ՀՀ-ին պատուհասած չարիքն ու պետական համակարգը
AnalysisԱպացուցման կարիք չկա քաղաքագիտական այն աքսիոմատիկ ճշմարտությանը, որ պետության որակը չափվում է ոչ թե ղեկավարների այս կամ այն հատկանիշով, այլ պետական համակարգերի ու ինստիտուտների կայացածությամբ։ Դրանից կարող ենք բխեցնել՝ որքան ավելի կայացած են ինստիտուտները, այնքան ավելի փոքր է անհատների դերը կայացվող որոշումներում, ինչն էապես բարձրացնում է պետական մեքենայի աշխատանքի արդյունավետությունը, որովհետև անգամ ամենաբացառիկ անհատները, այդուհանդերձ, սուբյեկտիվ են, ունեն անձնային որակներ, որոնք կարող են բացասաբար ազդել այս կամ այն որոշման վրա։
Նշված ինստիտուցիոնալ կայացածությունն է, որ զսպում է պետությունների ղեկավարներին անձնականացնելու որոշումները ու այդպիսով նաև՝ պետության ընթացքը զերծ պահելու կամայականությունից։
Ըստ էության, Հայաստանում և մեզ նման երկրներում ճիշտ հակառակ պատկերն է. պետական կառավարման համակարգի չկայացածությունը, թերզարգացածությունը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետության ղեկին հայտնված ցանկացած մեկը պետական համակարգը ծառայեցնի սեփական նախասիրություններին, որակներին, դրանց բացակայությանը։ Այսօր ՀՀ-ում ոչ թե անհատներն են ծառայում համակարգերին, ինչպես գրված է Սահմանադրությունում և օրենքներում, և ինչպես տեղին է զարգացած ժողովրդավարական երկրներում, այլ հակառակը՝ համակարգերն են ծառայում անձերին՝ դեֆորմացնելով ինստիտուտները և դրանք դարձնելով անհատի կամ անհատների ամբիցիաների իրացման գործիքներ։
Հայտնի իրողություն է այն, որ Հայաստանում գոյություն չունի պետական կառավարման որևէ մարմին, որևէ գերատեսչություն, գերատեսչության որևէ վարչություն, վարչության որևէ պետ, պետի որևէ ենթակա, ով կարող է Նիկոլ Փաշինյանին հակադրվել որևէ հարցում և կանխել նրա այս կամ այն՝ պետության շահերից չբխող կամ հակապետական որոշման կայացումը։ Եվ հակառակը, Հայաստանում չկա որևէ համակարգ ու գերատեսչություն, որը կարող է չկատարել Փաշինյանի՝ թեկուզ ամենահակապետական որոշումը կամ ներքին հրահանգը։
Ասվածից հետևություն. ոչ թե Նիկոլ Փաշինյանն է որպես վարչապետ ծառայում ՀՀ-ին այլ Հայաստանի պետական համակարգն է ծառայում նրա կամայականություններին։ Ակնհայտ է, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նա ոչ միայն ոչինչ չի անելու պետական կառավարման համակարգի կայացման ու հզորացման համար, այլ անելու է ամեն ինչ՝ այն հնարավորինս թույլ ու կամազուրկ դարձնելու նպատակով։ Որովհետև կայացած պետական կառավարման համակարգը նշանակելու է նաև ու առաջին հերթին՝ իր իշխանության ու կամայականությունների սահմանափակում։
Հայաստանը կարող է զարգանալ միայն ինստիտուտների ու համակարգերի կայացման դեպքում։ Դա է պահանջում պետական շահը։ Սակայն այդ շահը հակասում է պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի անձնական շահին, ինչից էլ բխում է, որ նրա պաշտոնավարման ամեն մի օրն իրականում Հայաստանի դեմ է։
Արմեն Հովասափյան