Ինչո՞ւ այսքան չարացանք, կամ՝ երբ թիրախում ընտանիքն է․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Զգացե՞լ եք՝ որքան բացասական էներգիա կա մեր շուրջբոլորը: Ամեն ինչ մռայլ է, լավատեսությունը պակասել է, բոլորը դժգոհում են, բոլորը խնդիրներ ունեն: Առկա վիճակը սև հումորի նման կատակի թեմա է դարձել շատերի համար: Հարցնում ես՝ ո՞նց ես, ասում է՝ երկրիս պես, կայուն ծանր: Բացասական էներգիան, որ կուտակվել էր ոչ առաջին տարին, դուրս է հորդում, թիրախ են դառնում բոլորը՝ պաշտոնյայից մինչև բանվոր, ուսուցչից մինչև հոգեբան, բժշկից մինչև նախարար: Բոլորը թիրախում են: Սոցիալական ցանցերն էլ ուղղակի անկառավարելի են, բոլորն ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում, բայց ի՞նչ գնով՝ ուրիշին վիրավորելու, կարծիքը չլսելու, հայհոյելու, անպատիվ խոսքեր ասելու միջոցով:
Տեսնես ինչո՞ւ այսպես ստացվեց: Մեր մեջ այսքան մաղձ, ատելություն ինչո՞ւ կուտակվեց, ինչո՞ւ մենք չենք կարողանում այն «ջրին պատմել» ու առաջ գնալ: Ամենասարսափելին այն է, երբ սոցիալական ցանցերում ամենատարբեր նյութերի ու գրառումների տակ սկսում են հայհոյել, միմյանց անպատվել կանայք, սարսափելի «մաղթանքներ» հղել մեկմեկու: Բայց սա էլ ողբերգության գագաթնակետը չէ: Քաղաքական այս կամ այն գործիչը մայրացել է, կարևոր չէ՝ ով, սա չէ քննարկման առարկան, «սխալվում» և սոցիալական ցանցի իր էջում հրապարակում է երեխայի լուսանկարը: Կարդում ես մեկնաբանությունները՝ եռման ջուրը լցվում է գլխիդ՝ հայհոյանքներ, ցասում, բարկություն, քիչ էլ մնա՝ անեծքներ:
Զազրելին այն է, որ տղամարդիկ էլ սկսում են քննարկել երեխայի ծագումնաբանությունը, հոր ինքնությունը, սուրոգատ մոր օգնությամբ լույս աշխարհ գալու հավանականությունը: Դուք հասկանո՞ւմ եք՝ տղամարդիկ, որոնք այդ ժամին ամենաքիչը պետք է աշխատանքի լինեին կամ էլ այգում զբոսնեին իրենց երեխաների կամ սիրելիների հետ, համացանցային տիրույթում ինչ-որ մեկի, իրենց համար անծանոթ մեկի անձնական, նեղ անձնական կյանքն են քննարկում: Ինչո՞ւ է այդպես՝ պարա՞պ են, թե՞ չարացած: Գուցե երկուսը մեկում: Դու կարող ես բանավիճել քաղաքական ու հասարակական գործիչների հետ, ընդունել կամ չընդունել նրանց վարած քաղաքականությունը, քննադատել, քննարկել:
Ի վերջո, որևէ մեկը չի կարող ստիպել մեզ չլինել պահանջատեր քաղաքացի, սակայն այս ամենում որևէ դերակատարում չպետք է ունենա մարդու երեխան կամ ընտանիքը: Դա փակ տիրույթ է, որին անգամ մոտ գնալու մասին չպետք է մտածել: Չես ուզում արևշատություն կամ էլ բարեմաղթանքներ հղել, քո իրավունքն է, բայց եղիր այնքան նրբանկատ, որ քո՝ որևէ մեկին չհետաքրքրող կարծիքը կոնկրետ այս հարցում քո մեջ պահես: Իհարկե, բացառված չէ, որ մեկ օր չարությունից կարող ես պայթել, հուսանք՝ այդ պահին շուրջդ որևէ մեկը չի լինի:
Ընկել ենք մի շրջապտույտի մեջ, որից որևէ կերպ չենք կարողանում դուրս գալ, և որևէ մեկը չի էլ կարող երաշխավորել, որ կգտնի ելքը: Ասում են՝ ձուկը գլխից է հոտում: Իսկ ժողովուրդը միշտ է հանճարեղ, ինչո՞ւ են ընտանիքում խնդիրներ ի հայտ գալիս, որովհետև ինչ-որ պահի մի բան այնպես չի գնում, ընտանիքի անդամների տեղերն ու դերերը խառնվում են իրար, և հենց այդ պահին էլ սկսվում է մղձավանջը: Իսկ ի՞նչ է պետությունը, եթե ոչ ընտանիքի ավելի մեծ մոդելը: Դրա բոլոր ճյուղերը պետք է ժամացույցի ճշգրտությամբ աշխատեն, մարդիկ իրենց տեղերում պետք է լինեն, միայն այդ դեպքում ի հայտ եկող խնդիրները, որոնցից խուսափել հնարավոր չի լինի, արագ և առավելագույնս առանց հետևանքների լուծում կստանան:
Ստեղծված իրավիճակում լուծումներ ակնկալելը, երևի թե, ֆանտաստիկայի ժանրից է: Թերևս մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ «միացնի» դաստիարակված լինելու կոճակը և երբեք չանջատի այն, հակառակ դեպքում մաս դառնալով անպտուղ բանավեճի՝ քայքայում ես նյարդերդ, կորցնում ժամանակդ, որը կարող ես ավելի հետաքրքիր անցկացնել: Ի դեպ, ձուկը գլխից հոտած լինելու մասին: Ունե՞նք երաշխիք, որ եթե այն մի օր որոշի առողջանալ ու սթափվել, պոչն ու մեջքը վերջնականապես քայքայված չեն լինի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում