Ինչիպիսի՞ շահագրգռվածություն է անհրաժեշտ. «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջերս իրավապահ մարմինները մանրամասներ են հայտնել Խաչատուր Քոքոբել յանի հոր «առևանգման» գործի մասին: Իրավապահները պարզել են, որ գործ ունեն մանրակրկիտ կազմակերպված և առավելագույն զգուշավորությամբ իրականացված շորթման հետ: Հանցագործության բացահայտման գործին միացել են Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները, որոնց գործողություններից պարզ է դարձել, որ կատարվածը անդրսահմանային կազմակերպված հանցագործություն է:
Պարզվել է, որ հանցագործները հետքերը թաքցնելու նպատակով պատանդի հարազատների հետ կապվել են ուկրաինական հեռախոսահամարով գրանցված Whatsapp հավելվածի միջոցով, ընդ որում` հաղորդակցության ողջ ընթացքում օգտագործել են VPN ծառայությունը, իսկ հեռախոսահամարը ձեռք է բերվել վիրտուալ հեռախոսահամարների վաճառքի կայքից, ընդ որում, նաև պարզել է, որ այդ հեռախոսահամարով Whatsapp հավելվածին հասանելիությունը ստացվել է ԻԻՀ տարածքից: Մի քանի օրվա մեջ ակտիվ միջազգային համագործակցութան շնորհիվ (Ուկրաինայի համապատասխան կառույցների, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի համակարգչային հանցագործությունների ծառայության և Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության) պարզվել են հաղորդագրություններ ուղարկողները և ձերբակալվել, ապա, ի վերջո, հետքերը բերել են Իջևան, և ձերբակալվել են Քոքոբել յանի հոր առևանգողները: Ինչո՞ւ եմ վերապատմում այս ամենը… Եթե այս ամենը ճիշտ է, և հանցագործությունը բացահայտվել է այնպես, ինչպես ներկայացվում է (հնարավոր է, որ ենթադրյալ հանցագործները ձերբակալվելուց հետո իրենք են պատմել ամբողջ շղթան), ապա մենք պետք է փառք ու պատիվ տանք մեր իրավապահներին, գովենք նրանց օպերատիվ աշխատանքը հաղորդագրությունների հետքերով հանցագործությունը մի քանի օրում բացահայտելու համար:
Սակայն, միևնույն ժամանակ, այս պարագայում այլ հարցեր են առաջանում… Վերջին մի քանի ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի հաղորդագրություններ և զանգեր են ստացվել տարբեր կազմակերպություններում, այդ թվում՝ մետրոպոլիտենում ռումբերի տեղադրման մասին: Արդյունքում ժամերով փակվել են այդ կազմակերպությունները և ռումբեր փնտրվել. փառք Աստծո, բոլոր դեպքերում էլ ոչ մի ռումբ էլ չի հայտնաբերվել: Իսկ կեղծ ահազանգեր ուղարկողների հայտնաբերման հարցով… զրո արդյունք (միայն մեկ դեպք, այն էլ ինքը՝ ահազանգողն է ներկայացել և խոստովանել արածը):
Ի՞նչ ունենք «չոր մնացորդում»: Երկու վարկած՝ կա՛մ չկա ցանկություն բացահայտել «հեռախոսային խուլիգաններին», կա՛մ էլ չեն կարողանում բացահայտել: Բայց վերջին վարկածը «Քոքոբել յանի հոր գործը» ջրում է. ստացվում է՝ կարողանում են, այն էլ՝ օպերատիվ կերպով: Մնում է այն վարկածը, որ իրավապահները չեն ցանկանում բացահայտել ահաբեկչության մասին հաղորդումներ տվողներին: Ինչո՞ւ: Այստեղ էլ երկու վարկած կա. կա՛մ չկա քաղաքական պահանջ բացահայտել այդ ամենը (անգամ հնարավոր է, որ գիտեն, թե «որտեղ է թաղված շան գլուխը»), կա՛մ էլ չկա այդ ամենը բացահայտելու անձնական շահագրգռվածություն:
Հնարավոր է՝ ամենահավանականը վերջին վարկածն է. չմոռանանք, թե ինչ հնարավորությունների տեր է Քոքոբել յանը: Թեպետ չի բացառվում ոչ միայն անձնական, այլև քաղաքական շահագրգռվածության գործոնը: Այ, եթե ռումբերի մասին կեղծ ահազանգողներն ընդդիմությունից լինեին, հնարավոր է՝ մի քանի ժամում բացահայտ-վեին:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում