Ուկրաինական շախմատային պարտիան շարունակվում է
AnalysisԻնչպես հայտնի է օրերս Սպիտակ տան խոսնակ Ջեյն Պսակին հայտարարել է, որ Ջո Բայդենն այլևս չի համարում, թե ՌԴ ներխուժումն Ուկրաինա անխուսափելի է: Նշենք, որ Բայդենն այդ բառն օգտագործել էր օրեր առաջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում: Ընդ որում, ըստ տարածված հաղորդագրությունների, Զելենսկին դժգոհել էր այդպիսի բնորոշման կապակցությամբ և ասել, որ իրենց ունեցած տվյալներով ներխուժման վտանգը անխուսափելի կամ այդքան մեծ չէ, որքան տարածում է Արևմուտքը: Զելենսկին ընդհանրապես այդ առնչությամբ դժգոհում էր, որ այդպիսի տեղեկությունները տարածում են խուճապ: Այժմ ահա, Սպիտակ տան խոսնակը հայտարարում է, որ հարձակումը անխուսափելի չէ:
Միանգամից հարց է առաջանում, թե ի՞նչ է փոխվել այս օրերի ընթացքում, որ փոխվում է Վաշինգտոնի հռետորաբանությունը: Կարող ենք եզրակացնել, որ մեծ փոփոխության մասին խոսք չկա, որովհետև նույն խոսնակը նշել է, որ հարձակում այդուհանդերձ կարող է լինել ցանկացած պահի և Վլադիմիր Պուտինը կարող է ցանկացած պահի ընդունել այդպիսի որոշում: Այդուհանդերձ, սպառնալիքի գնահատման մեկ կամ կես սանդղակ իջեցումը արժանի է ուշադրության, որովհետև խոսքը Բայդենի գնահատականի մասին է: Արդյո՞ք Պուտինը տվել է որևէ խոստում կամ ազդակ, որ պատրաստ է նահանջի: Այդտեղ առաջ է գալիս հաջորդ հարցը՝ այդ դեպքում ինչի՞ դիմաց: Ստացվում է՝ տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անորոշ: Միակ որոշակին թերևս այն է, գոնե առայժմ, որ Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի բավականին ծավալուն զորաշարժը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմը ոչ պակաս ակտիվ դիվանագիտա-քաղաքական և ընդհուպ ռազմական շարժով, փաստացի, իր ենթակայության տակ վերցրեց ամբողջ Արևելյան Եվրոպան կամ Հյուսիսային և Արևելյան Եվրոպան, որովհետև բավականին նշանակալի հայտարարություններ եղան նաև Սկանդինավյան ուղղության վերաբերյալ:
Ըստ էության, առաջիկայում սպասվում է Բրիտանիա, Լեհաստան, Ուկրաինա ռազմաքաղաքական ալյանս, դրան զուգահեռ, Բայդենը հայտարարել է Կատարին հատուկ դաշնակցի կարգավիճակ տալու մասին: Մինչդեռ, Կատարի հետ այդ երկխոսության ծավալման առիթը նույնպես եվրոպական ուղղությունն էր՝ Եվրոպա ռուսական գազին այլընտրանք գազամատակարարման հարց լուծելը, այն դեպքի համար, եթե ռուսական ագրեսիվ քաղաքականությունը հանգեցներ ՌԴ գազի մատակարարումների դադարեցման: Այդպիսով ակնառու է, որ Ուկրաինայի շուրջ ծավալվեց բավականին բարդ խաղ և այդ խաղի այս փուլում թերևս եթե ոչ հաղթողը, ապա առավելության, դրության տերը, կարծես թե, ամերիկաբրիտանական տանդեմն է, որը գործնականում նոր իրավիճակ հաստատեց Եվրոպայում և որոշակիորեն ստվերեց Եվրամիության առաջատարներ Գերմանիայի ու Ֆրանսիայի քաղաքական դերակատարումը:
Տիգրան Սամսոնյան