Վրաստանը փորձում է պահպանել տարածաշրջանային դիրքերը
AnalysisՆախօրեին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Թբիլիսի։ Նշենք, որ սա Վրաստան վերջին կես տարվա ընթացքում Փաշինյանի երկրորդ այցն էր։ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին, բացի առանձնազրույցից, բարձրաստիճան շփումներից, մասնակցել են Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին։
Ընդգծենք, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի նպատակը հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստին մասնակցությունն է, սակայն ներկայիս տարածաշրջանային քաղաքական զարգացումների ընդհանուր համապատկերում այն յուրօրինակ իմաստ է ձեռք բերում։
Ինչպես հայտնի է Վրաստանը Հարավային Կովկասի ամենաարևմտյան երկիրն է, հետևաբար, Հայաստանի համար կարող է լինել պատուհան դեպի Արևմուտք, զուտ տարածաշրջանային իրողություններից և ներկայիս բավական բարդ և ոչ միանշանակ իրավիճակից ելնելով, աշխարհաքաղաքական բալանսը վերականգնելու հարցում։
Ըստ էության, Վրաստանն առաջ է մղում այն ծրագրերը, որոնք գտնվում են Արևմուտքի հովանու ներքո։ Լինեն տնտեսական, տրանսպորտային, լոգիստիկ և այլն, դրանք այժմ օդի ու ջրի պես անհրաժեշտ են Հայաստանին՝ որպես ռեալ այլընտրանք այն նախագծերին, որոնք առաջարկվում է ռուս-թուրքական տանդեմի կողմից։ Օրինակ՝ Վրաստանը չի մասնակցում ռուս-թուրքական տանդեմի առաջարկած «3+3» ձևաչափին և առաջարկում է իր սեփական՝ «խաղաղ հարևանության» ձևաչափը։
Չմոռանանք նաև այն կարևոր հանգամանքը, որ Վրաստանը Հայաստանի համար նաև առանցքային նշանակություն ունի՝ որպես տնտեսական գործընկեր, որը բաց է ներդրումների համար, և ինքն էլ կարող է ներդրումներ կատարել հետպատերազմական Հայաստանում, օգնել, որպեսզի Հայաստանը ոտքի կանգնի ու ուղղի մեջքը։
Ասվածին հավելենք մի առանցքային բաղադրիչ. գաղտնիք չէ, որ քաղաքական առումով, ունենալով լավ հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, Վրաստանը կարող է որոշակի կարևոր դերակատարում ունենալ ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, այլ նաև՝ հայ-թուրքական ընթացիկ գործընթացում, որը Ռուսաստանն ուզում է ամբողջապես վերցնել իր հովանու ներքո և հետագայում օգտագործել սեփական շահերի համար։
Փաստացի, սրանք այն հիմնական ակնկալիքներն են, որոնք Հայաստանը կարող է ունենալ Վրաստանից։ Սակայն Վրաստանն էլ իր հերթին ունի ակնկալիքներ Հայաստանից։ Եվ պատահական չէ, որ եթե Փաշինյանը շեշտադրում է երկկողմ առևտրաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու առաջարկը, ապա Վրաստանի համար էլ կարևոր է, որ հայ-վրացական «իդեալական հարաբերություններում» խոսքից անցում լինի գործի, և այն բոլոր նպատակները, որոնք դրված են, սկսեն կյանքի կոչվել՝ սկսած տրանսպորտային լոգիստիկից մինչև էներգետիկ նախագծերը։
Անկասկած Վրաստանի համար չափազանց կարևոր է պահպանել տարածաշրջանի հիմնական տրանզիտային երկրի կարգավիճակը։ Ըստ էության, Վրաստանում հրաշալի հասկանում են, որ «3+3» ձևաչափն՝ առաջ մղելով կամ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումն իր հովանու ներքո վերցնելով՝ Ռուսաստանն այդ ամենն այնպես է շուռ տալու, որ Վրաստանն առերեսվի նեգատիվ հետևանքների հետ և լուրջ խնդիրների առաջ կանգնի։ Ստեղծված իրավիճակում կարևոր է, որ գեոպոլիտիկ ուժային խոշոր կենտրոններ Բրյուսելի և Վաշինգտոնի հովանավորությունը վայելող մեր հյուսիսային հարևանը կարողանա պահպանել իր հեղինակությունը, դիրքերը, տնտեսական, տրանսպորտային առավելությունները, նաև բալանսավորելով ռուսական ազդեցությունը, մի շարք նախագծերի այլընտրանքներ առաջարկելով՝ հավաքել քաղաքական-դիվանագիտական դիվիդենտներ։
Արթուր Սարգսյան