Մաքսիմ Ոսկանյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Культура«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ՄԱՔՍԻՄ ՈՍԿԱՆՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ
Եվ ամոքող լույսի մի շիթ,
մտքի բեկում հանկարծակի,
ինձ տարավ մի ծանոթ երկիր,
որ նրա մեջ հավերժ փակի:
Ինձ տարավ մի ծանոթ երկիր,
ինձ տեսնելով` պապերը իմ,
խրճիթների մեջ զայրացած`
գդակներն են խփում գետնին:
Խրճիթների մեջ զայրացած`
սպասում են, որ գնամ ներս,
ու ճռռում է դուռն անցյալի`
հին ջրհորի ջրհանի պես:
Ու ճռռում է դուռն անցյալի,
ներս գնալ չեմ համարձակվում,
և օրերիս ամբոխն անձայն
ահա վրաս է հարձակվում:
Եվ օրերիս ամբոխն անձայն հալածում է չար ու անհաշտ,
նրա քինոտ հայացքի տակ
ես մոլորված փախչում եմ դաշտ:
Նրա քինոտ հայացքի տակ
դուրս են գալիս խրճիթներից
դեռ զայրացած պապերը իմ
ու գալիս են իմ հետևից:
Դեռ զայրացած պապերը իմ
ինձ գտնում են դաշտում ընկած,
նախատինքի բարի ամպ են
մորուքները սպիտակած:
Նախատինքի բարի ամպ են.
ինչու՞ մի լավ ինձ չեն թակում,
հայացքները դեռ հույսով լի`
նորից ինձ ետ են ուղարկում:
Հայացքները դեռ հույսով լի
ճամփում են ինձ նորից երկիր,
-Դու օրերին չդառնաս կեր,
և մեր խոսքը շարունակիր:
Դու օրերին չդառնաս կեր, մեր արյունն է քո մեջ հևում
մի վախենա մշուշներից,
հեռվից մենք քեզ ենք հետևում...
ՆԱԽԱՏԵՑԵՔ, ՀԱՅՐԵՐ
Նախատեցեք, հայրեր,
Մաշտոց, Նարեկացի, Խորենացի,
և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով,
ե՞րբ քայլեցի ձեր ցույց տված ճամփաներով...
Դատարկ եմ ես, ու սրտիս մեջ
ոչ մի մասունք չի մնացել,
և դատարկ է այս հարգարժան աղմուկը մեծ`
դատարկ օրեր, դատարկ դեմքեր,
դատարկ հարցեր...
Ես գրում եմ տողեր հոգնած ու նվաղուն,
ստեղծում եմ մեռնող խոտեր,
իսկ ձեր խոսքը ժայռ է ամուր`
ժամանակի խարտոցի դեմ ամուր կեցած,
գետ է զուլալ,
որ միշտ պիտի մեր մեջ հորդեր,
սակայն իմ մեջ մանկությունից
չեն փոխել հուն
ու կծկվել մնացել եմ`
անձնականիս տանիքի տակ լավ թաք կացած...
...Նախատեցեք, հայրեր,
Մաշտոց, Նարեկացի, Խորենացի
և պատմիչներ` ամպե ճերմակ հոգիներով,
այս երերուն ու նվաղուն հոգին սնեք
ձեր խոսքերի ներհուն ուժով,
գոտևորեք, հանեք ոտի,
որ վայր չընկնեմ վախկոտի պես,
երբ ժամը գա
Գարնանային Մեծ Որոտի...
Նախատեցեք մեզ,
մեր հայրեր...
***
Երբ խոսեմ Քեզ հետ,
մաքուր մտքերի ավիշը թող որ իմ մեջ բարձրանա...
և Քեզ տեսնելու մեծ ցանկությունից`
աչքերս... ծաղկեն:
Ես երանության հովն եմ զգացել,
թույլ տուր մատնվել նրա հոսանքին...
Ահա նավակն իմ`
օրհնության պայծառ Քո առագաստով,
թող որ հասնեմ Քեզ առանց վթարի...
Թող չթափանցի իմ մարմնի մեջ աղմուկը կյանքի,
և սիրո ծիլն այս չզոհվի հանկարծ`
երկրաշարժերից մարդկային հոգու...
Դու ինձ օրհնության շապիկ հագցրու,
մինչև սկսվի ավետիսը Քո առավոտների,
մինչև իմ հոգին աղավնու նման փետուրավորվի,
թևերն ամրացնի,
սովորի թռչել,
Դու ինձ օրհնության շապիկ հագցրու...