Փոխված ժամանակաշրջան
AnalysisԳրեթե ոչ ոք չի կասկածում, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջագույն մարտահրավերներ է ստեղծել ոչ միայն ողջ աշխարհի, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության համար: Ըստ էության, Ռուսաստանը, լինելով ՀՀ ռազմավարական դաշնակիցը, ՀՀ-ի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ անդամ, Հայաստանում ունենալով Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազա, պատերազմի հետևանքով Արցախում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, հայտնվել է արևմտյան ամենաաննախադեպ պատժամիջոցների փաթեթի թիրախում, Ռուսաստանը, փաստացի, կտրվում է քաղաքակիրթ աշխարհից և սա չի կարող ՀՀ վրա չունենա իր ազդեցությունը:
Պետք է փաստենք, որ աշխարհը, փաստացի, հայտնվել է Հայաստանում շատ չարչրկված «սևի ու սպիտակի» տիրույթում, երբ յուրաքանչյուր երկիր ընտրում է, թե որ բևեռում է: Ըստ մի շարք փորձագետների՝ Հայաստանը, լինելով ՌԴ-ից կախված երկիր, այնուամենայնիվ, ելնելով իր ազգային անվտանգային շահերից, պետք է կարողանա չեզոքություն պահպանել:
Ի դեպ՝ այս իրադարձությունների ֆոնին օրերս Պուտինը հեռախոսազրույցներ ունեցավ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Իլհամ Ալիևի հետ, ում հետ պատերազմին ընդառաջ դաշնակցային գործընկերության հռչակագիր ստորագրեց՝ Ադրբեջանին փորձելով ավելի սերտ հարաբերություններով կապել Ռուսաստանին, իսկ օրերս հայտնի դարձավ, որ Նիկոլն առաջիկայում պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա։ Փաստենք, որ փետրվարի 25-ից սկսված պատերազմից հետո արդեն երկու միջազգային քվեարկություն է տեղի ունեցել, որոնցից մեկով Հայաստանն աջակցել է Ռուսաստանին, մյուսով՝ ձեռնպահ քվեարկել:
Նախօրեին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հանդես է եկել Ժնևում 49-րդ նստաշրջանում Ուկրաինայում տիրող իրավիճակի հրատապ քննարկում անցկացնելու օգտին։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան գրառման մեջ նշվում է, որ խորհրդի 47 անդամներից կողմ են քվեարկել 29-ը, 5-ը՝ դեմ, 13-ը՝ ձեռնպահ։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Հայաստանը, որը ևս Մարդու իրավունքների խորհրդի անդամ է, ձեռնպահ է քվեարկել, ինչպես Ուզբեկստանը, Ղազախստանը, Հնդկաստանը: Նախապես 49-րդ նստաշրջանի օրակարգում չընդգրկված այդ հարցը քննարկելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Կիևը։
Ըստ էության, առճակատվող գեոպոլիտիկ ուժերի բևեռացումը խորանալու է՝ իր հետ ծանր խնդիրների առջև կանգնեցնելով Հայաստանին: Իր կարգավիճակից ելնելով՝ հասկանալի է, որ ՀՀ-ն պետք է փորձի առավելագույնն անել, որպեսզի շատ չներքաշվի այս ամենում, սակայն դա բավական բարդ է լինելու: Այսօր վերաբաժանում է տեղի ունեցել, երկաթե վարագույրի կա՛մ այս, կա՛մ այն կողմում ևս: Պետք է հասկանալ, որ հնարավոր է ռազմական գործողություններն ավելի մեծ մաշստաբների հասնի և տևական բնույթ ստանա։
Տիգրան Մկրտչյան