«Ամոթի գույնը» հեքիաթի ու մեր ժամանակների հեքիաթագրի մասին
КультураԾնունդով Վանաձորից Էլֆիք Զոհրաբյանը պատանիների համար հրատարակված «7 գույն» պատմվածքների ժողովածուի հեղինակներից է: Նա իր գրական-ստեղծագործական կյանքը սկսել է հեքիաթագրությամբ: Առաջին գիրքը թարգմանական է եղել: Թարգմանել է Վիլյամ Սարոյանի պիեսները, երկրորդ գիրքը «Հոգեվիճակ 13» պատմվածքների ժողովածուն է եղել, իսկ հաջորդ տարի պատրաստվում է տպագրել իր հեղինակած հեքիաթների գիրքը:
Հիշեցնենք, որ «7 գույն» պատմվածքների ժողովածուն կյանքի է կոչվել IBBY Yamada հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագծի շրջանակներում: Մրցույթին մասնակցելու հիմնական նպատակը մանկապատանեկան գրականության զարգացման խթանումն էր Հայաստանում: «Այս մրցույթը հետաքրքիր էր նրանով, որ պետք էր գրել այնպիսի գործ, որը պատանիների համար լիներ և ավելորդ է այն մտահոգությունը, թե այսօր չկա պատանիների համար ստեղծվող գրականություն: Ես փորձել եմ արդիական հեքիաթ գրել «Ամոթի գույնը» վերնագրով, ի դեպ, դա նաև արդեն հեքիաթ-պիես եմ դարձրել, բայց դեռ որևէ բեմադրիչի չեմ տվել»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց հեղինակը:
Հեքիաթագիրը նշեց նաև, որ թեև հեքիաթներ գրում է, սակայն դրանք տպագրելու համար չի դիմում խմբագրություններին: Դրա փոխարեն իր հեղինակած հեքիաթ-պիեսները բեմադրվում են հանրապետության տարբեր թատերական խմբերի կողմից: «Այս տարի Ամանորին Պատանի հանդիսատեսի թատրոնը բեմադրելու է «Ախ, այդ վհուկը» պիեսը»,- ասաց հեքիաթագիրը:
Էլֆիք Զոհրաբյանը, խոսելով իր հեքիաթների հերոսների մասին, ասաց, որ դրանք շատ տարբեր են: Մեկը ողբերգական հերոս է, մյուսը՝ բավականին կոմիկական ու հումորով լի, բայց ինչ հերոս էլ որ ընտրի, պարտադիր պայմաններից մեկն այն է, որ ասելիք ունենա: «Չեմ սիրում խրատականությունը: Դա պետք է շատ խորամանկաբար ու թաքնված լինի ենթաշերտերում, որովհետև թե´ երեխան, թե´ առհասարակ մարդը չի սիրում, երբ իրեն խրատում են: Այնուամենայնիվ, պետք է, որ և´ ժամանակի շունչը լինի հեքիաթում, և´ դասական էլեմոնտներ ունենա»,- ասում է հեղինակը:
Էլֆիքի հեղինակած «Ամոթի գույնը» հեքիաթը, որը «7 գույն» պատմվածքների ժողովածուի յոթ հեքիաթներից մեկն է, մի պատանու մասին է, ով իր սիրտը զոհաբերում է, որպեսզի մարդկությունը վերականգնի ամոթի իր գույնը, քանզի, նրա կարծիքով, եթե մարդը կորցնում է իր ամոթի գույնը, ապա կորցնում է ամեն ինչ, որը նույնիսկ գերհզոր տեխնիկական սարքերով հնարավոր չէ վերականգնել: «Այսինքն՝ ժամանակակից կյանքն է, որտեղ մի տեսարան կա, ուր վհուկները հավաքվում են, որպեսզի գուշակեն, թե որն է լինելու հաջորդ դարի ամենամեծ աղետը, որտեղ հեգնանքով և չարախնդությամբ ներկայացվում են մեր օրերը»,- անկեղծանում է հեղինակը:
Ի դեպ, նշենք, որ պատմվածքների ժողովածուն թեև նվիրված է պատանիներին, սակայն գրքում ընդգրկված յուրաքանչյուր հեքիաթում այնպիսի վարպետությամբ են մատուցվում խրատները, որ վատ չէր լինի, որ այն ընթերցեին նաև բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչները, քանի որ, անկախ սոցիալական դիրքից ու վաստակից, ամեն մեկը հնարավորություն կունենա գտնել իրեն հուզող հարցերի պատասխանը:
Արմինե Գրիգորյան