Ոտքի տակից փախչող հողը՝ հիստերիայի պատճառ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Ընդդիմությունն օրերս հայտարարեց քաղաքական պայքարի նոր փուլի մեկնարկի մասին, և միաժամանակ տարբեր վայրերում սկսվեցին բողոքի ապակենտրոն ակցիաներ ու քայլերթեր։ Ակցիաների միջոցով ընդդիմությունն ահազանգում է իշխանությունների կողմից վարվող կործանարար քաղաքականության մասին, և այդ ահազանգերն ընդունելություն են գտնում հանրության տարբեր ներկայացուցիչների շրջանում՝ ապահովելով հանրային լայն ռեզոնանս։ Այս ամենը, բնականաբար, ոմանց անհանգստացնում է թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս։ Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ Ալիևը հայտարարում է, թե Հայաստանում ռևանշիստական ուժեր կան՝ նկատի ունենալով ընդդիմությանը, և սպառնալիքներ է հնչեցնում: Սակայն ուշագրավ է, որ ընդդիմության հասցեին նույնպիսի ոճով ու բառապաշարով հանդես են գալիս նաև գործող իշխանության ներկայացուցիչները:
Ընդ որում, իշխող ուժի ներկայացուցիչները ու նրանց հրահանգով՝ իրենց «աջակիցները», իսկ իրականում՝ հենց իրենք ֆեյքերի միջոցով, ընդդիմության և փողոց դուրս եկած մարդկանց հասցեին կիրառում են վիրավորական և անգամ փողոցային բառապաշար՝ խտրականություն չդնելով ձևակերպումների առաջ։ Այնինչ, միևնույն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է հակառակորդ երկրներին և ի մասնավորի Ալիևի կողմից Հայաստանի հասցեին հնչող հոխորտանքներին, ապա ինչպես Նիկոլը, այնպես էլ մյուս «նիկոլներն» իրենց գլուխներն անմիջապես թաքցնում են ավազի մեջ և լեզուները կուլ տալիս՝ դառնալով ձկան պես համր։ Նրանք խոնարհ հարսի պես հետևում են Ալիևի հոխորտանքներին, սպառնալիքներին, ու ամեն կերպ աշխատում են իրականացնել ադրբեջանական պահանջները։
Ստացվում է, որ քպականների համար ավելի ընդունելի են թշնամական պետությունները, քան սեփական երկրի քաղաքացիները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Այլ կերպ չես բացատրի այն հանգամանքը, որ հայաստանյան ընդդիմության վրա ցեխ շպրտելու հարցում նրանք փաստացի ձայնակցում են Ալիևին, և այս համատեքստում հրապարակ է նետվում այն պնդումը, թե երբ ընդդիմադիրներն իշխանության հասնեն, պատերազմ է լինելու, իսկ իրենք, ընդհակառակը, հանրությանը խոստացել են, որ խաղաղության դարաշրջան են բացելու։ Դե, հասկանալի է, «պատերազմի կուսակցություն» և «խաղաղության կուսակցություն» հայտնի դիլեմայի շրջանակներում։ Դե, ոչ միայն տարրական տրամաբանություն ունեցող որևէ մեկը, այլև նույնիսկ քպականները գիտեն, որ այսպիսի պնդումները մանիպուլ յացիա են, կամ, ինչպես իրենք են սիրում ասել, լկտի սուտ։ Ի վերջո, զավեշտալի է, որ պատերազմի կամ խաղաղության մասին խոսում է մի ուժ, որի կառավարման ընթացքում եղել է ամենադաժան պատերազմը, ունեցել ենք ամենաշատ զոհերը, տարածքային կորուստները, մի ուժ, որն ասոցացվում է պարտության, նվաստացման, կորուստների ու ավերումների հետ։
Ուստի, պետք է ենթադրել, որ «նիկոլների»՝ հոգեխանգարմունքի հասնող հիստերիան առաջին հերթին այն պատճառով է, որ նույնիսկ իրենք են հասկանում, որ ոտքերի տակից հողը փախչում է։ Այնինչ, պաշտոնն ու իշխանությունն իրենց համար «սրբություն սրբոց» է, ուստի ոչնչի առաջ չեն կանգնում ու չեն կանգնելու։ Այո, նրանք վախենում են, շատ են վախենում, քանզի կորցնելու շատ բան ունեն՝ պաշտոնները, բարձր աշխատավարձ, պարգևավճարներ, արտոնյալ վիճակ: Փոխարենը, երկիրը, ժողովուրդն ու պետությունը ամենևին կարևոր չեն: Իսկ այդպիսի մարդկանցից ամեն ինչ սպասելի է...
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում