ՀՀ տնտեսությունն ու մատուցվող զավեշտը
AnalysisԱյս օրերին ՀՀ կառավարություն կոչվող հիմնարկը շարունակում է զբաղվել՝ շարքային թվեր նկարելով։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությանը թվում է, թե նման գործելաոճով տնտեսությունն է զարգացնում։ Իրականում ամեն տարի գրեթե նույն պատմությունն է. նախկին պարտավորությունները չեն կարողանում կատարել, ավելի մեծ պարտավորություններ են ստանձնում՝ լավ իմանալով, որ դրանք էլ չեն կատարվելու։
Կոնկրետ անցած տարվա կապիտալ ծախսերը, փաստացի, չեն կարողացել կատարել, դրա փոխարեն արդեն այս տարի շատ ավելի մեծ բեռ են վերցրել։ Տարվա վերջին նորից պարզվելու է, որ նախատեսված ծախսերը չեն կատարել, ու կրկին սկսվելու է արդարացումների հերթական շքերթը։
Անցնող տարվա կապիտալ ծախսերի տարեկան պլանը 229 մլրդ դրամ էր։ Առայժմ հրապարակվել են 11 ամիսների տվյալները, ու դրանք ցույց են տալիս, որ այդ ծախսերը 31 տոկոսով հետ են մնացել։ Պարզ էր, որ տարվա վերջին 1 ամսում հնարավոր չէր լինելու չիրականացված ծախսերն ամբողջությամբ կատարել։ Նախնական տվյալներով՝ տարվա կտրվածքով պլանավորվածի համեմատ՝ կապիտալ ծախսերն առնվազն 14 տոկոսով պակաս կլինեն։ 229 միլիարդի փոխարեն՝ կկատարվեն հազիվ 196-197 մլրդ դրամի ծախսեր։
Ի դեպ՝ 2021թ. 11 ամիսներին կառավարությունը նաև ավելի քիչ կապիտալ ծախսեր է կատարել, քան կատարել էր նախորդ տարի։ Ավելի շատ նախատեսել էր, ավելի քիչ կատարել է։ 2020թ. 11 ամսում կատարել էր 190 մլրդ դրամի կապիտալ ծախսեր։ Այնինչ՝ 2021թ. նույն ժամանակահատվածում դրանք կազմել են ընդամենը 159 միլիարդ՝ 16-17 տոկոսով քիչ։
Զավեշտալին այն է, որ այդքանից հետո, այս տարի կառավարությունն աննախադեպ բարձրացրել է կապիտալ ծախսերի նշաձողը՝ հասցնելով 347 մլրդ դրամի։ 150 միլիարդով ավելի շատ, քան կարողացել է անել անցած տարի։ Իհարկե, լավ է, որ կապիտալ ծախսերն ավելացել են։ Սակայն դա ոչ մի արժեք չունի, եթե պիտի մնա թղթի վրա, ինչպես մնացել է մինչև հիմա։
Պարզից էլ պարզ է, որ պետք է մտածել առաջին հերթին այդ ծախսերը լիարժեք կատարելու մասին։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրա համար ժամանակին հիմքեր չեն ստեղծել։ Ու արդեն տարվա մեկնարկին վտանգել են կապիտալ ծախսերի իրականացումը։ Մինչդեռ, դրանք այն ծախսերն են, որոնք նպաստավոր պայմաններ ու միջավայր են ձևավորում՝ կայուն և երկարաժամկետ տնտեսական աճի հիմքեր ստեղծելու համար։
Հետևելով տնտեսական գործընթացներին՝ տեսնում ենք, որ մեր տնտեսության աճի տեմպը ցածր է. այսպես՝ 2020թ. ունեցանք 7,4 տոկոս անկում, իսկ 2021թ. ակնկալվող աճն էլ հազիվ 4,5-5 տոկոսի սահմաններում է։ Նշենք, նաև, որ այսպիսի պայմաններում, կապիտալ ծախսերի դերը շատ կարևոր է տնտեսության աճի պոտենցիալը բարձրացնելու համար։ Հատկապես, երբ տնտեսությունը գրեթե զրկված է մասնավոր ուղղակի ներդրումներից։ Երբ չկան մասնավոր ներդրումներ, առավել ևս՝ մեծանում է կապիտալ ծախսերի նշանակությունն ու անհրաժեշտությունը։ Բայց անգամ դա պատճառ չէ կառավարության համար՝ պայմաններ ստեղծելու, որպեսզի գոնե լիարժեք կատարվեն նախատեսված կապիտալ ծախսերը։
Կառավարություն կոչվածի «լավ» հատկանիշներից մեկն էլ այն է, որ ցանկացած պարագայում ունենք արդարացում, փոխարենը՝ մտածեն, թե ինչ կարելի է անել այս անվերջանալի ձախողումների շրջափուլից դուրս գալու համար։ Մեկ տարի ձախողեցին, երկու տարի, երեք տարի, ի վերջո՝ ինչքան կարելի է այդպես շարունակել։
Ենթակառուցվածքները զարգացնելու, տնտեսական նշանակության ծրագրեր իրականացնելու համար մեծածավալ պարտքեր են վերցնում, երկիրը դնում են նոր պարտքային պարտավորությունների տակ, բայց չեն կարողանում բավարար արդյունք ապահովել։
Արթուր Սարգսյան