Երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի անկումն առավել խորը չի եղել ընդերքի հաշվին․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Չնայած կորոնավիրուսի համավարակը դեռևս հաղթահարված չէ, բայց ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում տնտեսական վերականգնման հարցը դարձել է առավել քան հրատապ։ Սակայն արագ տեմպերով տնտեսության վերականգնմանը հասնելը հեշտ գործ չէ, և այդ նպատակն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ախտորոշել իրավիճակը, հասկանալ նախորդ ամիսների գրանցված արդյունքները և տեսնել, թե ինչպիսի պայմաններ են ստեղծված տնտեսության ճյուղերում և ինչ վերականգնման հնարավոր սցենարներ կարող են գործի դրվել։
Իրավիճակը գնահատելու տեսանկյունից որպես փաստական տվյալներ կարող են առաջինը դիտարկվել վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ Օրերս պարզ դարձան 2020 թ. 2-րդ եռամսյակի տվյալները, ըստ որոնց, ՀՀ-ում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած նվազել է 13,7 %-ով, իսկ 2020 թ. առաջին եռամսյակի նկատմամբ անկումը եղել է 0,4 %: Ըստ էության, հրապարակված ցուցանիշները վկայում են, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունը գտնվել է խոր անկման մեջ։
Եվ սա պատահական չէ, քանի որ երկրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանը գտնվում էր կորոնավիրուսի տարածման ինտենսիվ փուլում և խիստ սահմանափակումները կիրառության մեջ էին, այդ թվում՝ տնտեսական գործունեության, և սահմանափակումներից շատերը միայն մայիսին հանվեցին։ Նկատենք, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն մարդկանց բարեկեցության, կենսակերպի մակարդակի տեսանկյունից էական ցուցիչ է։
Դրա նվազումը վկայում է այն մասին, որը մարդկանց բարեկեցությունը ևս նվազել է, աճել է գործազրկությունը։ Իսկ իրավիճակը գնահատելու տեսանկյունից շատ կարևոր է վերլուծել գրանցված ցուցանիշների կառուցվածքը, տեսնել, թե որ ուղղություններով կարելի է խթանել տնտեսական զարգացումը։ Երկրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշները վկայում են, որ 13,7 % տնտեսական անկման վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել են առևտրի ու ծառայությունների ոլորտը, որը վերջին տարիներին ապահովում է Հայաստանի համախառն ներքին արդյունքի կեսից ավելին։
Եվ այս ֆոնին ուշագրավ է, որ վիճակագրական կոմիտեի առանձնացրած քսան ոլորտներից միայն մի քանիսն են երկրորդ եռամսյակը աճով փակել։ Դրանք են՝ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, կապը, ֆինանսական ոլորտը, կրթությունը և պետական կառավարումը (պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն):
Հետաքրքրական է իրավիճակը հատկապես հանքարդյունաբերության ոլորտում։ Դատելով հանքարդյունաբերության ցուցանիշներից՝ դժվար կլիներ ենթադրել, որ երկրում տնտեսական ճգնաժամ է, առավել ևս արտակարգ դրություն է հայտարարվել։ Խնդիրն այն է, որ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ծավալները այս տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, 22,4 %-ով ավելացել են։
Սա փաստում է այն մասին, որ տնտեսական անկումն ավելի խորը չի եղել նրա հաշվին, որ հանքարդյունաբերությունը երկնիշ թվով աճ է գրանցել։ Այս հանգամանքը բավականին հատկանշական է այն համատեքստում, որ վարչապետ Փաշինյանը նախկին իշխանություններին մեղադրում էր նրանում, թե Հայաստանի ընդերքը թալանվում է։ Այսինքն, հումքն առանց վերամշակման, էժան գնով հանվում և վաճառվում է արտերկրում։ Բայց եթե շարժվենք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա ստացվում է այնպես, որ հենց Փաշինյանի իշխանավարման ժամանակաշրջանում է ամենաշատն ընդերքը թալանվում։
Էլ չենք խոսում այն մասին, որ վարչապետ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Հայաստանի տնտեսությունը երեք սյուների վրա է հենված՝ ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և խաղատնային բիզնես և պետք է ամբողջությամբ փոխել այդ կառուցվածքը ու ունենալ բարձրտեխնոլոգիական տնտեսություն։ Սակայն թե որքանով է տեխնոլոգիապես հագեցած մեր տնտեսությունը ներկայումս, դատեք ինքներդ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում