«Կինոն արհեստ դարձնելու իրավունք չունենք». լույս է տեսել «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա միջոցառումների ծրագրի շրջանակներում ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով լույս է տեսել «Ժամանակակից երիտասարդական ֆիլմերի դրամատուրգիական հիմքը» գիրքը: Այն անդրադառնում է հայ ժամանակակից ռեժիսորների ֆիլմերի դրամատուրգիային, առկա խնդիրներին և այլն։ Հեղինակը Վովա Արզումանյանն է, խմբագիրը՝ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հեղինակը մեզ հետ զրույցում ասում է՝ այն ժամանակակից հայ կինոյին անդրադարձող միակ գիրքն է:
«Մասնագիտությամբ թատրոնի և կինոյի դրամատուրգ եմ: Տեսնում էի նման ուսումնասիրության բացը, բայց ժամանակի սղության խնդիր ունեի: Իմ վարպետի՝ պրոֆեսոր Դավիթ Մուրադյանի հետ անընդհատ քննարկում էինք ֆիլմերի դրամատուրգիական կառույցը: Եթե Հայաստանում այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվում ֆիլմի դրամատուրգիային, ապա արտերկրում մեծ ճանաչում ստացած, որակյալ ֆիլմերի պարագայում տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է: Հենց սա մղեց գիրքը գրելուն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մեր զրուցակիցը:
Գրքի ուսումնասիրության դաշտում են հայտնվել վերջին 4-ից 6 տարիներին նկարահանված ֆիլմերը: «Փորձում էի բոլոր ֆիլմերն առավել մեծ ուշադրությամբ դիտել: Կինոարտադրությունը բավականին ակտիվ է, բայց շատ են նաև խոտանները: Ֆիլմերը դիտելուց հետո ինձ համար առանձնացրեցի նրանք, որոնց մասին արժի խոսել, դրանք օրինակ բերել: Դրա արդյունքում էլ ընտրեցի ֆիլմերը, ի դեպ, հատկապես վավերագրության մեջ ընդգրկված են նաև ուսանողների ֆիլմեր: Կարևոր է գիտակցել, որ երիտասարդությունը կարող է ավելի շատ գեղագետ լինել կինոյում, քան, ասենք, մեծ փորձ ունեցող ռեժիսորները, շատերի ֆիլմերը ո՛չ կարողանում են կինոդիտողի ուշադրությունը գրավել, ո՛չ էլ փառատոնային հաջողություն ունենալ: Գրքում ուսումնասիրել եմ մի քանի ֆիլմի ժանրային առանձնահատկությունները:
Ժամանակակից կինոն ժանրային խառնուրդի է ենթարկվում, և ժանրերը շատ դժվարությամբ կարելի է տարբերել: Փորձել եմ խոսել նաև պոեզիայի էկրանավորման մասին, ինչպես է պոեզիան էկրան բարձրանում և դառնում կինոնյութ: Անդրադարձել եմ ժամանակակից կինոարտադրության բաղադրիչներին՝ ընդգծելով խոսքի առանձնահատկությունը: Շատ ափսոսում եմ, որ գրականություն-կինո փոխառնչությունները լավ մակարդակի վրա չեն, որովհետև շատ հաճախ գրականությունից կինո գնացող այս շառավիղը մաշվում է: Բարդ է գրականությունը կինո դարձնելը, դա դրամատուրգիական շատ լավ հմտություններ է պահանջում»,-ընդգծում է գրքի հեղինակը:
Նա չի անտեսել նաև անիմացիոն ու վավերագրական ֆիլմերը. «Ունենք հրաշալի վավերագրական ֆիլմեր, որոնք պետք է բոլորը տեսնեն: Մշտապես զարմանում եմ, երբ ասում են, որ վավերագրական ժանրը չսիրող մարդիկ կան: Վավերագրությունը համարում եմ կյանքի հանդեպ ըմբռնում՝ կա այն, ինչ ներկայացնում ես ֆիլմում»: Հեղինակի խոսքով, գիրքն ավելի շատ գրված է էսսե-մենագրության ժանրով, դրանում գիտական հիմնավորումներ չկան: «Գիրքը գրված է մարդու կողմից, որը տեսնում է ինչ-որ խնդիրներ և վերլուծում դրանք: Սա ինչ-որ քննություն է ստացվում ժամանակի մեջ, որովհետև այն թույլ է տալու սկսնակ ռեժիսորներին, պրոդյուսերներին և կինոլորտում գործունեություն ծավալող մարդկանց տեսնել, թե ինչ ունենք և ինչը չի կարելի կրկնել, ինչ թեմատիկ բազմազանություն ունենք, ինչ կառուցվածքային նրբություններ կան, որոնք հաջողում են կամ հակառակը և այլն:
Ոչ թե քննադատական տեսանկյունից եմ մոտեցել այս ամենին, այլ փորձել եմ իմ գիտելիքները ծառայեցնել ընդհանուր գաղափարին, ոչ թե սյուժե պատմել, այլ վերլուծել խնդիրներն այլ տեսանկյունից: Իր խորհուրդներով ինձ մեծապես օգնել է իմ վարպետը: Գրքում միասին մի բաժին ունենք՝ «Արվեստը չի պարտվում». սա հենց նրա խոսքերն են: Այդտեղ խտացված են մեր երկխոսությունները: Վարպետի հետ զրույցները մի կարևոր ընթացք են: Իր փոխանցած գիտելիքների շնորհիվ ինքս ինձ համար շատ բաներ եմ բացահայտում»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Շեշտում է՝ մեր օրերում ոմանք կինոյին մոտենում են որպես արվեստ՝ գեղագիտություն ստեղծելով, իսկ ոմանք էլ, ավաղ, որպես արհեստ: «Կինոն արհեստ դարձնելու իրավունք չունենք: Այն արվեստ է, դրա սահմաններում էլ պետք է մնա»,-նշում է Վովան:
Արդյոք ֆիլմը կհետաքրքրի լայն շրջանակներին, թե՞ միայն նեղ մասնագիտացում ունեցողներին: «Այս հարցին անդրադառնալիս մեկ օրինակ բերեմ: Երբ կինոդիտողները և ռեժիսորը քայլում են ինչ-որ ճանապարհով, և մի կետում կինոդիտողը կանգ է առնում, ռեժիսորն էլ նրա հետ, այդ ֆիլմը երբեք չի կարող հետաքրքիր լինել:
Ռեժիսորն ավելի առաջ պետք է գնա, քան մեր պատկերացրածն է: Այս գիրքը կօգնի կինոդիտողներին դիտել հայ երիտասարդ կինոռեժիսորների ֆիլմերը: Գրքում կան այնպիսի ֆիլմեր, որոնք լայն շրջանակներին հայտնի չեն, քանի որ, օրինակ՝ միայն փառատոնների են ներկայացվել: Նրանք, անխոս, նոր անուններ կգտնեն»,-եզրափակում է Վովա Արզումանյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը՝ որպես դրամաշնորհը շահող կողմ, գիրքն ուղարկել է Ազգային ու մարզային գրադարաններին, արվեստի բուհերին ու քոլեջներին՝ այս կերպ այն հասանելի դարձնելով բոլորին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում