Հայաստանը հերթական անգամ ներքաշվում է աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների մեջ: Կամ գուցե արդեն ներքաշվել է?...
Թուրքիայում` Ալիև-Էրդողան, Բեռլինում` Անգելա Մերկել-Ալիև հանդիպումները, Էրդողանի լկտի հրավերքը Հալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, Գերմանիայի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր կատարելու ձգտումը… Այս ամենը պատահական զուգադիպություն չէ: Եթե ավելացնենք, որ միջազգային փորձագետները կասկածներ են հայտնում, որ Ռուսաստանը սկսել է <<խաղեր>> տալ Բալկաններում, որ Արևմուտքը մտավախություն ունի ռուսական <<կայսրության>> ընդլայնման հետ կապված և հատկապես վիճելի տարածքների հաշվին` Դոնբաս, Մերձդնեստր և Լեռնային Ղարաբաղ…Ապա այս կոնտեքստում ես պատահական չեմ համարում Գյումրու սպանդով հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու, իրադրությունը Հայաստանում ապակայունացնելու թուրքական-արևմտյան ծրագիրը: Այդ նույն շղթայում ամբողջովին տրամաբանական և <<հասկանալի>> է նաև Ադրբեջանի ակտիվացում հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմաններին և դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերն ու պատերազմ հրահրելու ակնհայտ մտադրությունը:Այս ամենը մի մեծ շղթայի օղակներ են` շաղկապված, միահյուսված և ծրագրավորված…
Մի բան պարզ է` Մերկելը Պուտինի հետ իր սկզբունքային, լուրջ, անզիջում պայքարում` բացի Բալկաններից, այլևս զբաղվելու է նաև Լեռնային Ղարաբաղով:Ցավոք պատմությունը կրկնվելու միտում ունի…Աստված ոչ անի…Շատ զգույշ ու կշռադատված քայլեր են պետք, Հայաստանը հիմա կարծես լարախաղացի կարգավիճակում լինի…Համախմբվել է պետք, միավորվել, օգտագործել համահայկական բոլոր ազդեցության միջոցները, Սփյուռքի, Հայրենիքի, Արցախի բոլոր հնարավորությունները: Կատարել նուրբ և նպատակասլաց քայլեր, պատռել Թուրքիայի դիմակը, պատմական իրողությունների խեղաթյուրման և պանթուրքական ծրագրի իրականացման նկրտումները, հակառակ դեպքում մենք էլի կունենանք միայն ու միայն կորուստներ…