Ժամանակն է մտածել ոչ թե հետևանքները վերացնելու, այլ խնդիրները նախականխելու մասին
AnalysisՏարիների կուտակված խնդիրները լուծելու համար հավանաբար շատ ժամանակ է պետք, սակայն արագ զարգացող աշխարհում, երբ յուրաքանչյուր վայրկյանը կարող է իրավիճակ փոխել՝ դանդաղելը, նշանակում է կործանվել:
Առաջին անգամը չէ, որ Հայստանում երկրաշարժ է տեղի ունենում: Սպիտակի ավերիչ երկրաշարժը դեռ շատերի աչքի առջև է, բայց դա ամենևին էլ չի խանգարել աղետը կրկնվելու հավանականությունը արհամարհելուն և, օրինակ, քաղպաշտպանությունը ձևական ոլորտ դարձնելուն, քաջ գիտակցելով, որ ժամանակի ընթացքում ապաստարանների վերացումը լուրջ հետևանքների կբերի, եթե հանկարծ մեր դուռը թակի բնական աղետներից որևէ մեկը:
Ուշագրավն այն է, որ երբ Հայաստանը կանգնում է այս կամ այն խնդրի առջև, հասարակության ստվար մասը՝ հացթուխից, ներկարարից մինչև գիտնական դառնում են տվյալ ոլորտի փորձագետներ, մոռանալով, որ խնդիրների մասին պետք է նախապես մտածել, քանի որ ինչպես հայտնի է՝ ճաշից հետո մատուցված մանանեխը, ոչ մեկին պետք չէ:
Ստացվում է, որ փորձանքից ու փորձությունից առաջ բոլորը կա՛մ քնած են, կա՛մ թմրած, բայց երբ այն թակում է բոլորիս դուռը, հասարակությունն արթնանում է ու սկսում առանց իրար լսելու ասել այն՝ ինչ գիտի, չմտածելով, թե առաջացած աղմուկը կթեթևացնի՞ արդյոք պահի վտանգի աստիճանը:
Փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը, թեև կրկին վառեց ազդանշանի շչակը, բայց ցավն այն է, որ այս անգամ էլ երկրաշարժից ծնված քննարկումներն ու խելոք խոսքերը, դժվար կարողանան իրավիճակ փոխել: Գործը կրկին կմնա խոսքի հետևում, իսկ աղետի վտանգից արթնացած հասարակությունը որոշ ժամանակ անց, նորից կհարմարվի եղածի հետ ու կրկին կմոռանա այդ մասին, մինչև հաջորդ ցնցում:
Մինչդեռ, ժամանակն է մտածել ոչ թե հետևանքները վերացնելու, այլ դրանք նախականխելու մասին: Հակառակ դեպքում կշարունակենք մնալ ճաշից հետո մանանեխ բերողների ու կոտրած տաշտակի պատմությունից դասեր չքաղածների գերին՝ դրանից բխող տխուր հետևանքներով: