Երկու ժամ Բաբաջանյանի երգերի հետ
КультураՈւղիղ այդքան ժամանակ Բաբաջանյան համերգասրահի կամարների ներքո հնչում էին մեր ժամանակների մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի երգերը, որոնք, ինչպես նշեց համերգավարը, կոմպոզիտորի հոգու և սրտի երգերն էին, և դրանք կապրեն այնքան ժամանակ, որքան մենք կհիշենք Առնո Բաբաջանյանին։
Միջոցառումն ավանդական էր։ Այն կազմակերպել էր Հայաստանում գործող Ռուսական մշակույթի միջազգային կենտրոնը՝ «Հարմոնիան»։ Ամեն տարվա նոյեմբերին, Բաբաջանյանի մահվան ամսին, այդ կենտրոնը կազմակերպում է յուրահատուկ հուշ-երեկոներ նվիրված անվանի կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը։ Ներկա համերգը թվով 23-րդն էր։
Յուրահատուկ էր նաև համերգի մասնակիցների կազմը։ Նրանում, մի փոքր բացառությամբ մասնակցում էին նույն «Հարմոնիայի» կողմից կազմակերպվող «Մենք երգում ենք Բաբաջանյանի երգերը» ավանդական մրցույթի հաղթողները՝ հիմնականում տարբեր բուհերի ուսանողներ, այսինքն՝ ոչ պրոֆեսիոնալ երգիչներ։
Համերգը սկսվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Զոլոտովայիներածական խոսքով։ Բանախոսը հակիրճ վերլուծեց Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա՝ որպես կոմպոզիտորի, դաշնակահարի գործունեությանը։ Պրոֆեսոր Զոլոտովան, մեջ բերելով ժամանակի մի շարք խոշորագույն երաժիշտների՝ կոմպոզիտորների, դաշնակահարների, երգիչների կարծիքները Առնո Բաբաջանյանի մասին, վստահորեն այն համոզմունքը հայտնեց, որ Բաբաջանյանը վառ անհատականություն էր և խոր հետք է թողել 20-րդ դարի երաժշտության պատմության մեջ։ Նա, հիրավի, ըստ արժանվույն համաժողովրդական սեր էր վայելում։
Մեր մեծ հայրենակցի երգերը հնչում էին թե հայերեն, թե ռուսերեն։ Համերգի նախերգանքում հնչեց Առնո Բաբաջանյանին խմբերգերից մեկը, որը մեծ հուզականությամբ կատարեց Երևանի պետական համալսարանի երգչախումբը։
Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ուսանողներ Գոռ Հովհաննիսյանի, Հենրիխ Խաչատրյանի, Սեդա Հակոբյանի կատարմամբ մատուցվեցին «Չքնաղ երազ», «Հպարտություն», «Զղջում» երգերը։
Ասել, թե «Նոկտյուրնը»՝ մեծ կոմպոզիտորի կարապի երգը, ոչ ոքի անտարբեր չի թողնում, կնշանակի ոչինչ չասել։ Այս անգամ էլ այդ մեղեդին հանդիսատեսը լսեց քար լռությամբ, ապա դահլիճը թնդաց ծափերից։ Եվ դրանց «մեղավորը» Սևակ Մուսախանյանն էր։
Հետևյալ կատարողին ոչ միայն երկար ժամանակ թույլ չէին տալիս իջնել բեմից, այլ այնքան ծաղիկներ ու նվերներ տվեցին, որ հուզված երգչուհին չգիտեր ինչպես պահել ծաղկեփնջերն ու նվերները։ Այդ պատվին արժանացավ համերգի ամենաերիտասարդ մասնակից Անժելա Ալբերտյանը, ով հազիվ տասը տարեկան լիներ։ Այդ փոքրիկ աղջնակը, որ սովորում է Տիգրան Չուխաջյանի անվան դպրոցում, կատարեց «Ազգ փառապանծ» երգը։ & nbsp;
Այդ աղջնակին փոխարինեց Աննա Միսակյանը, որը նույն դպրոցի աշակերտուհի էր։ Նա ևս իր կատարած «Կամուրջներ» երգի համար արժանացավ ջերմ ծափողջույնների։
Կոմպոզիտորի երգերը կատարեցին նաև Պետհամալսարանի ուսանողուհիներ Արևիկ Պրազյանը, Մարիցա Տիլիկյանը, Կոնսերվատորիայի ուսանողներ Անի Միքայելյանը, Տիգրան Գրիգորյանը, Արթուր Աղաջանովը, Արտակ Բարսեղյանը, Սլավոնական համալսարանի ուսանողուհիներ Անիտա Ամիրխանյանը, Սոֆյա Գրիգորյանը, այլոք։
Համերգը եզրափակեց միջազգային մրցույթների և Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Արսեն Ստեփանյանը։ Նա կատարեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը»։ Դա այն երգն է, որով սկսվել է Առնո Բաբաջանյանի երգահանության փուլը։ «Առաջին սիրո երգը» ֆիլմի երաժշտությունը Ղազարոս Սարյանինն է։ Իսկ Բաբաջանյանն այդ ֆիլմում հնչած երգերի հեղինակն է։ Նրա՝ որպես երգահանի նորամուտը բավականին շռնդալից էր։
Ողջ երեկոյի ընթացքում երգիչներին նվագակցում էր Հայաստանի ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։
Վերջում «Հարմոնիայի» նախագահ Աիդա Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր սատարել են այս հուշ-համերգը կազմակերպելու գործը։
Լևոն Ազրոյան