Պետք է պատրաստ լինել ճգնաժամային իրավիճակի վատագույն զարգացման տարբերակին, այլ ոչ թե զբաղվել էժանագին դիվիդենտներ շահելով․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Արտակարգ դրությունը և ճգնաժամային իրավիճակը հանրության հետ լուրջ աշխատանք է ենթադրում, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Իսկ զարգացումները վերահսկելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել հանրության համախմբման համար, որպեսզի կարողանանք սահուն կերպով հաղթահարել ճգնաժամը։
Տրամաբանական կարող էր թվալ, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում քաղաքական գործընթացների որոշակի պասիվացում պետք է նկատվեր, և հասարակության ու իշխանությունների ուշադրությունը սևեռվեր միայն առկա խնդիրները լուծելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցերի վրա։
Սակայն մենք ականատես ենք լինում մի երևույթի, որ երբ քաղաքական գործընթացների ակտիվություն է նկատվում, հանրության տարբեր հատվածների միջև թշնամանքը շարունակում է խորանալ և խորը արմատներ գցել։ Իսկ հասարակության համախմբման վերաբերյալ ակնկալիքներն այդպես էլ իրականություն չեն դառնում։
Դա է պատճառը, որ անհանդուրժողականությունը անասելի չափերի է հասել, և նույնիսկ ԱԺ ամբիոնից ականատես ենք լինում թշնամանքով լեցուն, գռեհիկ բանավեճերի, տեղին-անտեղին փոխադարձ մեղադրանքների։
Եվ այս իրավիճակի մեջ ամենամեծ պատասխանատվության բաժինն ունի հենց իշխանությունը, որը իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ելքեր փնտրելու փոխարեն, պրիմիտիվ բանավեճերի մեջ է ներգրավվել և փորձում է հանրության հետ անհրաժեշտ աշխատանք տանելու հարցում իր անգործությունը շեղել արդեն երկու տարի խոսակցության առարկա դարձած թեմաներով՝ թալանվածը հետ բերելու, սաբոտաժից ազատվելու, հեղափոխությունը ավարտին հասցնելու մասին խոսակցություններով։
Իսկ մինչ իշխանությունները զբաղված են այս խոսակցություններով ու հանրությանը որոշակի խմբերի աջակցություն տրամադրելուն միտված մի քանի փաթեթները որպես իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակ ներկայացնելով՝ քաղաքացիների շրջանում գեներացվում են նոր դժգոհություններ։
Խնդիրն այն է, որ կառավարությունը, քաղաքացիների խնդիրները հասկանալու ու հերթով լուծելու ճանապարհով գնալու փոխարեն, իրավիճակը լիովին չպատկերացնելու հետևանքով իրարամերժ քայլեր է ձեռնարկում։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «լայվերից» մեկում նման միտք արտահայտեց. «Ձեր հետագա գործողությունների, դիրքորոշումների համար ընդունեք ի գիտություն, որ մենք մի բան ենք հայտարարել ու հիմա հակառակն ենք հայտարարում, կարող եք մեզ այդ պատճառով, այո՛, համարել վատ կառավարություն, հայհոյեք մեզ, վիրավորվեք, բայց մենք չգիտեինք, որ սպեկուլ յատիվ բաներ են տեղի ունենալու, որ երկարելու է այս իրավիճակը:
Ես ասում եմ՝ մեկ տարի, բայց դուք ավելի երկար նկատի ունեցեք: Ճգնաժամն այն է, երբ բոլորն են տուժելու, բոլորը՝ սոցիալական, տնտեսական առումով, տուժելու է Կառավարությունը, քաղաքացիները, ղեկավարության հեղինակությունը»:
Սա փաստացի նշանակում է, որ վարչապետն ինքն էլ ընդունում է, որ պետք է պատրաստ լինել երկարատև ճգնաժամի, ավելին՝ ճգնաժամի վատագույն սցենարներին:
Մյուս կողմից՝ վարչապետը փաստորեն պատասխանատվությունը գցում է իրենց վրայից. դե, համաշխարհային ճգնաժամ է, մենք ինչ կարող ենք անել, մեր միակ մեղքն այն է, որ ինչոր հարցում «մենք մի բան ենք հայտարարել ու հիմա հակառակն ենք հայտարարում»:
Դեռ մի կողմ թողնենք, որ այս իշխանությունների դեպքում այդպես էլ ոչ թե մեկ կամ երկու հարցում, այլ հարցերի մեծամասնության պարագայում: Բայց սա այլ թեմա է, որին դեռ հարկ կլինի անդրադառնալ:
Այսօր շատ ավելի կարևոր է կենտրոնանալ երկարատև ճգնաժամի առավելագույն հաղթահարման խնդիրների վրա: Իսկ այս ճգնաժամային իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է, որ իշխանությունները իրենց ձեռքի տակ ունենան իրավիճակի զարգացման համապատասխան սցենարներ, աշխատեն միջազգային գործընկերների հետ և պատրաստ լինեն իրավիճակի զարգացման ամենավատ տարբերակին, այլ ոչ թե զբաղվեն քաղաքական ճղճիմ հարցերով և էժանագին դիվիդենտներ շահելով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում