Երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունը. Չալաբյանը՝ թիրախում
AnalysisԹշնամու դեմ միայնակ կռիվ տված և զոհված հայ զինվորի անօրինակ սխրանքը ոգեշնչման հնարավորություն տվեց ժողովրդին, շատերը՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական շրջանակներից, դրվատանքի իրենց խոսքն ասացին Տարոն Անդրեասյանի խիզախության մասին։ Կարծես՝ այդ սխրանքն առիթ էր հանրությանը համախմբելու, հերոսության իրական օրինակով երիտասարդությանը դաստիարակելու, ճիշտ ուղենիշներ և արժեքներ սերմանելու համար։
Տարօրինակ կերպով, Տարոն Անդրեասյանի սխրանքին անդրադարձի համար քինախնդրության և անվայելուչ քննադատության թիրախ դարձան ոչ թե իշխանականները, Արցախի տեղը չիմացողներն ու դասալիքները, այլ մարդ, ով ահռելի աշխատանք է կատարել Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, բազմաթիվ նախաձեռնություններ է արել Հայաստանում և Արցախում, ի վերջո, թողել է հարմարավետ կյանքն արտերկրում և ընտանյոք հանդերձ վերադարձել է հայրենիք, որտեղ հետապնդումների է ենթարկվում գործող վարչախմբի կողմից։
Մամուլի որոշ միջոցների թունոտ արձագանքը «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գրառմանը, բնութագրում է միայն այդ ԶԼՄ-ներին և նրանց թիկունքում կանգնած քաղուժերին։
Ի՞նչ է ասում Չալաբյանը. «Հետադարձ գնահատելով Տարոնի սխրանքը՝ կարելի է պնդել, որ եթե բոլորս, կամ գոնե մեր մեծամասնությունն ունենար Տարոնի անձնվեր գիտակցությունը, մենք կհաղթեինք այս պատերազմում, ինչպես հաղթել էինք նախորդում, այսօր էլ չէինք ապրի պարտվածի խարանով, հաղթողը պարբերաբար չէր ստորացնի մեզ նոր ոտնձգություններով և զիջումների պահանջով։ Ցավոք, այս անգամ այդպես չստացվեց, Տարոնները մնացին փոքրամասնության մեջ և իրենց կյանքով հատուցեցին մեծամասնության անտարբերության, նյութապաշտության և վախերի համար»։
Ավետիք Չալաբյանի այս հստակ, առանց վերամբարձ խոսքերի արձանագրումը, թերևս, «ահաբեկել» է այդ ԶԼՄ-ներին, վախեցրել, որ իրենց տերերից ավելի գիտակցված և կշռադատված խոսք ասող կա Հայաստանում, ուստի հարձակվել էին Ավետիք Չալաբյանի վրա՝ հընթացս հիշելով իրենց իշխանության օրոք կուտակած «ձեռքբերումները»։ Այսպես է լինում, երբ ԶԼՄ-ից անհետանում է բանականությունն ու ուղեղը։ Ցավոք...
Արմեն Սարիբեկյան