Ովքե՞ր են աշխարհի ամենահայտնի ծնծղա արտադրողները.«Փաստ»
Event of the day«Փաստ» օրաթերթը գրում է
Ծնծղան հարվածային երաժշտական գործիք է անորոշ բարձրության հնչողությամբ: Այս երաժշտական գործիքը հատուկ համաձուլվածքներից պատրաստված ուռուցիկաձև սկավառակ է, որի մեջտեղում կա անցք՝ նախատեսված գործիքը ձգանին կամ պարանին ամրացնելու համար:
Գործիքը նվագելու հիմնական հնարքներից են կախված սկավառակներին հարվածները տարբեր փայտիկներով և թակիչներով, զույգ ծնծղաներով միմյանց հարվածներ հասցնելը և նվագը աղեղով: Ձայնը դադարում է այն ժամանակ, երբ երաժիշտը սկավառակները դնում է կրծքին: Երաժիշտների խոսակցականում երբեմն ծնծղաները անվանում են «երկաթ», իսկ ռուսերենում ծնծղայի անունը ուղղակի ափսե է: Ծնծղան հայտնի է վաղ ժամանակներից Հայաստանում (մ.թ.ա. VII դար), Չինաստանում, Հնդկաստանում, ավելի ուշ՝ Հունաստանում և Թուրքիայում: Տարբեր վայրերում դրանք տարբեր կերպ են անվանվել: Հնդկական ծագման հարվածող ծնծղաները կոչվել են տաալ, ջալրա կամ ջինի, որոնք արձակել են բարձրորակ հարվածային հնչյուններ:
Իրենց ամենապարզ ձևով դրանք ձեռքի փոքրիկ ծնծղաներ են եղել: Զիլլը այն ծնծղան է, որն օգտագործվել է պորտապարի ժամանակ: Կիմբալան զույգ հարվածային երաժշտական գործիք է, որը հայտնի է վաղ ժամանակներից և ժամանակակից ծնծղայի նախատիպն է հանդիսանում:
Օրինակ՝ պոմպեական մի խճանկարում՝ մ.թ.ա. 150-125 թվականներով թվագրված, երևում է, թե ինչպես է երաժիշտը կիմբալա նվագում: Ժամանակակից նվագախմբերում հարվածային գործիքների խմբի ավելացման հետ մեկտեղ ծնծղան առաջին անգամ ի հայտ է եկել հավանաբար Գլ յուկի ստեղծագործություններում: 18-րդ դարի վերջում` Հայդնի և Մոցարտի ժամանակաշրջանում, ծնծղաները (մեծ թմբուկի և եռանկյունու հետ մեկտեղ) օպերային ստեղծագործություններում հազվադեպ են պատահել, այն էլ միայն բարբարոսական կամ թուրքական կոլորիտը արտացոլելու նպատակով (ենիչերական երաժշտություն):
Սիմֆոնիաներում ծնծղաները եղել են միայն մեկ անգամ Հայդնի «Ռազմական սիմֆոնիայում», ինչը բացառություն էր այն ժամանակի համար: 19-րդ դարի երկրորդ քառորդի համերգային ստեղծագործություններում ծնծղաները արդեն գրեթե բոլորում ներկա են եղել: Բեռլիոզը բողոքում էր այն ժամանակվա նվագախմբերի անկատարությունից և նշում, որ «ծնծղաները միշտ ճաքած են կամ կոտրված»: 19-րդ դարի վերջին տասնամյակում նվագախմբում որպես նոր երևույթ է դարձել փայտիկով կամ եռանկյունու «գամով» ծնծղային կտրուկ հարվածելը:
Դեռևս 1516-րդ դարերում հայ վարպետների կողմից հիմնադրված Zildjian (Զիլճյան) ընկերությունը առաջատար դիրք է գրավել աշխարհի հարվածային գործիքներ, այդ թվում՝ ծնծղա արտադրողների շարքում։ Տիրապետելով հատուկ համաձուլվածքի ստացման եղանակներին՝ Զիլճյան ընտանիքը այդ գաղտնիքը փոխանցել է սերնդե սերունդ՝ հաղորդելով միայն ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներին:
Մինչև 1915 թվականի Եղեռնը, ապրելով Կոստանդնուպոլսում, Զիլճյանների ընտանիքի ողջ մնացած անդամները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ զարգացնելով և կատարելագործելով ընտանեկան գործը՝ այն հասցրել են նոր մակարդակի: 1981 թվականին, ընտանեկան վեճի արդյունքում, Ռոբերտ Զիլճյանը հեռացել է ընկերությունից և Կանադայում հիմնել է Sabian ընկերությունը, որը այժմ ևս նույնպես առաջատար դիրք է գրավում ծնծղա արտադրողների համաշխարհային շուկայում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում