«Հաճախ էր ասում՝ 18-19 տարեկան երեխեքը կյանքի ու մահու կռիվ են տալիս, մենք փողոցով հանգիստ քայլե՞նք» Հովսեփ Առաքել յանը կամավոր է մեկնել պատերազմ և զոհվել հոկտեմբերի 26-ին․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
«Հովսեփը չարաճճի էր, բայց շատ չէ»,ժպիտով է սկսվում տիկին Անահիտի ու իմ զրույցը: Նաև այն պատճառով, որ ես ու Հովսեփը նույն ազգանունն ունենք, կարծես վստահությունն է ավելանում:
«Մանկապարտեզից հետո հինգ ու կես տարեկան էր, երբ դպրոց գնաց: Ի տարբերություն քույրիկի, սովորելու հետ սեր չուներ: Այդ առումով իրար բացարձակ նման չէին: Բայց Պատմություն և Հայ գրականություն առարկաները սովորում էր: Վերջինի դեպքում նաև ուսուցչուհուն էր շատ սիրում, առարկան էլ լավ սովորում: Գուցե ոմանք դա պաշտամունք համարեն, բայց անսահման համակրանք ուներ Գարեգին Նժդեհի հանդեպ: Իր բնույթով տղաս աթեիստ էր, որևէ բանի չէր հավատում, բայց հավատում էր Նժդեհի գաղափարներին և դրանցով էր առաջնորդվում: Շատ էր ուսումնասիրում Գերմանիան, Հիտլերի կենսագրությունը, անցած ճանապարհը: Գերմանիայի հետ կապված ցանկացած հարցի կարող էր պատասխանել, երբեմն տպավորություն կստեղծվեր, որ երկար տարիներ այնտեղ է ապրել»:
Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Հովսեփը սովորել է «Պահապան արծիվներ» ակադեմիայում՝ որպես թիկնապահ: Մայրիկի խոսքով, պատահական չէր, որ նման մասնագիտություն ընտրեց, իր բնույթով անսահման ակտիվ էր: Բայց մասնագիտությամբ աշխատել չհաջողվեց, այնպես էր ստացվել, որ Հովսեփը պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, իսկ այդ փաստը կարևորների ցանկում է, եթե ուզում ես թիկնապահ լինել: Որպես մոնտաժող երկու տարուց ավելի աշխատել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում:
«Ֆիլմեր էին նկարահանում, նաև վավերագրական, իր ընկերների հետ տարված էր նկարահանումներով: Հիմա էլ շատ տեսանյութեր ունեմ իրենից, որպես արխիվ պահպանում եմ: Նաև բարմենությամբ էր հետաքրքրվում, աշխատել է ռեստորաններից մեկում որպես բարմեն: Ապագայի պլաններից մեկը նաև սեփական բար ունենալն էր»: Զրույցների ժամանակ Հովսեփը հաճախ էր ասում՝ եթե կռիվ լինի, գնալու եմ: Տիկին Անահիտը հիշում է՝ միշտ հակադարձում էի, թե քեզ պատերազմ չեն տանի, քանի որ բանակում չես ծառայել: Բայց Հովսեփը կամավորության սկզբունքով հայտնվեց ռազմի դաշտում. «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, տղաս ընկերոջը հենց առաջին օրն էր ասել, թե գնում է պատերազմ: Գնացել էր զինկոմիսարիատներ, իրեն մերժել էին: Բայց ելքեր էր փնտրում Արցախ մեկնելու, ինչ-որ բանով օգտակար լինելու համար: Գնացել էր Երկրապահների միություն, այնտեղ էլ էին մերժել: Հետո գնում է զինվարժությունների, դիմում գրում (այդ դիմումը հիմա մեր տանը պահում ենք), որ «իր հոժար կամքով» ուզում է գնալ ու մասնակցել ռազմական գործողություններին: Դրանից հետո էլ արդեն միանում է Երկրապահ կամավորների ջոկատին ու մեկնում Արցախ»:
Հրամանատարն է մայրիկին պատմել՝ Հովսեփը խոստացել էր իրենց կողքից չհեռանալ, ուշադիր լինել, ենթարկվել հրամաններին: Հովսեփի հետ մարտադաշտ նաև ընկերը՝ Գևորգն է մեկնում. «Հիմա նա երբեմն ասում է՝ չցանկացա, որ մենակ գնա: Տղաս պատերազմի օրերին հաճախ էր ասում՝ 18-19 տարեկան երեխեքը կյանքի ու մահու կռիվ են տալիս, մենք փողոցով հանգիստ քայլե՞նք, գնանք, գոնե մի օգուտ կտանք»: Հոկտեմբերի 21-ին Հովսեփը մեկնում է ռազմադաշտ: Մեկնելու ընթացքը երկարում է, սակայն նա հասնում է իր նպատակին. «Գևորգն է պատմում՝ մեկնող ավտոբուսի մեջ տղաներն ասում էին, որ գնում ենք մսաղաց: Գիտակցելով, թե ուր են գնում, ամեն դեպքում իրենց մտքից հետ չեն կանգնել: Իհարկե, բոլորս էինք հասկանում, թե ինչ է կատարվում ռազմի դաշտում, արդեն Եռաբլուր էինք գնում, բազմաթիվ երեխեք էին զոհվել այդ ընթացքում, բոլորս գիտակցում էինք, թե ինչ պատերազմ է»: Հովսեփն ընկերների հետ Հադրութում է եղել:
«Զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ արկի պայթյունից: Այդ օրն այնտեղ բավականին թեժ կռիվներ են եղել: Երբ արկը պայթել է, ընկերը՝ Գևորգն է օգնության վազել, հետո ուսանող-բժիշկ է եղել, նա էլ է օգնության գնացել: Նրան էլ է արկի բեկոր դիպել: Մի տղա էլ կա՝ Գարիկը, այդ մի քանի օրերի ընթացքում այնքան են մտերմացել, Հովսեփի կողքից այն կողմ չի գնացել, նա էլ է զոհվել: Բոլորն են պատմում, որ մարտերի ժամանակ տղաները խրամատներում են եղել, իսկ Հովսեփն ու Գարիկը՝ բլուրի վրա կանգնած, ասել է՝ չեմ կարող փոսի մեջից կռվել»,պատմում է տիկին Անահիտը:
Պատերազմի դաշտից Հովսեփն ամեն օր զանգում էր մայրիկին, որդուց երեք օր զանգ չստանալուց հետո տիկին Անահիտն է սկսում զանգահարել բոլոր այն համարներին, որոնցից Հովսեփը զանգել էր իրեն: Առաջին զանգին պատասխանողն ասում է, որ նրան մի քանի օր առաջ է տեսել, իսկ հիմա էլ ինքը վիրավոր է, Ստեփանակերտի հիվանդանոցում է: Հոկտեմբերի 29-ին հեռախոսազանգի միջոցով մայրիկը ստանում է որդու մահվան բոթը. «Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ դրանից հետո: Իհարկե, չէի հավատում այդ լուրին, մինչև հիմա չեմ հավատում, կարծես իր վերադարձին սպասեմ: Օրերով զանգում էի բոլորին, բայց որևէ մեկի հետ խոսել չկարողացա:
Կարդում էի զոհված տղաների անունները, գնում դիահերձարաններ: Անցավ մեկ ամիս, երկու ամիս, դեկտեմբերի 23-ին իմացանք, որ Հովսեփին բերել են Գորիս: Փեսաս ու ընկերները գնացին նրա հետևից, դեկտեմբերի 26-ին հուղարկավորեցինք: Ես եմ դիահերձարանում ճանաչել Հովսեփիս, ԴՆԹ-ի անհրաժեշտություն չեղավ, քանի որ իր մարմնի վրա բազմաթիվ դաջվածքներ կային: Սավանով ամբողջովին ծածկված էր մարմինը, բացեցին փորի հատվածը, այնտեղ ջարդված բանալու դաջվածք ուներ, երբ դա տեսա, արդեն ամեն ինչ պարզ էր ինձ համար: Ուզում էի բացել սավանը, տեսնել որդուս, բայց տղաները թույլ չտվեցին… Հետո արդեն շտապօգնության մեքենայի մեջ ուշքի եկա: Իմ տղես էր: Երբ Գևորգին հարցեր եմ տալիս, չի պատմում, ուզում եմ իմանալ, թե ինչպես է մահացել, մարմնի որ հատվածն է վնասվել, բայց շատ բան չի պատմում ինձ: Միայն ասում է, որ կարևորը՝ ցավ չի զգացել, արկի հարվածից հետո երևի մի քանի վայրկյան է սիրտն աշխատել… Իսկ քանի-քանի երեխեք անօգնական արնաքամ են եղել, որքան նման պատմություններ ենք լսել»:
Պատերազմից հետո հարյուրավոր ծնողների համար սփոփանք է դարձել որդու անցավ ու արագ մահը և մարմինը շուտ գտնելու փաստը: Հիմա Հովսեփի մայրիկին ապրելու ուժ է տալիս առաջին հերթին աղջիկը: «Երբեմն շատ վատ եմ լինում, կարծես շունչս կտրվի, օդը չհերիքի, նայում եմ աղջկաս, տեսնում իր վախը, զգաստանում եմ՝ թող երեխաս չտեսնի, թե ես ինչ եմ «քաշում», իմ մեջ լուռ տանում եմ ցավս: Երկրորդն ինձ ուժ է տալիս այն, որ միշտ ոտքի վրա լինեմ, կարողանամ գնալ որդուս մոտ, միշտ իր անունը վառ պահեմ, իր անունը հնչի իմ շուրթերից: Ամեն օր գնում եմ Եռաբլուր, կռվում հետը, ասում՝ ինչի գնացիր, ու իր խոսքերն եմ հիշում՝ ես հերոս եմ ծնվել, ուղղակի դու չգիտես: Ես իմ մեջ այդ ուժը զգում եմ»:
Հ. Գ. - Հովսեփ Առաքել յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության» մեդալներով: Հուղարկավորված է Եռաբլուրում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում