Արա Գևորգյանը ցեղասպանության տարելիցին նվիրված նոր երգեր ունի
CultureԵրաժիշտ, երգահան Արա Գևորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր ստեղծագործություն է ձայնագրել և դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել: Ստեղծագործությունը և տեսահոլովակը հայերեն և անգլերեն տարբերակներով են՝ «Կանք ու կլինենք» և «Remember» անուններով համապատասխանաբար: Գևորգյանի խոսքով՝ երկու երգերն ընդգրկվել են «Սև ապրիլ» նախագծում, իսկ դրանց տեսահոլովակները հանրությանը կներկայացվեն ապրիլի 24-ին:
«Երգերը ձայնագրվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ. ֆանտաստիկ ձայնագրություն է: Շնորհակալ եմ մեծ մաեստրո Հովհաննես Չեքիջյանին և իմ սիրելի Էդուարդ Թոփչյանին՝ ձայնագրման համար: Նրանք անշահախնդիր կերպով կազմակերպեցին մեր ձայնագրությունը: Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, իսկ հայերեն տեքստի հեղինակը Լևոն Բլբուլյանն է: Երգի մեջ շատ կարևոր ուղերձ կա»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արա Գևորգյանը:
Պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ Դանիել Դեքերը, ով համագործակցել է Գևորգյանի հետ, ՀՀ քաղաքացիություն ստանալու ցանկություն ունի: Փաստում է՝ թեև ծնունդով հայ չէ, բայց ընտրությամբ ինքն իրեն հայ է համարում: «Շուտով Հայաստանի քաղաքացիություն կունենամ և շատ հպարտ եմ: Երբ Արա Գևորգյանի «Մուշ» երգի համար բառեր էի գրում, առաջին անգամ իմացա ցեղասպանության մասին: Այնուհետև լսեցի «Ադանա» կատարումը և այն հրաշալի էր»,-նշեց երգիչը, ով լրագրողների համար նաև կատարեց «Կիլիկիա» ստեղծագործությունը:
Բացի այդ, Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ձայնագրվել է 15 լեզուներով և կներկայացվի մեկ ամբողջական ձայնասկավառակի տեսքով: Երգը կատարում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Արա Գևորգյանի խոսքով՝ ձայնասկավառակն այս օրերին պատրաստ կլինի: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր:
Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: