգրան Մանսուրյանը 77 տարեկան է
КультураՀամեստ, ազնվազարմ, պարկեշտ, հանճարեղ.նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի բացառիկ նմուշներից են: Նա իր գործերով նոր գույն, նոր որակ բերեց համաշխարհային երաժշտության մեջ: Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 77 տարեկան է:
«Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի` իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու...»,- հանճարեղ կոմպոզիտորի մասին մի առիթով ասել է հայ գրականության կարկառուն ներկայացուցիչ Հրանտ Մաթևոսյանը:
Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թվականի հունվարի 27-ին, Բեյրութում: Հայրենադարձության ճանապարհները նրան բերել են Հայաստան՝ Արթիկի շրջան, ուր բնակություն է հաստատել իրենց ընտանիքը:
Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965 թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների:
Մանսուրյանի կամերային և գործիքային ստեղծագործությունները բազմիցս կատարվել են Հայաստանում, Խորհրդային Միության մշակութային կենտրոններում ու արտասահմանում, բարձր գնահատվել իրենց գեղարվեստական անկրկնելիության, միանգամայն նոր ազգային ոլորտների բացահայտման շնորհիվ: Նորագույն միջոցներին հմտորեն տիրապետող ու դրանք լայնորեն կիրառող Մանսուրյանն առաջինն էր, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարքներ ներմուծեց Հայաստան, ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ։
Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ արտահայտիչ մեղեդիներով և բարձրաճաշակ հնչերանգներով։ Գրել է նաև երաժշտություն ֆիլմերի համար՝ «Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը» և այլն:
«Արմենպրես»-ը ներկայացնում է Մանսուրյանի մտքերից ծաղկաքաղ:
***
«Ես ընդամենը աշխատող մեկն եմ։ Իմ երաժշտության մեջ շուկայական արժեքների, նրա երկար կամ կարճ ապրելու, ինձանից հետո նրա գոյության շարունակականության և այս կարգի հարցերի մասին ես ի՞նչ ասեմ… գուշակություննե՞ր անեմ»:
***
«Մենք մեր զգացումներն արտահայտել ենք հայերենով, արտահայտել ենք այնպիսի երաժշտական մտածողությամբ, որը համապատասխանում է հայերենին: Ամեն լեզու ոչ միայն հնչյունաբանություն է, այլև աշխարհընկալման համակարգ: Թումանյանի Գիքորը հարցնում՝ ինչպե՞ս է իրենց Ծաղիկ կովը: Ամեն հայի համար սա Թումանյանի Գիքորի Ծաղիկ կովն է, անթարգմանելի՞, թե՞ թարգմանելի, բայց մեծապես հարազատ»:
***
«Մենք սիրում ենք լուրջ լինելու համար տխուր լինել»:
***
«Աղոթել երաժշտությամբ նշանակում է ինքդ քո մեջ լինել»:
***
«Ես շնորհակալ եմ դժվարությունների, ուրախությունների, կորուստների համար, բոլորն Աստծո տվածն է: Մարդը պետք է չարչարանք տեսնի»:
***
Մանսուրյանը`Կոմիտասի մասին
«Ինձ համար թանկ է ամբողջ Կոմիտասը, սրբություն է: Նա իր գործունեության ընթացքում տարբեր շերտերում է աշխատել: Նա այնտեղ է, որտեղ բանահյուսությունն է, հոգևոր երաժշտությունը, պարերը…»: