Մրցունակ կրթություն ունենալու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան ռազմավարություն ոչ ստանդարտ իրավիճակների համար․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Կորոնավիրուսի համավարակը մեծ փոփոխություններ է մտցրել ինչպես տնտեսության և առողջապահության մեջ, այնպես էլ կրթական համակարգում։ Եվ պատահական չէ, որ համավարակի արդյունքում կրթական համակարգի գործունեությունը տեղափոխվել է այլ հարթություն։
Առկա կրթական գործընթացներին փոխարինելու է եկել հեռավար կրթությունը, որի իրականացումը կապված է մի շարք լրացուցիչ բարդությունների հետ։ Նախ՝ Հայաստանը պատրաստ չէր հեռավար կրթության իրականացմանը, և նախկինում այս պրակտիկան երբևէ չի կիրառվել։
Հեռավար կրթության իրականացումը ցույց տվեց, որ բնակչությունն ապահովված չէ համապատասխան տեխնիկական միջոցներով։ Դա է պատճառը, որ այս օրերին մեծ թվով աշակերտներ դուրս են մնացել հեռավար կերպով անցկացվող ուսումնական գործընթացներից։
Առանձնապես խնդիրներ են առաջանում այն ընտանիքներում, որտեղ կան երկու և ավելի դպրոցահասակ երեխաներ, ինչի դեպքում հնարավոր չէ ապահովել միաժամանակյա հեռավար դասերի անցկացումը, քանի որ տեխնիկական միջոցները սուղ են։ Լուրջ խնդիրներ կան նաև աշակերտների և ուսուցիչների՝ տեխնիկական միջոցներն օգտագործելու գիտելիքների հետ կապված։ Նրանցից շատերը չունեն համապատասխան տեղեկատվություն, թե ինչպես և ինչ ծրագրերի միջոցով կարելի է կիրառել հեռավար ուսուցման տեխնոլոգիաները, ինչքանով են դրանք անվտանգության առումով ապահով և այլն։
Բացի դրանից, չկան հստակ կանոնակարգումներ, թե որքան ժամանակ է թույլատրվում աշակերտներին անցկացնել համակարգչի առաջ, քանի որ այն կարող է վնասակար լինել նրանց առողջության համար։ Բացի այդ, երկարատև դասապրոցեսը կարող է հոգնեցուցիչ լինել նաև ուսուցիչների համար։
Այս խնդրից ելնելով՝ պետք է փոփոխություններ կատարվեն դասաժամերի հետ կապված, և հիմնական շեշտը դրվի ոչ թե դրանց տևողության, այլ դասապրոցեսի ինտենսիվության և արդյունավետության վրա։
Մյուս կողմից՝ նաև նախատեսված չէ, թե ինչպես է կարգավորվելու բացակայությունների հարցը։ Ուստի հեռավար կրթության խնդիրների հետ կապված աշակերտներն ի վիճակի չեն ամբողջական ձևով ստանալ իրենց անհրաժեշտ գիտելիքները։
Եվ այս առումով կրթությունը մնում է թերի հատկապես այն պայմաններում, երբ մեր կրթական համակարգը հետ է մնում ժամանակակից զարգացումներից և չի արտացոլում աշխատաշուկայի պահանջները։
Իսկ իշխանություններն ամեն առիթով խոսում են գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու և աշխատաշուկայի պահանջներն ապահովելու մասին, սակայն պատկերացում չունեն, թե ինչպիսի գործուն մեխանիզմներ կարելի է կիրառել կրթության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Իսկ մրցունակ դպրոցական կրթություն ունենալու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան ռազմավարություն, որում հաշվի կառնվի կրթական գործընթացի իրականացումն ինչպես ստանդարտ, այնպես էլ ոչ ստանդարտ և ֆորսմաժորային իրավիճակներում։
Վերջապես, ցանկացած որոշման հիմքում պետք է ընկած լինեն մանրամասն մասնագիտական քննարկումները, որպեսզի հնարավոր լինի խուսափել այսրոպեական, «ոտքի վրա» ընդունված որոշումներից, որոնք հաճախ հակասում են միմյանց:
Ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք խոսել այն մասին, որ այս իշխանությունները հաճախ են ընդունում որոշումներ, ապա երկար ժամանակ զբաղվում դրանց «սրբագրմամբ» ու «խմբագրմամբ»: Այսինքն, նախ՝ անում են՝ ինչ մտքներով անցնի, հետո նոր մտածում հետևանքների մասին: Այնինչ, հատկապես կրթության ոլորտում չափազանց վտանգավոր են նման «փորձարարությունները», որոնք աշակերտներին, ուսանողներին, ծնողներին դնում են ծանր կացության մեջ, մյուս կողմից էլ՝ վտանգում են ողջ կրթական համակարգը՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում