«Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերն արհամարհող գլոբալ ուժերն իրենց ներկայացուցիչները չունենային մեր երկրում». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօր «բանակցություններ» կոչվածի ընթացքում իրականացվում են Ադրբեջանի երազանքները. «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ նման իրավիճակի մասին Ադրբեջանը մինչև 2020 թվականի պատերազմն անգամ չէր էլ կարող երազել։
«Բանակցություններն առհասարակ պետք է ինչ-որ չափով բավարարեն կողմերին, բայց մենք բանակցությունների մասին չենք կարող խոսել. Հայաստանի թրքամետ իշխանությունն ուղղակիորեն գաղտնի է պահում, թե ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող «խաղաղության պայմանագրի» շրջանակում։ Սա ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն հակահայկական թեզեր են առաջ տանում։ Իսկ պաշտոնական Բաքուն ավելի բաց է այդ առումով։ Շատ պարզ նշում են, որ ՀՀ-ի հետ ոչ թե բանակցում են, այլ ՀՀ-ին պարտադրում են ի կատար ածել բոլոր այն թեզերը, որոնք իրենք առաջ են քաշել 44-օրյա պատերազմից հետո»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները բանակցություն որակելը ճիշտ չէ։
«Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողին ընդամենը կանչում են Վաշինգտոն կամ այլ մայրաքաղաք, ասում՝ նստիր ու լսիր, թե ինչ է ասում Բայրամովը, որ ընդունես նրա բոլոր պահանջները։ Բացի այդ, կապիտուլ յանտ, թուրքի դեմ ծնկած որևէ մեկը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն ծնկի բերած, պարտության մատնածի հետ ու հասնել ինչ-որ դրական արդյունքի։ Պատերազմից հետո վերջին մոտ 3 տարի ցույց տվեց, որ կապիտուլ յանտ Նիկոլը Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տանում է կործանման և էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ թե բանակցություն, այլ իրականում Հայաստանին նոր, ավելի համապարփակ և ավելի խայտառակ կապիտուլ յացիայի պարտադրում է, որի հետևանքը ՀՀ-ի պետականության կործանումն է լինելու»,-նշեց Գ. Համբարյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ օրեցօր ավելի սաստկացող հռետորաբանությանն ու գործողություններին՝ նա հավելեց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա հուլիսի 9-ին այն հստակ արտահայտեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Բերձորի միջանցքը բացելու հորդորներն ու կոչերը՝ Բայրամովն, ըստ էության, ասաց, որ իրենք արհամարհում են բոլոր կենտրոններից հնչած կոչերն ու իրենց ազգային շահերից ելնելով են գործում, ինչը բնական է։ Եթե աշխարհի որևէ պետություն առաջնորդվի այս կամ այն մայրաքաղաքից, միջազգային կառույցներից հնչող կոչերով, ուրեմն կա՛մ պետություն չէ, կա՛մ այդ պետությունը կոչեր հնչեցնող մայրաքաղաքների համար շատ արագ գործիք է դառնում՝ գնալով ինքնալուծարման և ինքնակործանման։2023-ի փետրվարին Ադրբեջանը նաև ցույց տվեց, որ թքած ունի ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշման վրա, թքած ունի Բրյուսելից, Մոսկվայից, Թեհրանից, Վաշինգտոնից, Նյու Յորքից հնչող կոչերի վրա։ Մինչդեռ կապիտուլ յանտ Նիկոլը, ՀՀ ընտրողների 25-26 տոկոսից մանդատ ստանալով և իրեն «ժողովրդի կողմից ընտրված ղեկավար» հռչակելով, Հայաստանին տանում է ինքնակործանման, որովհետև նա չի կարող ուղղակիորեն լուծել ՀՀ և ԱՀ դեմ ծառացած խնդիրները։ Ավելին՝ տարբեր միջազգային հարթակներում Փաշինյանն առաջինը հենց ինքն է հանդես գալիս հակահայկական, հակահայաստանյան ու հակաարցախյան կոչերով ու դիրքորոշումներով։
Այնպես որ, երբ մեր հասարակությունը վրդովվում է Եվրոպայից, Ռուսաստանից, թող տեսնի, թե առաջինն ով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ով է հայտարարում, որ «Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք է ներառում»։ Որևէ մայրաքաղաքից այս թվերի մասին հայտարարություն լսե՞լ եք։ Մենք պրոադրբեջանական թեզերն առաջինը հենց Երևանից ենք լսում»։ Քաղաքագետն այս համատեքստում պատահական չհամարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կապված՝ վերջերս տարածված տեղեկությունը։ «Ինչպես հասկացա, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «դաբրոյով» էր իր հնչեցրած մտքերի վերաբերյալ արտահոսք եղել, որը Ելիսեյան պալատը չհերքեց։ Ըստ տեղեկությունների, Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա, ըստ էության, հայտարարել էր, որ շատ դեպքերում ավելի հայամետ դիրքորոշումներով է հանդես գալիս, քան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Սա նշանակում է, որ, այո, եթե դավաճանը, ազգադավը տնից է, ոչ ոք չի կարող դրական բան անել, հօգուտ մեզ քայլ անել։ Այս պարագայում կոնկրետ Հայաստանի դեմ գործում է Ալիև-Նիկոլ-Էրդողան տանդեմը։
Մեր տարածաշրջանում թուրքադրբեջանական տանդեմն իր քաղաքականությունը ՀՀ-ի դեմ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի անմիջական և ակտիվ մասնակցությամբ։ Եթե ՀՀ բնակչությունը չի հասկացել, թե Արցախն ինչու հայտնվեց բլոկադայի մեջ, ապա նշեմ, որ առաջնայինը ոչ թե ռուսները, այլ նույն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն էր պատճառը, որը Պրահայում, փաստացիորեն, սեպարատ, գաղտնի ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն Ադրբեջանին թույլ տալով փակել Բերձորի միջանցքը։ Եթե ՀՀ իշխանությունները փաստացի չճանաչեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակելու իրավական որևէ հիմք չէր կարող ունենալ։ Քանի որ ՀՀ կապիտուլ յանտ վարչակազմն իր պարագլխի հետ ճանաչել են Ադրբեջանը՝ 86 հազար 600 քառակուսի կմ տարածքով, սա նշանակում է, որ Ադրբեջանն իրավասու է Նիկոլի կողմից ճանաչված հայ-ադրբեջանական սահմանին անցակետ դնել։ Սա պարտադիր է, եթե երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները»,-նշեց Համբարյանը՝ շեշտելով, որ այստեղ այլ խնդիր կա։
«Եթե կապիտուլ յանտ Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը նման հայտարարությամբ հանդես չի եկել։ Ադրբեջանը չի ասել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նաև միամտություն է կարծել, որ Ադրբեջանը երբևէ խաղաղ մեթոդներով դուրս կբերի իր զորքերը 2020-ից հետո ՀՀ վրա երեք ռազմական հարձակման արդյունքում օկուպացրած տարածքներից, ինչպես նաև վերջերս Տեղ գյուղի մոտ հանձնված տարածքներից։ Մեծ հաշվով՝ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Հաշվի առնելով թե՛ ՌԴ-ի, թե՛ միջազգային մի շարք արձագանքներ, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը, կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող հողատուն, սեփական իշխանությունը վեր դասելով ազգային ու պետական շահերից, ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ վերջնականապես ստորագրի հերթական խայտառակ կապիտուլ յացիան, որի հետևանքները շատ աղետալի են լինելու Հայաստանի համար»,-ընդգծեց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ Փաշինյանին Հայաստանում իշխանության է բերել հենց Արևմուտքը. «Նրան իշխանության են բերել ավելի գլոբալ հարցեր լուծելու համար, քան մենք պատկերացնում ենք։ Արևմուտքի համար Արցախն ընդամենը մանրադրամ է, որովհետև Արևմուտքում լավ գիտեն ՌԴ-ի արտաքին քաղաքականության թույլ կողմերը։ Լավ գիտեն, որ, լինելով ժուժկալ պետություն, ՌԴ-ն գումար չի ծախսում իր պետական ու ազգային շահերն առաջ տանելու համար և իր դիրքերը տարբեր պետություններում պահպանում է ազգամիջյան կոնֆլիկտների շնորհիվ։ Ու եթե կոնֆլիկտները չկան, չկա նաև ՌԴ-ի ներկայություն։ Արևմուտքն այդ ծրագիրը ժամանակին իրականացրեց Վրաստանում, և 2008-ին Ռուսաստանն ուղղակիորեն վտարվեց Վրաստանից, Վրաստանն էլ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան։ Հիմա Արևմուտքն ուզում է նույնն անել Հայաստանում՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելով՝ հայաստանյան հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված պատերազմի մեջ մեղադրել Ռուսաստանին ու շատ կարճ ժամանակահատվածում վտարել ռուսական ռազմաբազան։
Կարճ ասած՝ չկա Արցախյան հարց, չկա ՌԴ ներկայություն արդեն ամբողջ Հարավային Կովկասում։ Բայց Ռուսաստանը քայլ ձիով արեց, կողմերին պարտադրեց զինադադար կնքել։ Մյուս կողմից՝ ռուսները սխալ էին մտածում, երբ կարծում էին, թե Նիկոլն իր իշխանությունը փրկելու համար պետք է շնորհակալ լինի իրենցից։ Ռուսները չմտածեցին, որ նույն Արևմուտքը, որը 2018- ին Նիկոլին թավշյա հեղափոխության անվան տակ բերել էր իշխանության, բացի պլան «Ա»-ից, ուներ նաև պլան «Բ», պլան «Գ»»: Գագիկ Համբարյանը շեշտեց՝ բազմիցս է ասել, որ 2020-ից հետո հակառուսական տրամադրությունների հրահրումը Հայաստանում ու Արցախում ավելի են սաստկանալու։
«Վառ օրինակներից մեկը հասարակությանը տարբեր միջոցներով համոզելն էր, որ Ռուսաստանը չի կատարում դաշնակցային պարտականությունները, թույլ միջնորդ է։ Թեզերի մեջ իրականություն կա, բայց Նիկոլի իշխանությունն այդ թեզերը բազմաթիվ կեղծիքներով ու մանիպուլ յացիաներով էր հրամցնում հասարակությանը։ Նիկոլի տերն Արևմուտքն է, որը բացահայտ ցույց է տալիս, որ իրենք կողմ են, որ Արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվի, և այդ առումով պարտադրում են Նիկոլին։Այդ մասին են վկայում թե՛ Տոյվո Կլաարի, թե՛ Շառլ Միշելի բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի վերջին հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ։ Ինչպես հայտնի է՝ Արցախյան հարցի լուծման 2 առաջարկ է եղել՝ ռուսական և արևմտյան։ Ռուսական տարբերակով առաջարկվում է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ Արցախյան հարցը թողնելով հաջորդ սերունդներին։
Արևմտյան տարբերակով առաջարկվում էր համապարփակ կապիտուլ յացիոն ակտ, համապարփակ նվաստացում բոլոր ձևաչափերով, իսկ նպատակը ռուսներին տարածաշրջանից դուրս շպրտելն է։ Փաշինյանը երկրորդն է ընդունել, և պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդես եկավ պրոադրբեջանական թեզերով՝ հայտարարելով, թե «հավատում և հուսով են, որ ԼՂ հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։ Սա իրականում խաբկանք է, Արցախում մնացած 120 հազար հայերին ցեղասպանության ենթարկելու ծրագիր։ Ամեն դեպքում, այս ամենը հնարավոր չէր լինի, եթե Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերն արհամարհող գլոբալ ուժերն իրենց ներկայացուցիչները չունենային մեր երկրում՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում։ Խոսքն իշխանությունների մասին է։ Ինչպես ասում են՝ «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»։ Եթե դավաճանը ներսից չլինի, ոչ ոք երկիրն ինքնակործանման տանել չի կարող»,-եզրափակեց քաղաքագետը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում