Հռիփսիմե Ասատրյան. Բանաստեղծական ընտրանի (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)
Culture«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:
ՀՌԻՓՍԻՄԵ ԱՍԱՏՐՅԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ
***
Ես հողեղեն եմ,
Կավից կերտված,
Երկինքը Վաղուց եմ լքել
Եվ իմ արյան
Կարմիր շիթից
Աստղերը խմել
Չեն հագեցել:
Ես հողեղեն եմ,
Մեղք ու մեղր,
Ես եմ երկինքը
Աստղերով լցրել...
ԱՐՑՈՒՆՔԻ ԾԱՂԻԿ
Արցունքիս միջից
Անուշ կծաղկես,
Որպես մուգ թախիծ,
Քնքշանք որպես:
Աչքերիս խոնավ
Թացերը վրադ
Կելնես խոնարհ,
տխուր կժպտաս;
Տխուր կժպտաս
Իմ աներջանիկ
Օրերից բուսնած
Արցունքիս ծաղիկ...
ՎԱՐԴԵՆԻՍ
Այստեղից երկինքն ավելի մոտ է,
Հրե՛ն, դիպչում ես ձեռքդ մեկնելիս,
Դաշտերն ամենուր քրտինքոտ են՝
Քրտինք է խմում հողը հերկվելիս:
Արդար է հացը, հունձը մշակի,
Որ կյանքն է տվել սևահողին:
Իսկ իր սրտի անարատ ոսկին
Թռցնում է երախը հոշոտողի:
Ծաղիկների մեջ մեղուների պարսեր
Ու նանաներ աղբյուրների ակերին,
Ով նրա աղբյուրներին է հասել, Էլի է դարձել այդ հրաշքներին:
Օղակ հյուսելով լեռներ վիթխարի,
Արարման փառքը դեռ իրենց վրա, Ամուր պահում են մեջ բազուկների
Մի փոքրիկ ադամանդ-քաղաք:
Ահեղ Գեղամն է՝ թոռը հզոր Հայկի
Հիմնադրել զուլալ ջրերի ափին,
Ամենուրեք լեփ-լեցուն ցորեն ու ոսկի,
Ոսկեշենը՝ սրտում արեւ-արփին:
Կուսական, անապական ու վայրի
Տե՛ս, խոյանքներ են լեռները ձևում,
Իսկ բազմությունը մռայլ ամպերի
Մերթ կիտվում են, մերթ էլ՝ ցրվում:
Այստեղ երկինքը ավելի մոտ է,
Շուրթերդ օրհնվում են նրան երգելիս,
Ամեն երգ հոգու մի անգին աղոթք է
Ուղղված քեզ՝ իմ սեր-Վարդենիս:
***
Գիշերում եմ կարոտներում,
Անկումներով հայնեական,
Կծկվում եմ ու կռնչում
Զառանցանքով նէական:
Մութն է ճոճվում դեմքիս
Իր ժպիտով քմահաճ,
Կամաց մարում է հոգիս՝
Մահճակալին իմ գամված:
Դեմս են ելնում երկու աչքեր
Մղձավանջից այլանդակ
Խոլ գազանի պես գիշակեր
Իրենց ոճրին անգիտակ:
Գիշերում եմ ցնորքներում
Ապրումներով նէական,
Ով կիմանա ցավս անքուն,
Զառանցանքս հայնեական: