«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Ալինան և Սեյրանը ծանոթացել են 2008 թվականին: «Գյուղի խանութում էի աշխատում, Սեյրանը խանութից առևտուր արեց, ծանոթացանք: Ճիշտն ասած, սկզբում չեմուչում էի անում, երկու ամիս ընկերություն անելուց հետո վիճեցինք: Իսկ հունիսի 7-ին՝ իր և իր մայրիկի ծննդյան օրը, ինձ փախցրեց»,-«Փաստի» հետ զրույցում կյանքի երջանիկ օրերն է վերհիշում Ալինան՝ Սեյրանի կինը:
Սեյրանը միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո սովորել էր Վայքի վարժարանում՝ որպես խորհարար, հետո՝ որպես վարորդ: Զինվորական ծառայությունն անցել է Սովետաշենի զորամասում. «Մեր ամուսնությունից հետո արտագնա աշխատանքի էր մեկնում ՌԴ: Իր հետ մեկնեցինք, սակայն չհարմարվեցինք և վերադարձանք Հայաստան: Բնակվում էինք իր տատիկպապիկի հետ Վայոց ձորի Զառիթափ գյուղում: Ուշադիր ամուսին էր, իր նմանը չկար, ընտանիքին նվիրված էր, դիրքերից օրվա մեջ մի քանի անգամ զանգում էր՝ ի՞նչ եք անում, ո՞նց եք: Երկու որդի ունենք, նաև շատ հոգատար հայր էր»: 2015 թ.-ից Սեյրանն անցնում է պայմանագրային զինծառայության: «Սկզբում երկու տարի ծառայեց Վայքի զորամասում, հետո տեղափոխվեց Քարվաճառի զորամաս, այնտեղ էլ երկու տարի ծառայեց: Նվիրված զինծառայող էր, ծառայության ընթացքում բազմաթիվ պատվոգրերի է արժանացել, պատվոգրի է արժանացել նաև Քառօրյա պատերազմից հետո»:
Ալինան ասում է՝ երբ Սեյրանի տատիկ-պապիկն արդեն վատառողջ էին, ամուսինը Քարվաճառի զորամասից կրկին տեղափոխվեց Վայքի զորամաս, որ ընտանիքին մոտ լինի. «Սկզբում պահում էր Խնձորուտի, հետո Բարձրունու դիրքերը»: Սկսվում է պատերազմը: «Մինչ այդ տղաները 24-25 օր Բարձրունու դիրքերում էին, հոկտեմբերի 9-ին հարցրել էին, թե ով է ուզում գնալ Արցախ, առաջին կամավորագրվողներից էր: Տագրս, իր հորեղբոր տղաներն իր հետ էին: Գումարտակի կազմում տղաները մեկնեցին Ջրական: Ի դեպ, ամենաշատ զոհը մեր Զառիթափ գյուղն է տվել՝ 11 զոհ: Հորեղբորս տղան էլ է զոհվել, իր հուղարկավորության օրն եմ իմացել, որ Սեյրանն էլ է զոհվել: Իրենց գնացած օրը շատ ուժեղ մարտ է լինում Ջրականում: Տղերքին խփում են, իր հորեղբոր տղան էլ է իրենց հետ լինում, Սեյրանը գնում է տղաներին դուրս բերելու, անօդաչուն հարվածում է, Սեյրանի ոտքը կտրվում է: Հետո՝ նորից հարվածներ: Տղաներին դուրս են բերում: Մեքենայով հիվանդանոց տեղափոխելիս Սյունիքի ճանապարհներին Սեյրանը մահանում է: Իրեն փնտրում էինք վիրավորների մեջ: 3 օր փնտրելուց հետո տղաներից մեկը, որն իր հետ շտապօգնության մեքենայի մեջ էր եղել, Սեյրանի եղբորն ասել էր՝ զոհվածների մեջ փնտրիր Սեյրանին, իմ աչքի առաջ է մահացել: Սկսեցինք դիահերձարաններում փնտրել և գտանք Գորիսում: Սեյրանը զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 2-3-ի կողմերը: Ժամը 12-ին իր հետ խոսել էի, հարցեր տվեցի, ասաց՝ շատ հարցեր մի տուր, Ալին, լավ մնացեք, երեխեքիս լավ պահի: Դրանից հետո հեռախոսն անհասանելի դարձավ: Երբ եկավ հաջող անելու, ասացի՝ ինչ կլինի, մի գնա, ասաց՝ ես չգնամ, բա մեր 18 տարեկան երեխեքը ի՞նչ են անելու, ինձ հանկարծ հետ չպահեք: Այնքան կարոտով հաջող արեց, մինչ հիմա այդ պատկերն աչքիս առաջ է: Գիտեր, թե ուր է գնում»:
Իսկ հիմա կյանքը շարունակվում է, ընտանիքի ուժի աղբյուրը Սեյրանի երկու որդիներն են: «Հիմա ինձ իմ երեխաներն են ուժ տալիս: Սկզբում շատ ծանր հոգեվիճակում էի, բայց նայում էի իրենց ու մտածում՝ ախր, Սեյրանը հանուն մեզ գնաց, հանուն հայրենիքի, այնքան ուժեղ պետք է լինեմ, որ տղաներիս պահեմ: Բացի դա, իր ընտանիքն ինձ թև ու թիկունք է, ուշադրությամբ եմ շրջապատված, գիտեմ, որ մենակ չեմ: Շնորհակալ եմ իրենց, որ իմ կողքին են: Առանց Սեյրանի շատ դժվար է, կարոտում եմ իրեն, անընդհատ խոսում եմ իր հետ, անընդհատ սպասում իր զանգին, բայց զանգ չի տալիս: Պատերազմից հետո, երբ տղաները դիրքերից իջնում էին, սպասում էի, որ Սեյրանն էլ դիրքերից կիջնի, բայց հետո հասկացա, որ էլ տուն չի գալու»:
Հ. Գ. - Սեյրան Ղարիբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է Զառիթափում, գյուղի 11 զոհերի համար պանթեոն է կառուցվել:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում