Նոր թանկացման ալիքին սպասելիս
AnalysisՀետևելով հանրային ծառայությունների և սակագնային դաշտում տիրող իրավիճակին՝ այլևս բոլորիս համար պարզ է, որ հաջորդ տարի սակագնային բարձրացումները չեն սահմանափակվի միայն ջրամատակարարման ոլորտով. արդեն հայտնի է, որ կթանկանա նաև էլեկտրաէներգիան։ Նշենք, որ սակագնային տարին այստեղ մեկնարկում է փետրվարի 1-ից։
Ինչպես հայտնի է՝ ՀԾԿՀ-ն բավական լուրջ ֆինանսական ճեղքված է արձանագրել էլեկտրաէներգիայի գործող սակագներում և էներգետիկ համակարգում առաջացած ֆինանսական պարտավորությունների միջև։ Խոսքը՝ 23,8 մլրդ դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է գրեթե 50 մլն դոլարի։
Բոլորս ենք հիշում, որ էլեկտրաէներգիայի սակագնի նման կտրուկ փոփոխություն վերջին անգամ Հայաստանում տեղի էր ունեցել 2015թ.-ին։ Այն ժամանակ դա դժգոհության լուրջ առիթ տվեց, սկսվեցին թանկացման դեմ բողոքի ակցիաներ, որոնք ստացան «էլեկտրիկ Երևան» անվանումը։ Ի դեպ՝ այն ժամանակ սակագների բարձրացման դեմ բողոքի գործողություններին աջակցում էին նաև այսօրվա շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը (հետաքրքիր է՝ արդյո՞ք նույն ջանասիրությամբ նրանք կպաշտպանեն սպառողների շահերը)։
Նշենք, որ էներգետիկ համակարգում հերթական անգամ ի հայտ եկած ֆինանսական ճեղքվածքը, որը հանգեցրել է սակագների բարձրացման անհրաժեշտության, կապված է հիմնականում երկու արտադրող կայանների հետ, խոսքը՝ «Հրազդան-5»-ի և ատոմակայանի մասին է։ «Հրազդան-5»-ի պատմությունը հայտնի է. իշխանությունները չեն կարողացել ժամանակին կատարել այդ ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով այն ֆինանսական լուրջ կորուստներ է կրել։ Կայանը պիտի աշխատեր Իրան-Հայաստան էներգափոխանակումների շղթայում և արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը մատակարարեր Իրան։ Ընկերությունն աշխատել է վնասով ու ոչ միայն չի կարողացել վերադարձնել կատարված ներդրումները, այլև շուրջ 100 մլն դոլարի նոր պարտքեր է կուտակել։
Ստացվում է այնպես, որ ներկա փուլում սպառողները պիտի փակեն այդ կորուստները, որոնք առաջացել են այն պատճառով, որ կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել իր պարտավորությունները։ Սակագների բարձրացման միջոցով 10 տարի շարունակ, տարեկան 31,79 մլն դոլարի չափով ֆինանսական միջոցներ պիտի տրամադրվեն «Հրազդան-5»-ին։ Այդ միջոցները բնականաբար գոյանալու են սակագների բարձրացման ու սպառողների վճարների հաշվին։ Այս պայմանավորվածության շրջանակներում ակնկալվում է, որ երկարաժամկետ հատվածում անփոփոխ կմնա գազի սակագինը։ Չնայած, ինչպես հայտնի է, 2025թ. ԵԱՏՄ-ում պիտի սկսեր գործել գազի միասնական շուկան, որը ենթադրում էր սակագների նվազում։
Ընդգծենք, որ սակագնի ցանկացած բարձրացում չի բխում սպառողների շահերից։ Առավել ևս, երբ այն այսքան կտրուկ է լինելու։ Տուժելու են հատկապես խոշոր սպառողները, այլ կերպ՝ տնտեսությունը։ Ավելանալու են նրանց ծախսերը, որոնք այսպես, թե այնպես ներառվելու են ապրանքների, ինչպես նաև ծառայությունների գների մեջ ու դրանց համար կրկին վճարելու է բնակչությունը։ Այնպես, ինչպես եղավ գազի նախորդ թանկացման պարագայում։ Այսօրվա բարձր գնաճի պատճառներից մեկն էլ թերևս դա է։
Արթուր Սարգսյան