Արտաքին քաղաքականության ոլորտում էլ չկարողացան «հեղափոխություն» անել. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Տարին մոտենում է ավարտին, և ամփոփումների կարիք կա ոչ միայն ներքաղաքական գործընթացների շուրջ, այլև արտաքին քաղաքականության բնագավառում:
Քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, ապա ճկուն արտաքին քաղաքականությունը անհրաժեշտ է Հայաստանի զարգացման, անվտանգության ապահովման, արտաքին գործընկերների հետ հարաբերությունների խորացման և միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից:
Կարևոր է արձանագրել, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության ուղղության փոփոխություն տեղի չունեցավ, և, ըստ էության, ներկայիս իշխանությունները շարունակում են նախկինների արտաքին քաղաքական ուղեգիծը:
Երբ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ տարավ և ձևավորեց կառավարություն, թվում էր, թե արտաքին քաղաքականության ուղղությամբ բեկումնային ձեռքբերումներ պետք է լինեն, սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, այդ սպասումները չափազանցված էին:
Եթե դիտարկենք Հայաստանի հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ, ապա հայ-ռուսական հարաբերություններն աչքի ընկան անորոշությամբ և Ռուսաստանի կողմից նոր իշխանությունների նկատմամբ որոշակի անվստահությամբ՝ հաշվի առնելով անցյալում նրանց կողմից արտահայտված հակառուսական քաղաքական դիրքորոշումները և հայտարարությունները:
Այս հանգամանքը խոչընդոտեց, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում լուրջ ձեռքբերումներ արձանագրվեն:
Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր տարվա սկզբին պաշտոնական այցով ժամանել Հայաստան, Երևան եկավ միայն հոկտեմբերի 1-ին՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, և Հայաստանում մնաց ընդամենը մի քանի ժամ:
Սա ևս հարաբերություններում նկատվող որոշակի սառնության դրսևորում էր: Բավարար չէ նաև Հայաստանի փոխգործակցության մակարդակը Եվրամիության անդամ երկրների հետ՝ չնայած Փաշինյանը այս ընթացքում մի շարք այցեր է ունեցել ԵՄ երկրներ:
Պետք է նաև նկատի ունենալ, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների իրավապայմանագրային ամբողջ ճարտարապետությունը հիմնված է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որը ստորագրվել է դեռևս 2017 թվականին, սակայն մինչ օրս այն ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից չի վավերացվել, որպեսզի ուժի մեջ մտնի:
ՀՀ ներկայիս իշխանությունները անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել և համապատասխան աշխատանք չեն տարել, որպեսզի ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը չձգձգվի: ԵՄ-ի կազմից դուրս եկող Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների մակարդակն էլ ընդհանրապես գոհացուցիչ չէ:
Մեծ Բրիտանիան Հայաստանում չի շտապում դեսպան նշանակել՝ չնայած քննարկվում էր հայազգի Ալեն Գոգբաշյանի նշանակման հարցը, սակայն նրա հաստատված թեկնածությունը չեղարկվեց:
Սա արդեն լուրջ մեսիջ է, և պատահական չէ, որ որոշ փորձագետներ այս հանգամանքը կապում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի հետ: Տարվա ընթացքում դրական դինամիկա չգրանցվեց նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ:
Ճիշտ է՝ սեպտեմբերին վարչապետ Փաշինյանը բավական մեծ պատվիրակությամբ մեկնել էր ԱՄՆ, շփվել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չունեցավ ԱՄՆ կառավարության անդամների հետ և չկարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել. դրա փոխարեն այդ այցը կլորիկ գումար արժեցավ ՀՀ պետբյուջեի վրա:
Փաշինյանը աշխատանքային այցով եղավ նաև ասիական խոշոր խաղացող Չինաստանում և հանդիպում ունեցավ ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից հայ-չինական հարաբերությունները դրա արդյունքում լուրջ տեղաշարժ չգրանցեցին:
Փաստորեն ստացվում է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններն ունեն բազմաթիվ թերացումներ, և պետք է 2020 թվականին ներքաղաքական խնդիրների վրա կենտրոնանալու և անցյալի դեմ կռիվ տալու փոխարեն հնարավորություն գտնեն այդ բացթողումներն ուղղելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում