«Մեր երթևեկությունն ունի և՛ իրավական, և՛ տեխնիկական կարգավորումների խնդիր, գործ ունենք պետական կառավարման վատ որակի հետ». «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Ճանապարհատրանսպորտային պատահարները դարձել են օրվա լրահոսի անբաժան մասը: Օր չկա, որ պատահար չլինի, ավաղ, շատ են նաև մահվան ելքով վթարները: Հատկապես մահվան ելքով վթարների դեպքում մեկ-երկու օր կխոսվի, թե ինչ չի արվել, ինչպես պատահեց, գուցե անգամ քրեական գործ հարուցվի, իսկ օրեր անց սա կդառնա հնացած լուր, և դրա մասին գուցե կհիշեն այն ժամանակ, երբ կրկին մեծամասշտաբ վթար տեղի կունենա: Ասֆալտապատ ճանապարհներ, պարեկային ոստիկանություն, ԱՊՊԱ համակարգի ներդրում, բալային համակարգ և այլն: Այս բոլոր փոփոխությունները, ըստ դրանք իրականացնողների, միտված էին կտրելու վթարների շղթան, բայց մեր ունեցած պատկերն այլ բանի մասին է վկայում: Իրավաբան Մհեր Հակոբյանն ասում է՝ ունենք շատ բարդ համակարգային խնդիր, որը հանգում է պետական կառավարման որակին:
«Մեր պետությունը վատ է կառավարվում: Այդ վատ կառավարումը տեսնում ենք բոլոր ոլորտներում: Այդ վատ կառավարման մի մասնավոր մասը տեսնում ենք ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում: Պարեկային ծառայությունն, ըստ էության, հաջողություն է գրանցել միայն կոռուպցիայի՝ մի քիչ կանխարգելման հարցում: Պետք է ընդունենք, որ պարեկները չեն վերցնում գումար այնպես, ինչպես նախկին ճանապարհային ոստիկանները: Բայց ունենք ծառայողական որակի, օրենսդրական կարգավորումների, իրավակիրառության և իրավակարգավորման խնդիր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Վերջին նկատառման՝ իրավակարգավորման վերաբերյալ մանրամասնում է. «Մեր երթևեկությունն ունի կարգավորման խնդիր, որը հանգում է և՛ իրավական, և՛ տեխնիկական կարգավորումների: Օրինակ՝ գծանշումները վատն են, մաշված են, ճանապարհների վիճակը տեխնիկապես վատ է, իսկ իրավական մասում ունենք կարգավորումներ, որոնք հաճախ անտրամաբանական են, ձևական են, հանգում են ոչ իրական պահանջների: Այս պահին ունենք քարսիթի խնդիր, այն պարտադիր է բոլորի համար, բայց հիմնականում հատկապես այն մեքենաներում, որոնք ամեն օր օգտագործվում են կենցաղում, քարսիթ չունեն: Ունենք նաև անտրամաբանական կարգավորումների խնդիր, օրինակ՝ ամրագոտու պարտադիր կրումը Երևանի պայմաններում, երբ խցանումներ են ու դանդաղ երթևեկություն»,-նշում է մեր զրուցակիցը:
Ընդգծում է՝ բոլոր խնդիրները թաքնված են կառավարման որակի մեջ: «Եթե այդ որակը դրական եղավ, այն դրական կդարձնի կոնկրետ երևույթի արտացոլումը, օրինակ՝ կունենանք ավելի որակյալ ճանապարհ, տրամաբանական կարգավորումներ: Մեկնաբանում են, որ հայերը չեն սիրում օրենքին հետևել, համաձայն չեմ: Ուղղակի հային օրենքը չպետք է պարտադրես, այլ նա ներքուստ պետք է վստահ լինի, որ դա իրեն պետք է և այդ կարգավորմանը կհետևի: Օրինակ՝ Երևանում միջին արագությունը 30-40 կմ/ժ է, այն էլ այս շոգին ստիպում են մարդկանց ամրագոտի կապել, սա տրամաբանակա՞ն կարգավորում է: Դժվա՞ր է այնպես անել, որ այն տեղերում, որտեղ արագությունը X-ից բարձր է, պարտադիր լինի ամրագոտիով մեքենա վարելը: Մեկ այլ խնդիր է ԱՊՊԱ-ի ոլորտը: Որպես գաղափար այն լավն է, բայց կիրառման մեջ կարգավորումները թերի են արվել՝ հօգուտ ապահովագրական խոշոր ընկերությունների և ի վնաս վարորդների: Մասնավորաբար, պրոբլեմները հանգում են բոնուսմալուս համակարգի անարդար կարգավորմանը, առանձին խնդիր է վնասի գնահատումը և այլն»,-հավելում է իրավաբանը:
Հակոբյանն ասում է՝ իր խոսքում պարեկներին ուղղված դրական կարծիք հնչեց, սակայն համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հեղափոխական փոփոխություն եղավ նրանց հայտնվելով: «Հսկայական ծախս արվեց՝ համազգեստ, մեքենաներ, բարձր աշխատավարձ: Իմ համեստ կարծիքով, սակայն, դրա օգտակար գործողության գործակիցը բավականին ցածր է»,-նշում է մեր զրուցակիցը: Իրավաբանի կարծիքով, 2018 թ.-ին հասարակության լայն շերտերի աջակցությամբ իշխանության եկած մարդիկ կորցրել են կապը հասարակության հետ: «Երբ ինչ-որ ոլորտում ռեֆորմ են անում, չեն լսում այդ ոլորտի հասարակական թևի ներկայացուցիչներին: Ես այս ոլորտի իրավաբան եմ, հսկայական պրակտիկա ունեմ, երբ ոստիկանությունը ռեֆորմ է անում, ինչո՞ւ բաց քննարկումների չի կանչում այդ ոլորտի մասնագետներին, փաստաբաններին: Նման քննարկումներ և հանդիպումներ չեն կազմակերպվում: Մեր իշխանություններն աստիճանաբար վերածվեցին փակ ռեժիմի»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում