Գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ապակառուցողական Ադրբեջանի «ձեռագիրը»․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Շատ հաճախ փորձ է արվում Արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես զուտ որպես տարածքային կոնֆլիկտ, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Հակամարտությունը խորը պատմական արմատներ ունի, քանի որ ժամանակին խորհրդային իշխանությունները արցախահայությանը վերաբերող անարդար որոշումներ ընդունեցին։ Էթնոքաղաքական գործոնը ևս հակամարտությանը բնորոշ տարր է, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հայաթափել Արցախը և անեքսիայի ենթարկել տարածքը։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից կոնֆլիկտի հետագա սրացումը նաև լուրջ վտանգներ կարող է ստեղծել ողջ տարածաշրջանի ապակայունացման համար, մանավանդ որ հակամարտության գոտի են ներթափանցում իսլամիստ ահաբեկիչներ։
Եվ հաշվի առնելով հակամարտության բարդությունը և պատմական արմատները՝ այն վերջ դնելու և լուծելու նպատակով ստեղծվել է հատուկ միջազգային ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տեսքով։ Իսկ խնդրի կարգավորման շուրջ տարիներ շարունակ բանակցային գործընթացը տեղի է ունեցել համանախագահող երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան, հովանու ներքո։ Բանակցությունների արդյունքում ձևավորվել են հակամարտության կարգավորման հայտնի սկզբունքները, այն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ուժ կամ ուժի սպառնալիքի չկիրառում և տարածքային ամբողջականություն։
Եվ միջնորդ երկրները փորձել են խնդրի կարգավորման ողջ օրակարգը կառուցել հենց այս սկզբունքների վրա և քայլ առ քայլ մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Բայց Ադրբեջանն անընդհատ փորձել է տապալել բանակցությունները, որպեսզի հիմքեր ստեղծի Արցախում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Ուստի պաշտոնական Բաքվի դիրքորոշումը միշտ ուղեկցվել է առավելապաշտական մոտեցմամբ։ Ի հակադրություն հայկական կողմի այն դիրքորոշման, որ Արցախյան հիմնախնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ընդունված սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակի ընթացքում ավելի է ուժգնացրել իր պատերազմական հռետորաբանությունը և ցանկացած առիթի դեպքում հայտարարել, թե հակամարտությունը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա։
Ըստ էության, Ադրբեջանը բանակցային հարթակում առաջնորդվում է ամեն ինչ կամ ոչինչ սկզբունքով։ Բաքուն չի դրսևորում փոխզիջման որևէ պատրաստակամություն և ամեն ինչ անում է ձեռք բերված ամենաչնչին պայմանավորվածությունները ջուրը գցելու համար։ Եվ այս տեսանկյունից զարմանքի տեղիք է տալիս Ալիևի՝ օրերս արած այն հայտարարությունը, թե Հայաստանը պետք է հայտարարի, որ կողմ է սկզբունքներին, որոնք մշակվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ համատեղ: Այնինչ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել բանակցությունների միջոցով խնդրի կարգավորմանը, սակայն Ադրբեջանն ամեն ջանք գործադրել է հակամարտության լուծումը ռազմական հարթություն տեղափոխելու համար։
Ավելին՝ Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից չբխող քայլեր է ձեռնարկում՝ ոչ միայն Արցախի նկատմամբ դիմելով բացահայտ ագրեսիայի, այլև փորձեր կատարելով բանակցային ձևաչափը փոխելու ուղղությամբ։ Դրանով է պայմանավորված, որ Անկարայի թելադրանքով Բաքվից պարբերաբար քննադատություններ են հնչում Մինսկի խմբի համանախագահության գործունեության վերաբերյալ և հայտարարություններ են արվում Թուրքիային համանախագահող երկիր դարձնելու անհրաժեշտության մասին։
Մեծ հաշվով, այս պայմաններում բանակցությունները գործնականում կորցնում են իրենց նշանակությունը, մինչև Ադրբեջանը չտեղափոխվի կառուցողական դաշտ։ Իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում գործադրվի, կամ էլ հայկական բանակը խորտակիչ հարված հասցնի հակառակորդին մարտադաշտում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում