Գալիս է որոշումների ժամանակը. կան խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ սրման և տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության նոր ձևաչափ ստեղծելու համար․ «Փաստ»
Analysis«Փաստ» օրաթերթը գրում է
regnum.ru-ն «Ինչու՞ էր Փաշինյանը թռել Փարիզ» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Փարիզ, որտեղ Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրուցել էր ու քննարկել ԵրևանԲաքու հարաբերությունների հեռանկարները։ Հնարավոր է՝ այդ այցը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիան ներկայում նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, իսկ Հայաստանը հույս ունի Փարիզի և անձամբ նախագահ Մակրոնի աջակցությամբ իր խնդիրները մտցնել այդ կառույցի օրակարգ։
Այդ առնչությամբ Փարիզում կայացած ճեպազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է համարում» գնալ «1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրով հաստատված սահմանների փոխադարձ ճանաչման հիմքով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման» ուղիով, ինչպես նաև ընդգծել էր «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև քննարկումներ սկսելու կարևորությունը»:
Բայց Մակրոնը, կարծես թե, դեռ խուսափում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով Երևանի առաջարկած գործողությունների սցենարից՝ իր դիրքորոշումը արտահայտելով ընդհանուր բառերով։ Նա, ինչպես միշտ, կողմերին կոչ էր արել «ապասրել իրավիճակը և առանց հապաղելու վերսկսել բանակցությունները» ու ասել էր, որ «մտադիր է խոսել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ»։ Դրանից անմիջապես բխում է ընդհանուր եզրակացություն: Պաշտոնական Երևանը շարունակում է Մոսկվային զուգահեռ կառուցել Ադրբեջանի հետ խնդիրներ լուծելու «հնարավորությունների ալիք»՝ անկեղծորեն ակնարկելով արտաքին քաղաքական այլընտրանքի առկայության մասին։ Եվ ոչ միայն դա: Փաստորեն, խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրի վերանայման մասին է, որը կանգնեցրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և որի հիման վրա մինչ այժմ մշակվել են առաջարկվող խաղաղության պայմանագրի դրույթները։ Փաստն այն է, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ֆրանսիան իրեն ոչ միանշանակ էր պահել իրական պասիվության ֆոնին։ Մի կողմից՝ Ֆրանսիայի Սենատն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) անկախությունը ճանաչող բանաձև։
Մյուս կողմից՝ այդ փաստաթուղթը չէր արժանացել նախագահ Մակրոնի հավանությանը, թեև Երևանում շատերը հույս ունեին, որ Փարիզը կգնա նման քայլի։ Դա սխալ ախտորոշում էր, չնայած ելնում էր նրանից, որ Ֆրանսիայում կա լուրջ հայկական սփյուռք, հայկական լոբբի, որն ընդունակ է Ալիևի թիկունքին դանակ խփել։ Ուստի, այժմ հարց է առաջանում, թե ինչո՞վ են պայմանավորված Երևանի նոր աշխուժացած հույսերը առ այն, որ Փարիզի համար Անդրկովկասի խնդիրները կտեղափոխվեն եթե ոչ առաջին, ապա նկատելի նշանակություն ունեցող կատեգորիա։
Թեև պատկերացնելը, որ Փարիզը պատրաստ կլինի որոշ ռազմական ուժեր ուղարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև առճակատման գիծ, ընդամենը քաղաքական ֆանտազիայի ոլորտից է։ Այդ դեպքում ինչի՞ց ելնելով է Փաշինյանը ներկայում կոչ անում Ֆրանսիային գոնե խորհրդանշական կերպով ակտիվորեն մասնակցել Ղարաբաղյան հիմնախնդրի հետպատերազմյան կարգավորմանը։
Այդ առումով ուժեղ զգացողություն կա, որ Հայաստանի կողմից կառուցվում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի, այսպես կոչված, միջազգայնացումը, որը ներառում է նաև նախկին Ուկրաինայի ԽՍՀ տարածքում ճգնաժամի հեռանկարների հետ հարաբերակցության տարրեր և Ֆրանսիայի տարածաշրջանային դերի հնարավոր փոխակերպում: Բացի այդ, Հայաստանում հնչել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքը: Նա պնդել է, որ «Ռուսաստանը կորցրել է Ղարաբաղյան կարգավորման բանալին», և որ «Ռուսաստանի դեպքում ամեն ինչ շատ ավելի կառուցողական կլիներ, եթե չլինեին նախկին Ուկրաինայի ԽՍՀ-ի հետ հակամարտությունը», որի արդյունքում իբր հիմա «Մոսկվայի վիճակը ծանր է»։ Նրա կարծիքով, «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հնարավորություն ունեն անել այնպես, որ հայկական կողմի վիճակը չվատթարանա», և ամեն ինչ «կախված է նրանից, թե Վաշինգտոնն ու Բրյուսելը որքան լրջորեն ներգրավված կլինեն այդ հարցում (խոսքը վերաբերել է նախկին ՈւԽՍՀ-ին):
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պաշտոնական մակարդակով շատ զգուշավոր է մեկնաբանում նախկին Ուկրաինայի ԽՍՀ-ի տարածքում ստեղծված իրավիճակը, թեև ինչ-որ բան հուշում է, որ Ալիևն, ի տարբերություն Երևանի, այլ դիրքորոշում ունի։ Նա ավելի իրատեսորեն է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը միջազգային մեծ քաղաքականության մեջ նորովի ինտեգրելու հեռանկարը և այն Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի հակասությունների մակարդակին հասցնելը։ Միաժամանակ, Բաքուն ճիշտ է գնահատել Մոսկվայի արձագանքը Հայաստանի՝ ՀԱՊԿին ուղղված օգնության կոչին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի՝ Ֆրանսիայի բանավոր դիվանագիտական ակտիվացման պատճառները։
Եվ կրկին Հայաստանի ողջ խնդիրը իրավիճակի ախտորոշման, ռուսամետ և արևմտամետ երկու ճամբարների բաժանումն է։ Ինչ վերաբերում է Մոսկվային, նա առայժմ սպասում է։ Ներկայումս ինչ-որ կանխատեսումներ անելու համար անհրաժեշտ է իմանալ այն մանրամասները, որոնք շատերի համար անհայտ են։ Բայց գալիս է որոշումների ժամանակը, քանի որ կան խաղացողներ, որոնք պատրաստ են խաղալ սրման և տարածաշրջանի ռազմաքաղաքական վերահսկողության նոր ձևաչափ ստեղծելու համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում