Պոպուլիստ գործիչները որքան արագ են հայտնվում երկրի ղեկին, այդքան արագ էլ հեռանում են. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետի ելույթները բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս: Նախ՝ ինչ-որ իմաստով վարչապետի օգտագործած բառապաշարը հարիր չի երկրի ղեկավարին, առավել ևս՝ երկրի թիվ մեկ ամբիոնից:
Հասկանալի է, որ կառավարության ղեկավարը ցանկանում է որոշակի տեսանկյունից կրեատիվ երևալ, բայց ինչ-որ համեմատականներ է տանում, անեկդոտներ և «զրիցներ» է պատմում, որոնք լիովին հազիվ տեղավորվում են շարքային ֆեյսբուքյան «քոմենթչու» մակարդակում։
Վարչապետն ուղղակի պարտավոր է հասկանալ, որ ինքը, ուզի, թե չուզի, երկրի փաստացի ղեկավարն է, և իր ամեն մի խոսքը պետք է չափված, ձևված և փաստարկված լինի:
Վարչապետի խոսքին հետևում է երկրի ողջ բնակչությունը, և այն պետք է օրինակ ծառայի քաղաքացիների համար, այլ ոչ թե օդում կախված լուրերի մակարդակի լինի:
Մյուս խնդիրը ԱԺ ամբիոնից վարչապետի արած արտահայտությունների բնույթին է վերաբերում, որոնք իրենց մեջ ատելության տարրեր են պարունակում: Ու նորից՝ նույն ոճով՝ «կպառկըցնենք ասֆալտին, կտանք պատերին»:
Մի՞թե Փաշինյանը չի գիտակցում, որ պարբերաբար այսպիսի հայտարարություններ անելով՝ ատելության նոր դոզա է սրսկում հասարակության ներսում, երբ հանրությունն առանց այն էլ պառակտված վիճակում է գտնվում:
Բացի այդ, իրեն այսպիսի արտահայտություններ թույլ տալով՝ Փաշինյանը ավելի է ընկնում ժողովրդի աչքից:
Վարչապետի ելույթի հետ կապված հաջորդ պրոբլեմատիկ հարցը վերաբերում է թալանի հետ կապված նրա հայտարարությանը, որն, ըստ էության, նշանակում է, թե վարչապետը հայտնում է ինչ-որ անձանց կողմից կատարված հանցանքի (հանցանքների) մասին և դրա մասին այնպես է հայտարարում, կարծես թե արդեն հաստատված փաստ է:
Այնինչ վարչապետը ինչ-որ մեկի մեղավորության մասին ԱԺ ամբիոնից ուղղակի առանց հիմնավորման իրավունք չունի հայտարարել, դա իրավապահ մարմինների գործն է, նրանք պետք է քննեն և պարզեն, թե կա՞ արդյոք մեղավորության մասնաբաժին, թե՞ ոչ:
Նույնիսկ երբ քրեական գործեր են հարուցվում, և իրավապահ մարմինները դրանց մասին տեսանյութեր են ներկայացնում, վերջում նշում են, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բայց վարչապետի ելույթներից տպավորություն է ստացվում, թե վերջինս իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ով է մեղավոր և ով՝ ոչ:
Եվ պատահական չէ, որ մամուլում բազմիցս նշվել է, որ այսպիսի գործելակերպով ավելի է արմատավորվում այն տեսակետը, թե վարչապետն այդպիսի հայտարարություններով ճնշումներ է գործադրում իրավապահ և դատական համակարգերի վրա:
Մյուս հարցն էլ այն է, որ երբ հանցանք կա գործված, ապա ինչո՞ւ է վարչապետը դրա մասին հիշում այն ժամանակ, երբ իրեն ձեռնտու է, այսինքն՝ այն ժամանակ, երբ առերևույթ «հանցանք» կատարած անձինք իշխանություններին անհաճո հայտարարություններ են անում կամ ուղղակի քննադատում «ամենաանսխալական», «ամենաանթերի» իշխանությանը:
Եվ արդյունքում տպավորություն է առաջանում, որ դրանից հետո է միայն «պարզվում», որ նրանք թալանչի են եղել, կոռուպցիոներ են եղել, իշխանություն են յուրացրել, մի խոսքով՝ գործել են աշխարհի ամենամեծ մեղքերը:
Իսկ եթե այդպես է եղել, ու վարչապետն իմացել է դրա մասին, ապա ինչո՞ւ է թաքցրել: Ինչո՞ւ իրավապահներն ավելի վաղ ընթացք չեն տվել այդ գործերին:
Ստացվում է, որ այս դեպքում գործ ունենք ընտրովի արդարադատության հետ, ովքեր իշխանության կողմնակիցներն են կամ չեզոք են, նրանք դառնում են մաքուր և սպիտակ, իսկ նրանք, որոնք քննադատում են իշխանություններին կամ հայտնում են դիրքորոշում, որը չի համապատասխանում իշխանական պատկերացումներին, նրանք հանցագործներ են ու խանգարում են երկրի առաջընթացին:
Տպավորություն է ստեղծվում, որ ելնելով իր լրագրողական ու ընդդիմադիր պատգամավորական փորձից՝ վարչապետը փորձում է իր ելույթը համեմել սենսացիաներով, մեծ աղմուկ առաջացնել լրատվական դաշտում, բորբոքել մարդկանց կրքերը, սակայն արդյունքում անհասկանալի հայտարարություններ է անում՝ առանց հարգելու մարդկանց և նրանց անմեղության կանխավարկածը:
Դրան գումարած՝ անընդունելի բառապաշարն ու ոճը:
Ի վերջո, եթե նույնիսկ ինչ-որ հարցերում Փաշինյանն իրավացի է (այդպես էլ կարող է լինել), հենց միայն այդ ոճաբանությունն ու բառապաշարն արդեն իսկ բացարձակ մերժելի են:
Փաշինյանն այդպես էլ չի ուզում ընդունել, որ ինքը այլևս ընդդիմադիր պատգամավոր չէ, ինքը երկիր է ներկայացնում, երկիր է կառավարում, և իր ելույթները լսում են ոչ միայն մեր երկրի ներսում, այլև դրսում:
Ուստի, եթե վարչապետը չի ցանկանում, որ որոշ ժամանակ անց իր կերպարը հանրության մոտ ասոցացվի պոպուլիզմի և անլրջության հետ, ապա պետք է լուրջ մտածի այս հարցի կապակցությամբ և հետևություններ անի, քանի որ պատմությունը ցույց է տալիս, թե ինչքան արագ պոպուլիստ գործիչները հայտնվում են երկրի ղեկին, այդքան արագ էլ հեռանում են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում