Գումարում-հանումի պարզ հաշվիչից՝ համակարգիչ
LifestyleՀամակարգիչները արդեն մի քանի տասնամյակ ուղեկցում են մարդկանց: Ներկայումս շահագործվում են 4-րդ սերնդի համակարգիչներ, չնայած որոշ մարդիկ պնդում են, որ անցում ենք կատարել 5-րդ սերնդի, քանի որ գործ ունենք բազմակորիզ պրոցեսորների հետ:
Ժամանակակից անհատական համակարգչի «նախահայրը» եղել է Բլեզ Պասկալի թվաբանական մեքենան, որի միջոցով դեռևս 1642 թվականին կարելի էր իրականացնել այնպիսի պարզ թվաբանական գործողություններ, ինչպես գումարումն ու հանումը:
Այդ մեքենան կոչվում էր «Պասկալի անիվ» կամ «Պասկալինա», և, ըստ գիտնականների, այն պատկանել է համակարգիչների զրոյական սերնդին: 17-րդ դարի վերջին մեկ այլ գիտնական՝ Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցը, ստեղծել է իր թվաբանական մեքենան, որն արդեն ունակ էր իրականացնել 4 գործողություն՝ բազմապատկում և բաժանում, հանում և գումարում: 19-րդ դարում ավարտվել է համակարգիչների զրոյական սերնդի ժամանակահատվածը:
Այդ սերնդի տեխնիկայի վերջին օրինակներից մեկը եղել է Չարլզ Բեբբիջի հորինած սարքը, որը կատարում էր հաշվարկներ` հիմք ընդունելով դակիչ քարտերում պարունակվող հրահանգների շարքը: 19-րդ դարի վերջերին Ամերիկայում հայտնվել է առաջին համակարգիչը, որն ունեցել է ստեղնաշարի նման մի բան:
Այդ սարքի գյուտարարները՝ Տարրանտն ու Ֆելտը, իրենց գյուտն անվանել են «Կոմպտոմետր»: Մոտավորապես նույն ժամանակ Հերման Հոլերիթը ԱՄՆ-ում մարդահամարի արդյունքների մշակումը արագացնելու համար ստեղծել է «վիճակագրական տաբուլ յատոր»:
Այդ սարքի մեջ դակիչ քարտերով տվյալների մշակման համար օգտագործվել է էլեկտրականություն: Սարքը մեծ տարածում է գտել, և գուտարարը ստեղծել է ընկերություն, որը 36 տարի անց վերափոխվել է հանրահայտ IBM կորպորացիայի՝ համակարգչային արդյունաբերության համաշխարհային առաջատարին: 20-րդ դարի կեսերին IBM- ի տեխնոլոգիական զարգացումներն օգտագործվել են աշխարհի շատ զարգացած երկրների կողմից:
1930-ական թվականներից ի վեր շուկայում հայտնվել են «Friden», «Monroe» և «Marchant» մեխանիկական հաշվիչները, որոնք թույլ էին տալիս իրականացնել 4 հիմնական թվաբանական գործողություն: Այդ ժամանակ էլ հենց հայտնվել է «համակարգիչ» տերմինը (անգլերենից թարգմանաբար՝ «հաշվիչ»): Առաջին ավտոմատ մեխանիկական մեքենան, որի վերահսկման համար օգտագործվել են ծրագրեր, ստեղծել է գերմանացի ինժեներ Կոնրադ Զյուսը 1938 թվականին:
Համակարգիչների երկրորդ սերունդը ստեղծվել է 20-րդ դարի կեսերին, երբ սկսել են օգտագործել լամպերը, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել արագացնել համակարգչի աշխատանքը՝ մինչև 20 000 գործողություն վայրկյանում: Առաջին էլեկտրոնային-հաշվիչ համակարգիչը հայտնվել է ԱՄՆ-ում 1945 թվականին:
Այն ստեղծել են Ջոն Մակլին և Ջոն Էկերտը: Անցել է ընդամենը մի քանի տասնամյակ, և համակարգչային արդյունաբերությունը նոր առաջընթաց է արձանագրել: Դա տեղի է ունեցել տրանզիստորների գյուտից հետո: Դրանց օգտագործումը հնարավորություն է տվել համակարգիչներ արտադրողներին նվազեցնել իրենց արտադրանքի քաշը և չափերը, ինչպես նաև մեծացնել դրանց արագությունը, որը սկսել է հասնել վայրկյանում 1 միլիոն գործողության:
1950-ական թվականներին IBM- ն սկսել է արտադրել առաջին մագնիսական սկավառակները, որոնք նախատեսված են եղել տեղեկատվությունը թվային ձևաչափով պահելու համար:
1963 թվականին մշակվել է BASIC ալգորիթմական ծրագրավորման լեզուն: Հետագայում դրա հիման վրա ստեղծվել են բարձրամակարդակ լեզուների ամբողջ ընտանիքներ: Համակարգիչների երրորդ սերունդը արտադրվել է 1965 -1980 թվականներին և առանձնացել է սիլիկոնային բյուրեղների հիման վրա կառուցված էլեկտրոնային սխեմաների օգտագործմամբ:
Անհատական համակարգիչների զարգացման պատմությանը նոր լիցք է հաղորդել Windows 95 համակարգի ստեղծումը, որում առաջին անգամ օգտագործվել է գրաֆիկա:
Համակարգիչների չորրորդ սերունդը հայտնվել է 1980-ականների վերջին և արտադրվում է մինչ օրս: Տեխնոլոգիաների զարգացումը էժանացրել է անհատական համակարգիչների արտադրության գինը և դրանք հասանելի են դարձել օգտագործողների լայն շրջանակի համար: