Կառավարությունն իր աշխատանքը պլանավորում է կարճաժամկետ հեռանկարի համար՝ չունենալով ռազմավարական պլանավորում. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Գործող իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նրանց քայլերի հաջորդականությունը հետաքրքիր իրողություն է բացահայտում։ Իշխանությունների հիմնական քայլերն ըստ էության որևէ տրամաբանության չեն ենթարկվում։ Եվ հարց է ծագում, թե այդ դեպքում ի՞նչ սկզբունքով են նրանք աշխատում։
Հիմնական մոտեցումը, որը դրսևորվում է իշխանությունների գործունեության մեջ, ժողովրդահաճությունն է, այլ ոչ թե իրենց աշխատանքի տեսանելի արդյունքները։ Իսկ այսպիսի գործելաոճը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ իշխանության կազմում քիչ թիվ են կազմում պրոֆեսիոնալները, այլ նաև նրանով, որ կառավարությունը չունի ծրագիր և ռազմավարություն, թե ինչ նպատակներ պետք է դրվեն, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել երկրի զարգացմանը և բարգավաճմանը։
Իսկ ծրագրային մոտեցման դեպքում իշխանությունները պետք է իրենց գործողությունները պլանավորեին երկարաժամկետ հեռանկարով և ձևավորեին դրա համար նախատեսված տեսլական։
Սակայն դրա փոխարեն կառավարությունն իր աշխատանքը պլանավորում է կարճաժամկետ հեռանարի համար, որպեսզի ժողովրդին տեսանելի ինչ-որ պատկեր ցույց տալու հնարավորություն ունենա, սակայն երկարաժամկետ և ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի արդյունքներն այդքան արագ ցույց չեն տալիս իրենց արդյունքները, և տևական ու համառ աշխատանք է պետք դրան հասնելու համար։
Լուրջ հարց է նաև այն, որ կառավարությունը պետք է հաշվի առնի, թե իր կողմից կատարվող քայլերն ինչ արդյունք կարող են տալ հետագայում, քանի որ այսօր հանրության համար իրականացվող դրական որևէ նախաձեռնությունը ապագայում կարող է բացասական դրսևորումներ ունենալ։
Դրանից է, որ շատ հաճախ կառավարության կողմից ընդունվող որոշումները և ձեռնարկվող քայլերը հակասական բնույթ են կրում։ Այսինքն՝ գործադիրը մի որոշում է ընդունում, իսկ երբ որոշ ժամանակ հետո դրա շուրջ բուռն աղմուկ է բարձրանում, սկսում է արդեն խուճապահար փոխել իր որոշումը, կամ նոր որոշումներ ընդունել։
Որպեսզի այսպիսի երևույթների ականատես չլինենք, անհրաժեշտ է, որ իշխանությունն ախտորոշի ստեղծված իրավիճակը և կանխի հանրության համար հնարավոր բացասական զարգացումները, այլ ոչ թե սպասի, որ դանակը ոսկորին հասնի, նոր սկսի միջոցներ ձեռնարկել։
Այսպես, օրինակ՝ կառավարությունը որոշ հակաճգնաժամային փաթեթների շուրջ մեծ աժիոտաժ բարձրացնելու և ժողովրդի աչքին բարձրանալու ճիգերի հետ մեկտեղ պետք է արդեն իսկ այսօր մտածի, թե ինչ ծրագրային վերափոխումներ են անհրաժեշտ իրականացնել տնտեսության մեջ, որպեսզի Հայաստանի սոցիալական և տնտեսական վիճակը կտրուկ չվատանա։
Խնդիրն այն է, որ իրավիճակը սպասարկման և արտադրական ոլորտի որոշ ճյուղերում (օրինակ՝ հյուրանոցային բիզնես, զբոսաշրջային ոլորտ, ավիաբիզնես և այլն) այն չի լինելու, ինչպես նախկինում էր։ Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռևս երկար ժամանակ է պահանջվելու, որպեսզի այս ոլորտները վերականգնվեն ու բիզնեսը կրկին ոտքի կանգնի։
Սակայն պետք է հաշվի առնել, որ տնտեսության այս ճյուղերում հազարավոր մարդիկ են աշխատում, ովքեր եկամուտ ունենալու խնդրի առաջ են կանգնելու։ Ենթադրենք, որ այդ քաղաքացիները այս մի ամիսն էլ կարողացան գոյատևել կառավարության տրամադրած աջակցությամբ, իսկ հետո ի՞նչ է լինելու նրանց հետ։
Որպեսզի կառավարությունը կարողանա թուլացնել իր վրա եղած բեռը և հնարավորություն տա փոքրացնել ամենից շատ տուժած բիզնեսների կորուստների չափը, ապա պետք է հիմիկվանից փորձի վերապրոֆիլավորել այդ բիզնեսները, որոնք կարող են գործունեություն ծավալել նաև այլ ոլորտներում (օրինակ՝ գյուղատնտեսություն, շինարարություն և այլն), մինչև իրենց ճյուղերում իրավիճակը կբարելավվի։
Ու այդ քաղաքացիները հնարավորություն կունենան գոնե իրենց պահանջմունքների մի մասը բավարարել այդ աշխատանքի միջոցով։ Չէ՞ որ ճգնաժամային այս փուլը ենթադրում է, որ տնտեսության որոշ ճյուղերի վրա ծանրաբեռնվածությունը մեծանալու է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում