Աղբի «ֆլեշմոբները» ցույց տվեցին, որ մենք քաղաքացիական հասարակություն չունենք
ՎերլուծականԱղբի հարցով մուննաթի քանակի ու որակի ամենաթեթև դիտարկումն անգամ ցույց է տալիս, որ մենք կիլոմետրով հեռու ենք քաղաքացիական հասարակություն կոչվելուց: Մարդիկ առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակը, որն իր մեջ նաև սաբոտաժի վառ դրսևորումներ է պարոնակում, շարունակում են աջ ու ձախ ակցիաներ, ֆլեշմոբեր կազմակերպել ու չարախնդալ օրվա իշխանությունների կատարած աշխատանքի վրա: Մինչդեռ, քաղաքացի լինելու անգամ փոքր-ինչ նշույլի դեպքում պատկերը կարող էր բոլորովին այլ լինել:
Եթե քաղաքացիական հասարակություն լինեինք, էլ չեմ ասում՝ կայացածի մասին, ապա մարդիկ քաղաքային իշխանություններից ոչ թե կպահանջեին, այլ օգնության ձեռք կմեկնեին: Եվ գուցե ավելի զուսպ վարքագիծ դրսևորեին աղբի «արտադրության» հարցում, քաջ գիտակցելով, որ այն վիճակն ինչ հիմա ունենք, ընդամենը ժամանակավոր երևույթ է, որի ավարտին բավական քիչ ժամանակ է մնացել:
Անկեղծ ասած, այս ընթացքը շատ կարևոր էր հասկանալու համար, թե ով՝ ում ջրաղացն է նախընտրում, կամ ով որքանո՞վ է իրեն բավարարված զգում, երբ աջ ու ձախ քաղաքային նոր իշխանություններին են փնովում:
Հարց է ծագում, որ եթե այդքան մտահոգ ենք քաղաքի մաքրության մասին այդքան մտածում ենք, ապա ինչո՞ւ այս ընթացքում այլ մոտեցում չենք ցուցաբերում: Գուցե այս ընթացքում քաղաքային իշխանություններին ավելի օգնած կլինեինք, եթե ուտել-թափելով զբաղվելու փոխարեն, հիշեինք սեփական առողջության, շատ մարզվելու և թեթև սնունդ օգտագործելու մասին: Եվ գուցե հենց դրանով իսկ օգնած կլինեինք քաղաքային իշխանություններին:
Բայց՝ ոչ, քանի որ մուննաթի բավականին ճոխ թեմա է բացվել, բոլորը որոշել են իրենց մտքի եկածը թղթին հանձնել: Եվ այդպես էլ ո՛չ մեկի մտքով անգամ չանցավ, որ ընդամենը կարելի էր այս սաբոտաժի «կուտը» չուտել ու մի քիչ համբերատար լինել, ոչ թե առավոտից երեկո չարախնդալ ու ցանկացած առիթ օգտագործելով նախորդների չարածի համար նոր իշխանություններին մեղադրել:
Ի վերջո, պետք է հասկանալ, որ երկիրն ու մայրաքաղաքը սեփական բուդկայի վերածելու ժամանակները վաղուց ավարտվել են: Եկել են նոր ժամանակներ, որտեղ քաղաքացիական կեցվածք ունեցող ցանկացած անհատ պետք է վերանայի իր վարքագիծն ու նոր միայն որոշի, թե քննադատելու իրավունք այնուամենայնիվ ձեռք բերե՞լ է, թե՞ ոչ:
Արմինե Գրիգորյան